Հուլիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Սիրելի´ երիտասարդներ, պատանիներ, շատ ուրախ եմ և հպարտ, որ այսքան երիտասարդ աշխարհի 17 երկրից որոշել է գալ Հայաստան, տեսնել, ճանաչել Հայրենիքը և ընդմիշտ կապվել Հայաստանին: Ձեր յուրաքանչյուր օրն այստեղ պետք է լինի Հայրենիքի բացահայտման օր: Ձեր յուրաքանչյուր օրը դուք սկսելու եք հայերեն լեզվի ուսուցմամբ: Պետք է սովորե´ք, պահպանե´ք և տարածե´ք մեր Մեսրոպյան ոսկեղենիկ լեզուն: Վստահ եմ, որ ճամբարային օրերի ընթացքում ձեռք կբերեք նոր ընկերներ, կծանոթանաք հայկական ավանդույթներին, մշակույթին և առավել խորը կճանաչեք Ձեր Հայրենիքը: Հավատացած եմ, որ Հայրենիքից պետք է մեկնեք Ձեր սիրտն ու հոգին Հայստանում թողնելով: Շատ կուզեի, որ վերադառնաք և ավելի ուժեղացնեք մեր Հայրենիքը»: Հրանուշ Հակոբյանը կարևորեց ՀՀ տարբեր գերատեսչությունների, մարզային ու համայնքային կառույցների աջակցությունը «Արի տուն» ծրագրին:
Նախարարը շնորհակալություն հայտնեց նաև հյուրընկալող ընտանիքներին, որոնք այդքան սիրով, հոգատարությամբ և ջերմությամբ իրենց հարկի տակ են ընդունել երիտասարդներին:
ՀՀ սփյուռքի նախարարը, ավանդույթի համաձայն, ամենակրտսեր մասնակցին՝ 16-ամյա Մարիամ Սաքանյանին (Չինաստան) հագցրեց «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկն ու գլխարկը և հանձնեց պայուսակը:
Աիրտունցիներին ողջունելու էր եկել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ով այս անգամ հանդես է եկել որպես հյուընկալ ընտանիք: Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ Մելքոնյանը նշեց.«Թանկագի´ն պատանիներ, հայրենասիրությունը միայն խոսքով չպետք է լինի, այն պետք է լինի գործնական: Ես կարող եմ վստահաբար ասել, որ այսօր ՀՀ-ում իրականցվող ծրագրերի մեջ «Արի տուն» ծրագիրը ունի իր ուրույն տեղը: Ցանկանում եմ, որ այս ծրագիրը ավարտվի միայն այն ժամանակ, երբ բոլոր հայերը կվերադառնան հայրենի տուն»:
Ներկաներին ողջունեց նաև Վանաձորի պոեզիայի թատրոնի հիմնադիր ղեկավար Ջիվան Սարգսյանը:
«Արի տուն» ծրագրի երրորդ փուլին մասնակցում է 151 երիտասարդ՝ աշխարհի 17 երկրից. ՌԴ-ից, Աբխազիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Շվեդիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Բելգիայից, Լեհաստանից, Լիբանանից, Բելառուսից, Սիրիայից, Չեխիայից, Իտալիայից, առաջին անգամ նաև Չինաստանից:
Ինչպես նախորդ փուլերին, այս փուլին ևս «Արի տունն» ունի 4-օրյա ճամբարային ծրագիր՝ Ծաղկաձորում: