ՈՐՊԵՍ ՋԱՏԱԳՈՎ
Երեկ ՀԱԿ ակտիվիստ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան առաքելյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին. «Հանրահայտ փաստ է, որ ես՝ Տիգրան Սամվելի Առաքելյանս, 2011-ի օգոստոսի 9-ից ապօրինի գտնվում եմ կալանքի տակ: Պահանջում եմ, որպես արդարադատության բարեփոխումների ջատագով եւ, ինչու չէ, շահագրգիռ անձ, հանդիպել ինձ եւ քննարկել նշածս հարցերի լուծման հնարավորությունները»:
ՍԱԴՐԻՉՆԵՐԸ՝ ԵՊՀ-ՈՒՄ
Նոյեմբերի 22-ին՝ ժ. 13-ին, 4 հոգի, բարձրախոսով եւ տեսախցիկներով ներխուժելով ԵՊՀ պատմության ֆակուլտետ, կատարել են ապօրինի գործողություններ` խաթարելով ֆակուլտետի բնականոն աշխատանքը: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, լսելով բարձրացած աղմուկ-աղաղակը, ընդհատել է իր դասախոսությունը ու փորձել միջամտել եւ հանդարտեցնել երիտասարդներին` պահանջելով դադարեցնել անկարգությունները եւ հեռանալ: Երիտասարդները, չենթարկվելով դեկանի օրինական պահանջներին, շարունակել են անկարգությունները եւ գործադրել բռնություն` հրելով դեկանին, դասախոսական անձնակազմի որոշ ներկայացուցիչների եւ ուսանողների: Սադրած անկարգությունները հնարավոր է եղել դադարեցնել միայն ոստիկանության միջամտության արդյունքում: Ինչպես պարզվեց ավելի ուշ, դա եղել է «Հակահարված»-ը:
ԱՎԵԼԻ ՉԱՐԺԵՐ
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբայրը` Գեւորգ Ղուկասյանը, վիճահարույց «Չայկա» մեքենայի հետ կապված, հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. «Ես՝ Գեւորգ Ղուկասյանս, ով հանդիսացել է ավտոմեքենայի գնորդը, հարկ եմ համարում նշել, որ այն, իսկ ավելի ճիշտ դրա ջարդոնը, ձեռք եմ բերել եմ 100.000 դրամ գումարով: Վստահաբար կարող եմ ասել, որ եթե այդ մեքենան իրենից որեւէ արժեք ներկայացներ, ապա 1996թ.-ից չէր մնա կայանված անհայտ վայրերում եւ չէր հասնի մեր օրերը: Այն զրոյական արժեքով է հաշվառված եղել Գյումրու քաղաքապետարանի հաշվեկշռում եւ միայն 1999թ.-ից հետո գույքագրվել»:
ԿՈՍՏՅՈՒՄ ՉՈՒՆԻ, BMW ՈՒՆԻ
Նախօրեին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Թամանյան-Մաշտոց խաչմերուկում «Pajero IO» մակնիշի 29 ՏՏ 629 համարանիշի ավտոմեքենան հարվածել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի վարած «BMW X5» մակնիշի 092 ՕՕ 11 համարանիշի մեքենային: Վթարի հետեւանքով տուժողներ չկան, ուղեւորներից ոչ ոք վնասվածք չի ստացել:
ԷԼԻ ՎԱՃԱՌՈՒՄ Է
«Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը որոշել է վաճառել ընկերությունը: Նա rbcdaily.ru-ին հաղորդել է, որ ակնկալում է գործարքն ավարտել երկու-երեք շաբաթում: Վաճառքի պատճառը տնտեսական ճգնաժամն է եւ ռուսական նորագույն Superjet ինքնաթիռի շահագործումից կրած կորուստները: