Պետք է փոփոխվի պայքարի կարգախոսը. քաղաքագետը՝ էլէներգիայի սակագնի թանկացման դեմ ցույցերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հացադուլը պայքարի բավականին բարդ, ծայրահեղ մեթոդ է: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ազատության հրապարակում ցուցարարներից մի քանի կողմից սկսված հացադուլին, ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:

«Եթե տեխնոլոգիաների տեսակետից նայենք, հացադուլը էֆեկտիվ է, երբ համադրվում է ակտիվ պայքարի այլ ձևերի հետ: Ես կարծում եմ, որ այս մեթոդն այնքան էլ էֆեկտիվ չէ տվյալ պահին, երբ չկա համադրություն այլ ձևերի հետ: Բացի դրանից, այս հացադուլը հստակ ոչ քաղաքական, ոչ քաղաքացիական պահանջ չունի, այլ ընդամենն ավելի  շուտ սա մարտահրավեր է հասարակությանը, բողոք է, որ հասարակությունը չի մասնակցում: Կարծում եմ՝ մի քիչ ոչ թե պրագմատիկ, այլ ռոմանտիկ ինչ-որ երանգ ունի», – նշեց քաղաքագետը:

Քաղաքագետի խոսքով,  պետք է փոխվի այժմ շարունակվոդ բողոքի կարգախոսը, քանի որ այս նույն կարգախոսով հիմա դժվար է ուշադրության կենտրոնում հայտնվել:

«Այն բանից հետո, երբ այս երկրորդ նախաձեռնող խումբը, որի ղեկավարներից մեկն այսօրվա մեր հացադուլավորը՝ Դավիթը Սանասարյանը, որոշեց, որ մնալու է Բաղրամյան պողոտայում, ակնհայտ էր, որ ինչ-որ մի պահի ցրվելու էր այդ ցույցը: Այսինքն, կամ ինքն իրեն մարվելու էր, կամ որոշակի լարում ստեղծելուց հետո ցրվելու էր: Դրա համար նույն կարգախոսի վրա, նույն նպատակով այլևս չի գնում հրապարակներ: Ես կարծում եմ՝  եթե շարունակում են պայքարը,  կամ պետք է կարգախոսը ավելի քաղաքականացվի, ավելի ընդլայնված լինի, կամ պետք է որոշակի դադար տրվի և ֆիքսվեն արդյունքները», – հավելեց նա:

Հակոբյանի խոսքով, պայքարը մի պահ փակուղի մտավ այն ժամանակ, երբ ցուցարարների մի մասը ՀՀ նախագահի որոշումից հետո որոշեց մնալ Բաղրամյանում:  «Քաղաքական ուժերն այսօրվա դրությամբ բավականին հեղինակազրկված են և կարծես թե ցանկություն էլ չունեն մտնել այս պայքարի մեջ: Այս առումով, ես կարծում եմ, եթե պայքարը նույն կարգախոսով է գնալու, շատ մեծ հեռանկարներ չունի», – նշեց նա, հավելելով, որ պայքարը քաղաքականացնելու համար անհրաժեշտ ռեսուրսներ չկան:

Արփինե Թովմասյան




Լրահոս