Ոստիկանությունը քիչ առաջ ազատեց Բաղրամյան պողոտան աղբամաններից կառուցված բարիկադներից: Նշենք, որ ցուցարարները չէին խոչընդոտել ոստիկանների գործողություններին, սակայն վանկարկում էին «ամոթ, ամոթ», «բարիկադը մենք ենք» և այլ արտահայտություններ:
Ոստիկանները «Սանիթեք» ընկերության աշխատակիցների հետ աղբամանները դրեցին մեքենաների մեջ և տեղափոխեցին: Հավելենք, որ պողոտայում ցուցարարների թիվն ավելացել է, նրանք փակել են Բաղրամյան պողոտան և նույնիսկ սպառնում էին շարժվել դեպի նախագահական:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, թե իրենք չեն ցանկանում բռնի ուժի դիմել, այլ ցանկանում են ուղղակի վերականգնել պողոտայի երթևեկությունը:
Դավիթ Սանասարյանը, դիմելով Վալերի Օսիպյանին, նշեց, որ իրենք բանակցությունների կգնան, եթե ոստիկանությունը դուրս գա պողոտայից:
Վալերի Օսիպյանն էլ հայտարարեց, որ անընդունելի է, որ ոստիկանության հետ խոսում են սադրանքների լեզվով: Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Դավիթ Սանասարյանին հորդորում էր անցնել օրինական դաշտ և հավաքը տեղափոխել Ազատության հրապարակ:
Դավիթ Սանասարյանը նշեց, թե չի վախենում ձերբակալվելուց: «Ձեր ասածը կեղծ հերոսություն է»,- պատասխանեց Հունան Պողոսյանը: