«Ի՞նչ է, ուզում եք պատգամավորը մեքենա չունենա». Բարսեղ Բեգլարյանի հովանավորյալի դրամական միջոցները նվազե՞լ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը, որը «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի հովանավորյալն է, բավականին մեծ ունեցվածքի տեր է: Պատգամավորի դրամական միջոցները 2014 թվականի վերջին, ըստ նրա հայտարարագրի, կազմել են 100 մլն դրամ, 180 հազար դոլար եւ 30 հազար եվրո: Նա անցած տարվա ընթացքում 28 մլն դրամով բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք է վաճառել, ինչպես նաեւ «Volkswagen Jetta 2.8» մակնիշի ավտոմեքենա է գնել: Տեղեկացնենք, որ Վահրամ Մկրտչյանի պատգամավորական տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 711 հազար դրամ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը մինչեւ 2001 թվականը ԱԺՄ անդամ էր: Հետագայում նա եւ Սեյրան Ավագյանը (ներկայումս ՀՀ վերահսկիչ պալատի անդամ) ստեղծեցին ՀԺԱՄ կուսակցությունը: Սկզբում Ավագյանն էր այդ կուսակցության նախագահը, հետո՝ Մկրտչյանը: Ներկայումս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը նաեւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահն է, որի հովանավորը նույն Բարսեղ Բեգլարյանն է՝ Սերժ Սարգսյանի երեխաների քավորը:

«Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է նրան հաջողվել այդպիսի կարողություն դիզել: Պարզվում է՝ պատգամավորն այնքան էլ գոհ չէ իր ունեցվածքից, մեզ հետ զրույցում նա հայտարարեց, թե այս ընթացքում իր կարողությունը պակասել է, անգամ ստիպված է եղել տարածք վաճառել:

-Պարո՛ն Մկրտչյան, Ձեզ ինչպե՞ս է հաջողվել նման գումարներ կուտակել, այն դեպքում, երբ Հայաստանում օր օրի սոցիալ-տնտեսական վիճակը վատանում է:

-Իսկ ով է ասում, որ երկրի վիճակը վատացել է, իսկ իմ վիճակը լավացել է: Դուք սխալ տեղեկություն ունեք: Խնդրում եմ նշեք, թե քանի տարի առաջվա մասին է խոսքը, որ իմ սոցիալական վիճակը վատ էր ու հիմա արդեն լավացել է: Կամ ինչի՞ց եք ենթադրում, որ ես հարստացել եմ կամ ես որեւէ խնդիր չունեմ: Դուք սխալ հայտարարություններ եք անում, իրականում նման բան չկա:

-Պատգամավորական մանդատ ստանալուց հետո Ձեր սոցիալական վիճակը ավելի չի լավացե՞լ, որեւէ փոփոխություն չկա՞, Դուք միշտ նույն կարգավիճակո՞ւմ եք եղել:

-Պատգամավորական մանդատը ամենեւին կապ չունի, ավելին՝ ֆինանսական միջոցներս պակասել են: Ես այժմ գործարարությամբ չեմ զբաղվում, ինչի համար էլ նույնիսկ իմ եկամուտները պակասել են:

-Այսինքն՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ դառնալը եկամուտների առումով Ձեր վրա վատ ազդեցությո՞ւն է ունեցել, փոշմանե՞լ եք, որ պատգամավոր եք դարձել:

-Ամենեւին, նույնիսկ շատ լավ է, որովհետեւ քաղաքական կարիերա եմ արել, պատգամավոր եմ դարձել ու մասնակցել եմ երկրի համար կարեւորագույն քննարկմանը: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ հայտարարագրում մի ինչ-որ գումար եք տեսել ու դրա մասին բարձրաձայնել եք, ապա ասեմ, որ ես տարածք եմ վաճառել:

-Իսկ որտեղի՞ց Ձեզ նման թանկարժեք տարածք:

-Տարածքը որտեղիցա լինում, տարածքը ժամանակին գնել եմ, հետո վաճառել եմ, ինչպես են սովորական մարդիկ նման բաներ անում: Եթե ես պատգամավոր եմ, իրավունք չունե՞մ տարածք վաճառել կամ գնել: Եթե այսօր ուսումնասիրեք յուրաքանչյուր մարդու կյանքը, ապա կտեսնեք, որ մարդիկ ե՛ւ տարածքներ են գնում, ե՛ւ վաճառում են:

-Նաեւ մեքենա եք ձեռք բերել:

-Վաճառած տարածքից մի հատ էլ մեքենա եմ ձեռք բերել, որովհետեւ մեքենա չունեի, ի՞նչ է, ուզում եք պատգամավորը մեքենա չունենա՞: Իմ եկամուտների հայտարարագիրը ես երկու անգամ լրացրել եմ՝ մեկ պաշտոնի ստանձման ժամանակ, մեկ այս ընթացքում, ու կտեսնեք, թե հաջորդ տարի ինչ է ավելացել կամ պակասել, այնտեղ ամեն ինչ գրված է: Եթե ինչ-որ հակասություններ եք ուզում գտնել, ապա այդտեղ որեւէ հակասություն չկա: Պարոն Բարսեղ Բեգլարյանն էլ իմ եկամուտների հետ որեւէ առնչություն չունի, իմ եկամուտներն իմ եկամուտներն են:

Հ. Գ. Ի դեպ, հարցազրույցից հետո Վահրամ Մկրտչյանը փորձում էր պարզել, թե ում պատվերով ենք իր եկամուտների հայտարարագիրը տպել: ՀՀԿ-ական պատգամավորը, կարծես թե, արդեն յուրացրել է իշխող ուժի կարկառուն դեմքերին բնորոշ վարքագիծը` իր մասին հրապարակումները որակելով պատվեր:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս