Ռուսական բիզնեսի պիոներներից մեկը, էքսցենտրիկ Գերման Ստերլիգովը հարմարվում է իր նոր բնակավայրին` Լեռնային Ղարաբաղին: Վերջինս Արցախում ունեցած իր պլաններով է կիսվել Вести-ին տված հարցազրույցում:
«Այսօր մենք ջրաղաց ենք գնել,- պատմում է Գերման Ստերլիգովը: Ես այժմ ղարաբաղցի ջրաղացպան եմ, ամբողջությամբ ալյուրոտ: Այսօր աղացել եմ առաջին պարկ ալյուրը, իսկ վաղն այն կվաճառենք: Այժմ ապրուստի միջոց ունենք»:
Ստերգլիովը նաև պատմել է, որ ողջ օրը լեռներում է անցկացնում ու դեռևս ապրում է ընկերների տանը, սակայն ծրագրում է ֆերմերային գործունեություն ծավալել ու զբաղվել սեփական արտադրության էկոլոգիապես մաքուր ապրանքների առքուվաճառքով:
«Դա նախ և առաջ ոչխարներն են,-պարզաբանում է գործարարը: -Ղարաբաղյան ցեղատեսակի` ամենաշքեղն ու հիանալին»:
Վերջինս նշում է, որ Լեռնային Ղարաբաղում տասնամյակներ շարունակ ոչ մի քիմիկատ չեն օգտագործել: Ամեն բան բնական է: Էկո-ֆերմայի համար ավելի լավ տեղ հնարավոր չէ գտնել: