ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կրկին ավիատոմսերի թանկացումներ են արձանագրվել. այս անգամ, սակայն, դա կապված է ոչ թե դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացման, այլ սեզոնային գործոնի հետ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հիմնականում թանկացել են դեպի եվրոպական եւ ծովափնյա երկրներ ավիատոմսերի գները:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին եվրոյի եւ դոլարի փոխարժեքի բարձրացման արդյունքում թանկացումներ արձանագրվեցին նաեւ ավիատոմսերի շուկայում, ինչն էլ որոշ տուրիստական գործակալությունների փակման պատճառ դարձավ:
«Ժողովուրդ»-ը ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններից տեղեկացավ, որ հիմնականում թանկացել են դեպի Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա ավիատոմսերի գները: Մեզ հետ զրույցում ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները ներկայիս թանկացումները միաբերան կապեցին սեզոնային գործոնի հետ:
Օրինակ՝ «Գլոբուս տուր» ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ այս ամիսներին արձակուրդ մեկնողների շարժն ակտիվացել է: Այստեղ նույնպես նշեցին, որ հիմնականում թանկացել են դեպի եվրոպական երկրներ ավիատոմսերի գները, ինչպես նաեւ՝ դեպի Մոսկվա: «Երեւան-Մոսկվա ավիատոմսի արժեքը 70 հազար դրամից թանկացել եւ դարձել է 100 հազար դրամ: Մարդը մի քանի օր առաջ 70 հազար դրամով է մեկնել դեպի Մոսկվա, իսկ հիմա ստիպված է 100 հազար դրամ վճարել: Դե, պատկերացրեք իր վիճակը: Բայց նշեմ, որ ամբողջ աշխարհում այս ամիսներին թանկանում են դեպի եվրոպական երկրներ ավիատոմսերի գները, եւ դա նորություն չէ»,- նկատեց «Գլոբուս տուր» ընկերության աշխատակիցը, ով հրաժարվեց ներկայանալ:
Տեղեկացնենք, որ ավիատոմսերի վաճառքով զբաղվում են նաեւ անհատ մարդիկ, ովքեր տոմսերի վաճառքի մասին հայտարարությունները տեղադրում են list.am էլեկտրոնային կայքէջում: «Ժողովուրդ»-ը զրուցեց նրանցից մեկի՝ Կարենի հետ, ով ասաց. «Հուլիսից ավելի են թանկանալու դեպի եվրոպական երկրներ ավիատոմսերի գները: Օրինակ՝ դեպի Փարիզ, կարող եմ Ձեզ առաջարկել 300 հազար դրամով, 270 հազար դրամ արժողությամբ ավիատոմս էլ է հնարավոր գտնել: Ուղղակի օր օրի ավելի են թանկանում: Լինում է նաեւ, որ ժամ առ ժամ են թանկանում: Սեզոնն է»:
«Զբոսաշրջային ավիագործակալների ազգային ասոցացիայի խորհուրդի» նախագահ Անդրանիկ Վանցյանը ավիատոմսերի թանկացումները նույնպես կապեց սեզոնային գործոնի հետ:
«Աշնան ու ձմռան ամիսներին ուղեւորահոսքը նվազում է, եւ ավիաընկերությունները տեղափոխում են քիչ քանակի ուղեւորներ, դրա համար վնասներ են կրում: Իսկ սեզոնին, երբ ուղեւորաշրջանառությունը մեծանում է, նրանք, առիթից օգտվելով, ավիատոմսերի գները բարձրացնում են, որպեսզի կարողանան բալանսի բերել եկամուտները: Ի վերջո, պետք է կոմպենսացնեն իրենց ծախսերը»,- բացատրեց Վանցյանը:
Մասնագետի խոսքերով՝ ավիատոմսերի գները աշնան ամիսներին կրկին կնվազեն. «Հիմա այն ժամանակներն են, երբ ավիաընկերությունները մի կերպ պահպանում են շուկայում զբաղեցրած իրենց դիրքը: Այն ընկերությունները, որոնք տասնյակ տարիներով աշխատում են, չեն կարող հենց այնպես վերցնել ու փակել դրանք: Վատ ժամանակներ են իրենց համար»,- լրացրեց Վանցյանը:
Մեր զրուցակցից տեղեկացանք, որ այս ամիսներին ոչ միայն թանկացումներ են արձանագրվում, այլեւ կան նաեւ էժանացման դեպքեր, իհարկե, ոչ շատ ծանրաբեռնված չվերթների դեպքում. «Օրինակ՝ Երեւան-Կրասնոդար ավիատոմսը արժի 58 հազար դրամ: Երեւան-Մոսկվա ավիատոմսն էլ նախորդ տարիներին վաճառվել է 120-140 հազար դրամով, իսկ այս տարի 85-100 հազար դրամ է»,- նշեց նա:
Ի դեպ, օրերս ՀՀ ազգային ժողովում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, խոսելով ավիատոմսերի գների մասին, մեջբերեց վիճակագրություն, ըստ որի՝ 2014 թվականին, 2013 թվականի համեմատ, ուղեւորահոսքերի աճը կազմել է 20,9 տոկոս: Իսկ թռիչքների հաճախականությունն աճել է 19 տոկոսով: Նախարարի ներկայացմամբ` սակագներն ունեցել են 5,1 տոկոսի նվազում: Իսկ, ահա, 2015 թվականին թռիչքների հաճախականությունը նվազել է, բայց ուղեւորահոսքը՝ աճել, էժանացել են նաեւ տոմսերի գները` 14 տոկոսով: Ափսոս, որ իրականությունը շատ է հեռու նախարարի ներկայացրած պատկերից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՎԹԱՐ ԲԱՔՎՈՒՄ
Բաքվում ընթացող առաջին Եվրոպական խաղերի շրջանակներում հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել: Նախօրեին Հեյդար Ալիեւի պողոտայում ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, ինչի արդյունքում զոհվել է Եվրոպական խաղերի գործադիր կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյայի որդի, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»: Միմյանց են բախվել երկու մեքենա՝ Ford Tranzit ու Mercedes, զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ երկուսը: Զոհված զբոսաշրջիկներից մեկը 1992թ ծնված, Մեծ Բրիտանիայի քաղաքացի է: Նա BEGOC-Operation Committee of the first European Games-ի պատասխանատու անձանցից մեկի որդին է: Վթարի արդյունքում վիրավորվել են Էստոնիայի եւ Նեպալի մեկական, ինչպես նաեւ՝ Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացիներ:

 

ԿԵՂԾ ՀԻՄՔԵՐՈՎ
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնում ոստիկանության ներքին անվտանգության վարչության անցկացրած ստուգումներով պարզվել է, որ 2012-2013 թվականների ընթացքում հիշյալ բաժնի անձնագրային բաժանմունքի կողմից երկու տասնյակից ավել քաղաքացի հաշվառվել է գոյություն չունեցող հասցեում: Մասնավորապես հաշվառված քաղաքացիներից 6-ն անձնագրավորվել են, 7-ի անձնագրերը փոխանակվել են նոր անձնագրերով, իսկ արական սեռի անձանցից 5-ին անձնագիր է տրամադրվել՝ զինկոմիսարիատում չհաշվառվելու պայմաններում: 2012-2013 թվականների ընթացքում ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Քանաքեռ-Զեյթունի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու, փաստաթուղթ կեղծելու, իրացնելու, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածով, 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

 

ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երեւան քաղաքում շարունակվում են երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2015 թվականի հունիսի 29-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում տեղադրված տեսախցիկները.
– Երեւան քաղաքի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկ,
– Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի՝ «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնի հարակից հատված: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:




Լրահոս