ՊՆ պարզաբանումը՝ Չենք լռելու-ի տեսանյութի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել Նուբարաշենի զորամասի ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի մասին ,Չենք լռելուե երիտասարդական նախաձեռնության լրատվական ծառայության նոյեմբերի 5-ին տարածած հաղորդագրության առնչությամբ, որում ասվում էր, թե Արթուր Քոչարյանը ծառայության ժամանակ հիվանդացել է արյան սուր հիվանդությամբ, որն ախտորոշվել է մեկ ամիս ուշացումով, իսկ ՊՆ-ը բուժման ծախսերը հոգալու փոխարեն նրան վաղաժամ զորացրել է։
 
ՊՆ պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.
 
“Համացանցում “Չենք լռելու” նախաձեռնության տարածած տեսահոլովակում Տավուշի մարզի Սևքար գյուղի բնակիչ Ռոմիկ Քոչարյանը և նրա կինը՝ պատմում են իրենց զինծառայող որդու հիվանդության և “ՊՆ-ի կողմից ցուցաբերված խայտառակ վերաբերմունքի մասին”:
 
Լիովին կիսելով ծնողների ցավն ու մտահոգությունը, և ըմբռնումով մոտենալով նրանց, առանց միջոցների մեջ խտրականություն դնելու, հուսահատ քայլերին, որով բարձրաձայնում են խնդիրը և փնտրում ելքեր՝ որդուն օր առաջ ապաքինված տեսնելու համար՝ տեղեկացնում ենք, որ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի հետազոտման և բուժման նպատակով, ՀՀ պաշտպանության նախարարության պատկան բոլոր օղակները գործել են զինծառայողների սոցիալական ապահովության օրենսդրությանը համապատասխան և ձեռնարկել սպառիչ քայլեր:
 
Ինչպես Ա. Քոչարյանի, այնպես էլ՝ յուրաքանչյուր զինծառայողի համար անվճար, որակյալ բուժօգնությունը կազմակերպվում է միայն Հայաստանում՝ ՊՆ գերատեսչական բուժհիմնարկություններում, հարկ եղած դեպքում՝ ՀՀ տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում` համապատասխան մարմինների միջոցների հաշվին` բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ, որի կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (ՀՀ օրենքը զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին, հոդված 33):
 
Ինչ վերաբերում է հետագա բուժման ծախսերին, ապա ՀՀ պաշտպանության նախարարությունն իր իրավասության սահմաններում օժանդակում է դրան: Արթուր Քոչարյանի հիվանդության ախտորոշումից հետո ՀՀ ՊՆ բուժծառայությունը շուրջ երկու ամիս հավուր պատշաճի կազմակերպել է զինծառայողի ստացիոնար վերահսկողությունն ու բժշկական օգնությունը: Ցավոք, հայտնի դրդապատճառներով, հերթական անգամ մարդկանց ցավին տրվող հնչեղությունը միտումնավոր ուղղորդվում է՝ հասարակության շրջանում զինված ուժերի հանդեպ բացասական վերաբերմունք ձևավորելունե:




Լրահոս