Չնայած այն բանին, որ դերասանուհի ՋՈՒԼԻԵՏԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ (սկիզբը՝ նախորդ համարում) այս պահին սոցիալապես այդքան էլ ապահով վիճակում չէ, սակայն չի բողոքում: Բայց եւ այնպես, չի էլ կարողնաում ստել ու ասել` ամեն ինչ լավ է:
-Ի՞նչ կասեք դերասանների այսօրվա սոցիալական վիճակի մասին:
-Դերասանին պահում են շատ խղճուկ աշխատավարձով, դա փաստ է, չգիտեմ՝ ինչու են այդքան անլուրջ վերաբերվում դերասանների ապրելակերպին: Եթե թատրոնի դերասանի (ծիծաղելի բան եմ ասում, բայց էլի քիչ եմ ասում) ամենացածր աշխատավարձը լինի 150 000-200 000 դրամ, կարծում եմ՝ այդ ժամանակ դերասաններն արդեն կորոշեն՝ որտեղ, ինչ որակով ինչ անեն: Բայց հիմա ամեն մի փոքր բանի էլ վազում ենք, որովհետեւ դա ընտանիք պահելու, ընդամենը սննդի հարցերը լուծելու համար է արվում:
Մեծ բողոք է թատրոնի դերասանների մոտ, որ չնչին գրոշներով են աշխատում: Այլ բան է, երբ դու զգում ես քեզ կուշտ, հագնված, կահավորված, գնահատված… Դե գնահատականն էլ ծափերն են, ծաղիկներն ու աշխատավարձը: Ծափերն ու ծաղիկները կան, աշխատավարձը չկա: Էլ ի՞նչ սրտով դերասանն անհոգ գործի գնա: Անընդհատ մտածում եմ՝ այսօր ինչ սարքեմ, ինչ տանեմ, որ էրեխեքը լավ զգան: Դա է ճշմարտությունը, չեմ կարող ստել ու ասել` ամեն ինչ լավ է:
-Հավատացե՛ք՝ Դուք միակը չեք, որ այդպես եք մտածում:
-Ես չեմ սիրում «բողոք» բառը, բայց ո՞նց լռես: Դե տեսե՛ք, ամսվա սկզբին ես ու ամուսինս միասին տուն ենք տարել շատ չնչին գումար, ամսվա կեսից արդեն էլ ոչինչ չի մնում: Ես շատ մանր բաներ եմ ասում: Իսկ մինչեւ ամսվա վերջ ինչպե՞ս ապրել: Դրա մասին է խոսքը, պետք է մի քիչ գնահատել, պահել թատրոնը: Ժողովուրդը ժողովուրդ չէ, ազգը ազգ չէ, եթե արվեստ չունի: Գոնե կենցաղային հարցերով ապահովեին, որ դերասանները որակ տային: Ոչինչ միանգամից չի լինում, ես մտածում էի՝ տարիների ընթացքում ավելի լավ կլինի, բայց քանի գնաց՝ ավելի վատացավ, ու այսօր սերիալները դարձրել են ծաղրի առարկա: Բայց դա էդպես չէ, մենք հրաշալի դերասաններ ունենք, ում հետ կարելի է ստեղծել հրաշալի սերիալներ, հավատացե՛ք:
Իսկ էստեղ մտածում են՝ ավելի լավ է էս չդերասանին տամ երկու գրոշ, գա, նկարվի, ու իմ գրպանը լցվի: Հիմա բոլորն են դժգոհ որակից: Դա նույնիսկ վիրավորական է, ոնց որ թե անպատվես հեռուստադիտողին:
-Որպես քաղաքացի՝ ինչի՞ կարիք ունեք:
-Ուզում եմ հանգիստ քնել, վեր կենալ: Լույսը բացվում է, ամենուր լսում ես բողոք, աղբանոցի կողքով անցնում ես, այնպիսի մարդկանց ես տեսնում, որ լացդ գալիս է: Ահավոր անհանգիստ ու ճնշող վիճակ է, բոլորը մռայլ, լաց ու կոծ, չեն կարողանում ապրել, շիշ են հավաքում, աղբանոցից հաց են հավաքում, իրար տակ են քանդում, գողանում են իրար գրպանից ու պայուսակից: Սա աներեւակայելի վիճակ է: Ես նույնիսկ հասկանում եմ, որ ճգնաժամը մեզ մոտ հիմա է եկել ու ոչ թե հարուստների համար, այլ աղքատների: Միջին խավ գոյություն չունի: Այն մարդը, որ դժվար էր ապրում, հիմա ավելի ահավոր է ապրում, իսկ ով հարուստ էր, ավելի է հարստացել: Կրիզիսը հարուստներին չվերաբերվեց: Կային երկրներ, որտեղ ինքնասպանություն գործեց միլիարդատերը, որովհետեւ ճգնաժամին չդիմացավ:
Գիտե՞ք՝ ինչու եմ այսքան հուզված, այսօր լացելով եմ եկել թատրոն: Տեսա, թե ոնց է մի կին աղբանոցի տոպրակները քանդում ու գողի նման աջ ու ձախ նայում, որ իրեն չճանաչեն: Ես ճանաչեցի, նա շատ պատկառելի կին էր, հարգված ուսուցչուհի է եղել: Չեք պատկերացնի` դա ինչ էր ինձ համար: Հետո որ գիտես` քո արմատներն են, քո տատիկներն ու պապիկներն են: Ո՞նց են որոշ մարդիկ անցնում-դառնում, նայում աղբանոցում հաց հավաքողին, գիշերը հանգիստ քնում ու ապրում գռփելով:
-Քաղաքական անցուդարձից տեղյա՞կ եք:
-Բացարձակապես չեմ էլ ուզում տեղյակ լինել: Շատ եմ կարդում թերթեր, բայց չեմ ուզում խոսել, որովհետեւ սիրտս վիրավորված է: Ես կարդում եմ ամեն օր` խոստանալով ինձ, որ էլ չեմ կարդալու ու ամեն օր` նոր հիասթափություն: Կյանքում չեմ սիրել դեպրեսիա բառը, բայց որ թերթերը կարդում եմ, ընկնում եմ դեպրեսիայի մեջ: Մեր ժողովուրդը հիմա ապրում է ուղղակի արանքներում: Չի ապրում, մի կերպ գոյատեւում է:
-Դրա համար էլ արտագաղթն անհավանական աճ է գրանցել:
-Հավատացե՛ք, որ քաղաքական դաշտում շատերը դրանից ուրախանում են: Ես 15 տարի դրսում ապրել եմ, բայց հասկացել եմ, որ երբեք այլ հողը քեզ չի ընդունում, երբեք հաստատված չես զգում քեզ օտար տեղերում:
Լեհաստանում ենք ապրել, որտեղ շատ լավ հաց էլ, կաց էլ ունեցել ենք: 9 տարի աշխատել եմ այնտեղի թատրոնում, չեք պատկերացնի՝ ինչպես եմ գնահատվել, ունեցել եմ իմ մեքենան, էնպես եմ ապրել, որ ոչ մի վայրկյան մտածելու առիթ չեմ ունեցել: Բայց ահավոր կարոտում էի Հայաստանը, նախանձով էի լցվում, որ իմ երկիրն այդ վիճակում չէ, լաց էի լինում ու հետ եկա, ինչի համար չեմ զղջում: Իմ շրջապատում հայերեն լացում են, ծիծաղում են, խոսում են, դա ինձ համար ամեն ինչ արժի: Համենայնդեպս, վատ է, բայց իմն է:
-Որպես կին՝ ի՞նչ եք ուզում:
-Միակ բանը, որ այս պահին ինձ պետք է, գումարն է, մի քիչ կայուն ֆինանսական վիճակ որ լինի, ոչ մի բանի կարիք չեմ ունենա: Մեկ էլ ուզում եմ, որ խաղաղություն լինի:
ԾԱՓԵՐՆ ՈՒ ԾԱՂԻԿՆԵՐԸ ԿԱՆ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՉԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ