Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքում է տարածել շրջանառվող այն լուրերի մասին, թե Սարալանջի հին խճուղու դեպի Հաղթանակ զբոսայգի տանող ճանապարհահատվածի հենապատի նորոգման աշխատանքները փչացրել են դրա տեսքն ու խախտել ճանապարհի այդ հատվածի ներդաշնակությունը:
«Ահազանգի հեղինակները չափից դուրս շտապել են այն հնչեցնելիս, քանի որ հենապատի նորոգման, ամրացման և ճանապարհի այդ հատվածի բարեկարգման աշխատանքները դեռևս չեն ավարտվել: Այսպես կոչված «ահազանգի» հեղինակները և այն տիրաժավորողները եթե հետաքրքրվեին և պատշաճ հարցում կատարեին Երևանի քաղաքապետարան, ապա կտեղեկանային, որ Սարալանջի հին խճուղու հենապատի վերականգնման աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի 2015թ. ծրագրի շրջանակներում: Աշխատանքները սկսվել են մայիս ամսին և, համաձայն պայմանագրի, նախատեսվում է ավարտել օգոստոսի 25-ին:
Կտեղեկանային նաև, որ, համաձայն նախագծի, նախատեսված է վերանորոգումն իրականացնել հենապատի փլուզված և վնասված հատվածներում՝ պահպանելով նախկին տեսքը և ձևը: Մասնավորապես՝ նորոգման աշխատանքների ընթացքում հենապատի այն հատվածները, որոնք մինչ վերանորոգման աշխատանքների մեկնարկը եղել են բետոնյա՝ վերանորոգվում են բետոնային շաղախով և սվաղվում, իսկ նախկինում բազալտե կիկլոպային շարվածքով հատվածը, որը փլուզվել է՝ վերականգնվում է նույն շարվածքով, որի վրա կտեղադրվեն բազալտե թասակները: Կից ներկայացվող լուսանկարներում հստակ երևում է , թե ինչ տեսք է ունեցել հենապատը մինչ նորոգման աշխատանքների մեկնարկը և ինչ տեսք ունի աշխատանքների ներկա փուլում»: