ԽԱՄԱՃԻԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության նոյեմբերի 21-ի նիստում դատավոր Սամվել Մարդանյանը հրապարակեց նախօրեի նիստում Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ Գեւորգյանի եւ Արմինե Ղասաբողլյանի միջնորդության վերաբերյալ իր որոշումը: Պաշտպանները միջնորդել էին դատափաստաթղթաբանական փորձաքննության ենթարկել Ա. Նազարյանի մահվան դեպքից հետո «Ղոզլու» մարտական հենակետի զինծառայողներին Բերդի ռազմական ոստիկանություն (ՌՈ) տեղափոխելու, նրանց այնտեղ անազատության մեջ պահելու հետ կապված փաստաթղթերը՝ մեկուսացման գրությունները, զորամասի հրամանների գիրքը եւ ռազմական ոստիկանության գրանցամատյանը: Պաշտպանները լուրջ կասկածներ ունեն, որ այդ զինծառայողներն իրականում զինվորական ծառայության կանոնների խախտում թույլ չեն տվել, որ կարգապահական տույժի ենթարկվեին, իրականում նրանք ՌՈ են տարվել Նազարյանի մահվան դեպքի հետ կապված:  Դատարանում ցուցմունք տված ամբաստանյալ եւ որպես վկա հանդես եկած զինծառայողները հայտարարել են, որ իրենց չեն հայտնել թույլ տված կանոնադրական խախտումների մասին, իրենք ՌՈ են տարվել Նազարյանի դեպքի առնչությամբ: Պաշտպաններ Հ. Գեւորգյանը եւ Ա. Ղասաբողլյանը միջնորդության մեջ նշել են, որ զորամասի հրամանների գիրքը սկսվում է 2010թ. հուլիսի 27-ից (Ա. Նազարյանի մահվան օրվանից), այնտեղ գրառումներն արվել են միայն սեւ գրիչով, իսկ ստորագրությունները` կապույտ գույնի գրիչներով: Մեկուսացման գրությունների եւ ՌՈ գրանցամատյանի գրառումների օրերը համընկնում են, սակայն նշված չեն զինծառայողներին մեկուսացնելու ժամերը: Իսկ զորամասի հրամանների գրքում մեկուսացման հրամանի գրառումներն արված են զինծառայողների մեկուսացումից մեկ օր հետո` հուլիսի 28-ին: Բացի այդ, 5 զինծառայողներ 2 անգամ են կալանքի վերցվել: Պաշտպանները համոզված են, որ մեկուսացման գրությունները եւ զորամասի հրամանագիրքը ոչ թե 2010թ., այլ վերջերս են ստեղծվել, որ դրա նպատակը 14 զինծառայողներին ապօրինի կալանքի տակ պահելու «հիմքեր ստեղծելն է»: Այդքանով հանդերձ, դատավոր Ս. Մարդանյանը մերժեց միջնորդությունը` համարելով, որ այն քրգործի ծավալի հետ կապ չունի: Դա առաջացրեց պաշտպան Հրանտ Գեւորգյանի դժգոհությունը, որը հայտարարեց. «Սա դատարան չէ, խամաճիկ է»: Պաշտպանը համոզված է, որ դա անմիջական կապ ունի մեղադրանքի ծավալի հետ, քանի որ ՌՈ-ում ապօրինի, ճնշման տակ  պահված զինվորների տված կեղծ ցուցմունքներն են ընկած մեղադրանքի հիմքում:
Դատական նիստին ներկա չէին ամբաստանյալ զինվորներ Հարութիկ Կիրակոսյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի եւ Մխիթար Մխիթարյանի պաշտպաններ Ազատ Շահբազյանը, Ալվարդ Մնացականյանը, տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը եւ վերջինիս ներկայացուցիչները: Ամբաստանյալ զինվորները միջնորդեցին առանց իրենց պաշտպանների նիստը չանցկացնել: Դատավորը հաջորդ նիստը նշանակեց նոյեմբերի 27-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս