Էդ խղճուկները թռչող կենդանիներ են, ծիրանի որդ. Աշոտ Աղաբաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ «Հրազդան» մարզադաշտի սնանկացման գործընթացը տեւելու է 2-3 ամիս, որի ընթացքում իրենք առողջացման ծրագիր են մշակելու:

-Պարո՛ն Աղաբաբյան, ըստ մեր տեղեկությունների՝ Դուք հրաժարվել եք տրամադրել «Հրազդան» մարզադաշտը` Համահայկական խաղերի ժամանակ այնտեղ միջոցառում անցկացնելու համար: Ինչո՞ւ եք հրաժարվել խաղերի բացման արարողությունը անցկացնել Ձեր ղեկավարած մարզադաշտում:

-Ես չեմ հրաժարվել, «Հրազդան» ստադիոնը սննկացման վճիռ ունի, արդեն սննկացման կառավարիչ ենք նշանակել: Մենք կառավարչի հետ հանդիպել ենք եւ պետք է արդեն առողջացման ծրագիր մշակենք: Իսկ սննկացումից հետո բնականաբար 175 աշխատակիցներից մնացել են երեւի 25-ը:

Այսինքն՝ սպասարկող անձնակազմը եւս աշխատանքից ազատվել է այդ խնդիրների պատճառով: Ես էլ ասել եմ` ստադիոնը տալիս եմ ամբողջությամբ, սպասարկող բերեք, անցկացրեք ձեր միջոցառումը, ի՞նչ է եղել որ, բայց ես չունեմ այդ հնարավորությունը, որպեսզի այդ անձնակազմին ես բերեմ: Իրենք էլ որոշեցին ու տեղեկացրեցին, որ իրենց միջոցառումը կանցկացնեն «Վազգեն Սարգսյան» մարզադաշտում: Նման միջոցառում անցկացնելու համար մի քանի տասնյակ հավաքարար էր պետք, համարյա էդքան էլ անվտանգության աշխատող, ոնց որ ժամանակին եղել է, իսկ մենք այդ մակարդակը հիմա չունենք: Ես էլ ասել եմ՝ եթե կարող եք բերել, կարող եմ զանգել, բանալիները ձեզ տան, ձեր միջոցառումն էդտեղ անեք:

-Նշեցիք, որ առողջացման ծրագիր եք մշակում, որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի «Հրազդան» մարզադաշտը կրկին գործի, որքա՞ն է տեւելու «առողջացումը»:

-Տրված է երկու տարի ժամկետ, բայց ես կարծում եմ՝ մեկ տարուց ավել կտեւի: Մենք պետք է ծրագիր գրենք, թե ինչ կարող ենք անել, ինչ հնարավոր վիճակներ կան, ինչ նոր բիզնեսներ կան, որոնք օգնող կլինեն մեզ: Եթե իմ տղային պատկանող բիզնեսը լավանա, այնտեղից ֆինանսական ներարկումներ կանենք, ընկերները կօգնեն, որոնք օգնում են, իհարկե, չգիտեմ, մենք երեք ամիս դեռեւս ունենք առողջացման համար: Բնականաբար, մասնագետներ կհավաքենք ու կփորձենք ճիշտ ծրագիր ներկայացնել որոշակի գրաֆիկների մեջ:

-Խոսակցություններ են շրջանառվում, թե Դուք Ձեր բիզնես գործունեությունը շարունակելու հարցում որեւէ լուրջ խնդիր չունեք եւ այս սնանկացումը ինքներդ եք «սարքել», ի՞նչ կասեք:

-Մի բան ասեմ, ինձ ովքեր պարտք են, ես իրենց մասին չեմ խոսում, էդ խղճուկներն ինչու են իմ մասին խոսում, ուղղակի դրանք թռչող կենդանիներ են: Իսկ սա իմ երկիրն է, պապիցս սկսած մենք այս երկիրը կառուցողներից մեկն ենք, իսկ իմ մասին խոսացողներն ընդամենը ծիրանի որդի պես են: Դրանք չցանկացողներ են, ես ուզում եմ՝ այն մարդկանց, ովքեր ծնվել են չցանկացող, ասեք՝ բավական է, մի քիչ լավություն անելուց հաճույք ստացեք:

Սոնա Գրիգորյան




Լրահոս