Armenian text to speach

«Սխալ է, որ նշում են, թե պացիենտին չեն ընդունել»․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացնում Արմավիրում հոր և որդու դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էին Արմավիրի երկու բնակիչ՝ հայր և որդի, որոնց կեցության ծանր պայմանները և գրեթե ամբողջովին հյուծված վիճակը մտահոգություն էին առաջացրել հանրության շրջանում։

Տեսանյութի տարածումից հետո տեղեկություններ տարածվեցին, որ նրանց տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոն։ Միաժամանակ, համացանցում և տարբեր շրջանակներում տեղեկություններ էին շրջանառվում, թե բժշկական կենտրոնում նրանց չեն ընդունել կամ դուրս են գրել՝ պատճառաբանելով, թե նրանցից հոտ է գալիս։

Դեպքի վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանի հետ։

Նրա խոսքով՝ տարածված տեղեկությունները, թե պացիենտին չեն ընդունել, չեն համապատասխանում իրականությանը։ Մարիամ Ծատրյանը մանրամասնել է, որ հայրն ու որդին Արմավիրի բժշկական կենտրոնում ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և հետազոտություններ։

«Սխալ է, որ նշում են, թե իբրև պացիենտին չեն ընդունել։ Հորը և որդուն ընդունել են նախ Արմավիրի ԲԿ-ում, պետական պատվերի շրջանակում անցել են անհրաժեշտ հետազոտությունները, ստացել են առաջնային բուժօգնություն։ Հայրը ստացիոնար բուժօգնության կարիք չի ունեցել, այլ ունի խնամքի կարիք, ուստի հիվանդանոցում մնալու անհրաժեշտություն չի եղել և դուրս է գրվել։ Իսկ որդու վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Երևանյան բուժկենտրոն են տեղափոխել, վերակենդանացման բաժանմունքում է, ստանում է անհրաժեշտ բուժօգնություն»,– ArmLur.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։

Նանիկ Աղասյան




Լրահոս