ՀԱԿ-ը էլեկտրաէներգիայի սակագնի հարցով արտահերթ քննարկում է կազմակերպում. թանկացումն արվում է ՀԷՑ-ի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն  այսօր ասուլիսի ընթացքում անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցին և ներկայացրեց այս ուղղությամբ ՀԱԿ-ի հետագա անելիքները: Նախ Լևոն Զուրաբյանը նշեց, որ հաշվարկներ են կատարվել, ըստ որի 17 դրամից 15 դրամ թանկացումն,  ըստ էության, արվում է ՀԷՑ-ի համար:

«Սա նշանակում է, այս թանկացումն արվում է մեկ նպատակով, փակել ՀԷՑ-ում կուտակված 250 մլն դոլարի պարտքը», – նշեց Զուրաբյանը, հավելելով, որ այս կերպ իշխանությունները ոչ թե թալանին վերջ են դնում, այլ պահպանում են:

«Սա նշանակում է, որ ապագայում կրկին կունենանք պարտքերի կուտակում, որը հետագայում կրկին կհանգեցնի թանկացումների: Մեր ժողովուրդն ուղղակի սարսափահար է այս գների թանկացման պատճառով, մտածում են, թե ինչպես կկարողանան այլևս էլեկտրաէներգիա օգտագործել», – հավելեց նա:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ այս հարցով փորձ է արվում հասարակության մեջ անհանդուրժողականության մթնոլորտ ձևավորել: Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ցանկանում են արտահերթ քննարկում անցկացնել, որտեղ կորոշվի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:




Լրահոս