Հուլիսի 2-ից 4-ը մայրաքաղաքում կայանալիք Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարի շրջանակում կանցկացվի 18 միջոցառում, որոնք կհամախմբեն ավելի քան 2000 բուժաշխատողների աշխարհի տարբեր անկյուններից:
ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված համագումարի կազմկոմիտեի հերթական նիստում համագումարի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ կայանալիք սաթելիտային սիմպոզիումներից ամենալայնածավալ անդրադարձը կկատարվի սրտաբանությանը:
«Սրտաբանության երեք ուղղություններով մասնակցության ամենամեծ ակտիվությունն է կանխատեսվում: Եթե մյուս ոլորտներում սաթելիտային սիմպոզիումների համար հատկացված է մեկ օր, ապա սրտաբանությանը նվիրված երեք միջոցառում տեղի կունենա»,- նշեց Բաբլոյանը:
Համագումարի կազմկոմիտեի անդամ Մկրտիչ Ավագյանը տեղեկացրեց, որ հուլիսի 2-ին նախաեսված են պլենար զեկույցներ նվիրված ինվազիվ սրտաբանությանը, հուլիսի 3-ին մասնագետները աշխատանքները կշարունակեն «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում, իսկ հուլիսի 4-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անդրադարձ կկատարվի կոնսերվատիվ սրտաբանությանը:
Սրտաբանությանը նվիրված նման ընդլայնված քննարկում կազմակերպելու նախաձեռնությունը պատկանում է Ռուսաստանի Դաշնության բժշկագիտության ակադեմիայի Ա.Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ռենտգեն-ներանոթային ախտորոշման և բուժման բաժնի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության բժշկագիտության ակադեմիայի իսկական անդամ պրոֆեսոր Բագրատ Ալեքյանին:
«Նա ամեն տարի համախբում է սրտաբանության ոլորտի առաջատար մասնագետներին Մոսկվայում և հենց նրա առաջարկով այս մասնագետներն այս տարի կժամանեն Հայաստան և հայ գործընկերների հետ կքննարկեն մասնագիտական մի շարք հարցեր»,- ասաց Ավագյանը:
Սաթելիտային սիմպոզիումի ընթացքում սրտաբանները լայնորեն կներկայացնեն մեր երկրում 2015 թվականի հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատությունների` կյանք փրկող ծրագիրը, դրա հաջողություններն ու ռիսկերը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ամփոփելով խորհրդակցությունն, ընդգծեց, որ սրտաբանությունը մեր առողջապահական համակարգի ամենազարգացած և հեռանկարային ուղղություններից մեկն է, իսկ մեկնարկած ծրագիրն ունի սոցիալական լուրջ նշանակություն:
Չորս տարին մեկ Հայաստանում անցկացվող Միջազգային բժշկական համագումարի շրջանակում նախատեսվում է միջազգային ճանաչում ունեցող փորձագետների և առողջապահության ոլորտի մասնագետների, ինչպես նաև աշխարհասփյուռ հայ բժիշկների և բուժքույրերի մասնակցությունը: Այս համագումարի ընթացքում անդրադարձ կկատարվի ընդհանուր բժշկությանը, դեղաբանությանը, բուժքույրական գործին, նյարդաբանությանը, ստոմատոլոգիային, սրտաբանությանը, գենետիկային, ինչպես նաև այլ ոլորտներին վերաբերող բազում թեմաների: Մասնագետների ուշադրության կենտրոնում կլինեն նաև հանրային առողջությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ գործում է նաև համագումարի պաշտոնական կայքը` www.4imca.am: