Երիտասարդ «ժառանգականները» զորակցում են Դավիթ Սանասարյանին եւ մյուս հացադուլավորներին:
«Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.
«Ոչ թալանին» երիտասարդական նախաձեռնության՝ հունիսին ծավալած եւ լայն աջակցություն ստացած բողոքի գործողությունը, որի հետեւորդների թիվը Երեւանում ու ՀՀ մի շարք մարզերում տասնյակ հազարներով է հաշվվում, թեւակոխում է պայքարի նոր փուլ: Հանրությունը երբեք չի հաշտվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թալանչիական որոշման հետ, համաձայն որի՝ վերջին երեք տարում այս էլ երրորդ անգամ բարձրացվում է էլեկտրաէներգիայի սակագինը՝ օգոստոսի 1-ից բնակչության համար դառնալով 48,78 դրամ/կՎտ ժամ:
Խնդիրը համազգային կարեւորություն ունի, հետեւաբար խաղաղ բողոքավորների ու մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների նկատմամբ հունիսի 23-ին ոստիկանության կողմից կիրառված անհամաչափ գործողություններն առաջ բերեցին անհնազանդության եւ հուզումների նոր ալիք:
Եվ, այնուհետեւ, չնայած ոստիկաններին հաջողվեց բիրտ ուժով բացել Բաղրամյան պողոտան, այնուամենայնիվ, էլէներգիայի թանկացման որոշումը չեղարկելու մասին հանրային պահանջը տակավին օրակարգում է: Ազատության հրապարակում այսօր էլ երիտասարդական շարժման առաջամարտիկները շարունակում են պայքարի տարբեր եղանակներով իշխանությունների ու քաղաքացիների ուշադրության կիզակետում պահել հրատապ օրակարգը: Մասնավորապես՝ հուլիսի 6-ին հացադուլ հայտարարած Դավիթ Սանասարյանին միացել են մի խումբ այլ ակտիվիստներ:
«Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունը`
ա/ դատապարտում է ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվող ցանկացած բռնություն,
բ/ զորակցում է Դավիթ Սանասարյանին եւ մյուս հացադուլավորներին,
գ/ կոչ է անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, քաղաքական եւ քաղաքացիական կառույցներին՝ ավելի ակտիվ ու գործուն մասնակցություն հանդես բերել հրապարակային բոլոր միջոցառումներին, իսկ իշխանություններին եւ հասարակական կարգի պահապաններին՝ զերծ մնալ ուժի ապօրինի գործադրումից»: