Ռուս միլարդատեր Գերման Ստերլիգովը Մոսկվայից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել: Այս մասին վերջինս գրել է «Վկոնտակտե»-ի իր էջում:
Ինչպես ասվում է հաղորդագրությունում, մի քանի օր առաջ Ստերլիգովը Ղարաբաղից տեղեկացրել է ՌԴ իրավապահ մարմիններին, որ 3 օրով Մոսկվա կվերադառնա: Այդ ժամանակաշրջանում իրավապահ մարմինները ֆերմերի հանդեպ ոչ մի հետաքրքրություն չդրսևորեցին և նա վերադառնում է իր ընտանիքի մոտ՝ Շուշի:
Ստերլիգովի խոսքերով՝ նա դա արել է, որպեսզի պատասխանի ադրբեջանական ու ռուսական ԶԼՄ-ներում հայտնված զրպարտությանը: Ձեռնակատերը պարզաբանել է, որ Ղարաբաղում չի թաքնվել ռուսական իրավապահ մարմիններից:
Ստերլիգովը նաև մեկնաբանել է զրպարտության գործով իր ու իր փաստաբանի հանդեպ հարուցված քրեական գործի մասին լուրերը: Գործարարը մասնավորապես գրել է, որ «թքած ունի Իսրայելից կամ Ադրբեջանից սադրիչների վրա, ովքեր փորձում են իրավական մեխանիզմներ օգտագործել ու թույլ չտալ նրա վերադարձը Լեռնային Ղարաբաղ»: