Այսօր՝ հուլիսի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել 1-03 շտապ օգնության թիվ 12 հերթապահ խմբից, ովքեր հայտնել են, որ կանչով մեկնել են Քանաքեռ 14 փողոցի 24/1 տուն, որտեղ հայտնաբերել են մահացած կնոջ դի: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված տուն է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են տանտիրուհու՝ 38-ամյա Հայկանուշ Սորսումաթյանի դին՝ կրծքավանդակի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ամուսինը սառնասրտորեն ոստիկաններին ու քննիչներին պատմում էր, թե որտեղ և ինչպես է սպանել կնոջը: Այնուհետև մատնացույց արեց, թե որտեղ է թաքցրել այն դանակը, որը սպանությունից հետո մաքրել էր: Ոստիկաններին ներկայացրեց նաև մեկ այլ խոհանոցային դանակ, որը նա թաքցրել էր բազկաթոռի մեջ: Ոստիկաններն ու քննիչները այդ դանակներն առգրավեցին:
Բազմոցին դրված էր նաև Աստվածաշունչ, և ստահակը սառնասրտորեն պատմում էր, որ կնոջը սպանելուց ժամեր առաջ իր 2 աղջիկներին տարել է եկեղեցի՝ պատճառաբանելով, որ «նրանց միջից մաքրելու է չարը», այնուհետև վերադարձել է տուն, կնոջը նստեցրել բազմոցին ու հրամայել, որ ձեռքը դնի Աստվածաշնչին, քանի որ «նրա միջից էլ էր ուզում չարը դուրս հանել»: Ընթացքում էլ ստիպել է կնոջը՝ «ձեռքդ դիր Աստվածաշնչին և երդվիր» և էլի մի քանի արտահայտություններ է արել, որից հետո իր սև գործն է կատարել կնոջ նկատմամբ:
Գ. Շամշյանը հայտնում է, որ քննիչի որոշմամբ Վ. Կարապետյանը ձերբակալվել է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում