ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ԱՊՏԱԿԸ» ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ՀՀ Կառավարության նիստի ժամանակ, աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանն իր նախաձեռնությամբ խոսք խնդրեց եւ քննարկվող խնդրի վերաբերյալ կարծիք արտահայտեց, այն էլ ինչ կարծիք: Տարավ, բերեց ու անկեղծանալով՝ նկատեց, որ մարդիկ «իշխանություններին չեն վստահում», իսկ դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ որոշեց նաիրիտցիների խնդրի վերաբերյալ իր կարծիքն արտահայել՝ ասելով. «Երեկ հավաքվածների թիվը մոտ 500 էր… Միակ առաջարկությունը սա է, որ ուզում ենք փողը ստանանք միանգամից, բոլորով: Ինչի՞ համար?մտածում են, որ դուք կվճարեք ինչ-որ N թվով մարդկանց, եւ փողը կվերջանա: Չկա վստահություն մեր իշխանությունների նկատմամբ»: Նկատենք, որ ԱԱԾ տնօրենն այն պաշտոնյաներից է, որը Կառավարության նիստերին երբեւէ չի արտահայտվում, այն էլ իր նախաձեռնությամբ: Իհարկե, լավ կլիներ, որ ՀՀ վարչապետը եւ Կառավարության մյուս անդամներն ականջալուր լինեին Գորիկ Հակոբյանի խոսքերին, բայց, դե, նման հեռանկարն իրատեսական չէ՝ հաշվի առնելով իշխանական բուրգում առկա անտարբերությունը հայ հասարակության հոգսերի նկատմամբ: Ընդ որում, նույն ԱԱԾ-ն եւս իշխանության մաս է, ու Հայաստանում ձեւավորված անվստահության մթնոլորտի առյուծի բաժինն էլ այս կառույցինն է: Բայց քանի որ տվյալ դեպքում խոսքը զուտ տնտեսական խնդրի մասին էր, ինչի միանձնյա պատասխանատուն Կառավարությունն է` վարչապետի գլխավորությամբ, ուստի Գորիկ Հակոբյանը փորձն օգտագործեց իր ղեկավարած ոլորտի հետ կապ չունեցող խնդրի առիթով փաստացի «ապտակել» ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

 

 

 
Նոր Սահմանադրության նախագծի հետ որքան ծանոթանում ենք, այնքան ամրապնդվում է կարծիքը, որ հեղինակների հետ մի բան այն չէ, եւ առնվազն սթափ վիճակում չեն գրել տեքստը: Ում մտքով կանցներ, որ օրերից մի օր իրենց իրավաբան եւ սահմանադրագետ համարող մասնագետների խումբը կառաջարկի Սահմանադրության տեքստում սպանությունն արդարացնող ձեւակերպում ներառել: Ինչպե՞ս, բացատրենք. նախագծի 23-րդ «Կյանքի իրավունքը: Մահապատժի արգելքը» հոդվածի 2-րդ կետում բառացի գրված է «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետեւանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»: Մինչդեռ գործող Սահմանադրության մեջ այսպես է ձեւակերպված. «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք: Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի»: Ու եթե գործող Սահմանադրությունում լիներ նոր նախագծում առկա ձեւակերպումը, ապա 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո կարող էին ասել, որ 10 մարդու սպանությունը «բացարձակապես անհրաժեշտ է» եղել: Մնում է հարցադրել, թե ի՞նչ զարգացումների է պատրաստվում ռեժիմը:

 

 

 

 

«Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթերից մեկը պատմում է 2006թ. սեպտեմբերի 5-ին այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսի զրույցի մասին: Դեսպանը, զրույցի հիմնական թեման ամփոփելուց հետո, Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված մի պատմության վրա է ուշադրություն հրավիրել: Սերժ Սարգսյանը ԱՄՆ դեսպանին պատմել է, որ հայ լրագրողներից մեկի հետ հեռախոսային զրույց է ունեցել, որն իր մասին «անհիմն» մեղադրանքներ է հրապարակած եղել: Սերժ Սարգսյանը հարց է բարձրացրել, թե ինչպե՞ս պիտի ինքը վարվեր իր բարի համբավն այդօրինակ կերպով ոտնահարողի հետ: Նա ասել է, որ ինքը կարող էր հաստավիզներ ուղարկել լրագրողի տուն ու պատժել նրան, բայց նման բան չի արել, քանի որ դա բոլոր սահմաններից դուրս կլիներ: Սերժ Սարգսյանը չի էլ նկատել, որ այդպիսով ինքը դեսպանին փաստել է, որ հաստավիզների բանդա է պահում, որոնց կարող է հրահանգել մարդկանց նկատմամբ հաշվեհարդար տեսնել: Հետաքրքիր է՝ հիմա ինչո՞վ են զբաղված այդ բանդիտները:

 

 

 

 
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկ շաբաթում երկու պատվիրակություն է կազմավորել, որոնք պետք է բանակցեն նոր վարկերի ներգրավվման համար: Մասնավորապես, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վարչապետի՝ հուլիսի 6-ին ստորագրած որոշմամբ ստեղծված բանակցային խումբը պետք է զբաղվի Ասիական զարգացման բանկից Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի՝ «Տրանշ 2»-ի շրջանակներում առաջարկվող 112 մլն 970 հազար դոլար վարկի շուրջ Երեւանում կայանալիք բանակցություններով: Իսկ երկրորդ բանակցային խումբը ստեղծվել է հուլիսի 15-ին ստորագրած որոշմամբ: Այս մեկն էլ բանակցելու է «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Եվրասիական զարգացման բանկի միջոցով Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկ ստանալու շուրջ: Ի դեպ, երկրորդ վարկի չափի մասին որոշման մեջ ոչինչ նշված չէ: Փաստորեն ստացվում է, որ ամեն ամիս ՀՀ Կառավարությունը մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկ է վերցնում: Իսկ թե ինչպես են դրանք վերադարձնելու, հայտնի չէ:

 

 

 

 

ԱՆԱՎԻԱՑԻՈՆ

ՀՀ Կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովին, Էկոնոմիկայի նախարարության եւ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչներին առաջարկել է բանակցել այն ընկերությունների հետ, որոնք գիշերային թռիչքներ են կազմակերպում, դրանք առավոտյան ժամերի տեղափոխելու շուրջ, քանի որ այդ տարաժամ թռիչքները անհարմարություն են ստեղծում զբոսաշրջիկների համար:
Ինչ խոսք` Կառավարության ղեկավարի մտահոգությունը միանգամայն տեղին է, եւ այդ հանգամանքը, իրոք, վնասում է զբոսաշրջությանը: Տարակուսելի է, որ միեւնույն ժամանակ չի բարձրացվում ավիատոմսերի շուկայում տիրող խայտառակ վիճակը շտկելու հարցը: Ի վերջո, այսօր զբոսաշրջությանը շատ ավելի մեծ վնաս են հասցնում ոչ թե ուշ կամ կանուխ թռիչքները, այլ ավիատոմսերի սարսափելի բարձր գները: Եթե տարիներ առաջ հայաստանցիների մի մասն էր մեկնում Թբիլիսի` այնտեղից այս կամ այն արտերկիր թռչելու, ապա այսօր դա արդեն համատարած բնույթ է կրում: Ի վերջո, մարդիկ պատրաստ են անգամ լրացուցիչ անհարմարավետություն կրել` Երեւանից մի քանի ժամյա ճանապարհ կտրելով դեպի Թբիլիսի եւ հակառակը, սակայն փոխարենը վճարել գրեթե եռակի պակաս գումար նույն ավիատոմսի համար:
Տարիներ շարունակ ՀՀ-ի ավիաշուկայում առկա բոլոր խնդիրները կապվում էին ազգային փոխադրողի` «Արմավիայի» վատ կառավարման հետ: Եվ երբ ահռելի գերշահույթներ ստացող այդ ընկերությունը, այնուամենայնիվ, որոշվեց սնանկ ճանաչել եւ անցնել «բաց երկնքի» քաղաքականության, իշխանությունները ոգեւորված հայտարարում էին, թե այդ «կարեւորագույն բարեփոխման» արդյունքում Հայաստանում ավիատոմսերի գները շեշտակի էժանանալու են:
Նման բան, սակայն, տեղի չունեցավ: Փոխարենը շեշտակի ընկավ հայկական ավիաշուկա մուտք գործած ընկերությունների առաջարկած ծառայությունների որակը: Եվ եթե նախկինում մենք ունեինք թանկ, բայց քիչ թե շատ տանելի որակի ավիասպասարկում, ապա այսօր ունենք ոչ միայն գերթանկ, այլեւ անորակ սպասարկում` սկսած օդանավերի հարմարավետությունից, ավարտած դրանցում պարբերաբար բնույթ կրող «Լեզվի մասին ՀՀ օրենքի» խախտումներից: Իսկ բազմաթիվ չվերթներում ուղեւորներին մատուցվող սնունդը վճարովի դարձնելու նորամուծության մասին էլ չենք խոսում, ինչը գուցե կարող էր ընդունելի լինել, եթե դրա արդյունքում ավիատոմսերի գները կոնկրետ սնունդ չցանկացող ուղեւորների համար ավելի էժան լինեին:Դա, սակայն, այդպես չէ:
Միով բանիվ, ՀՀ-ի ավիածառայությունների ոլորտը հիմնովին բարեփոխելու կարիք կա, եւ լավ կլինի, որ ՀՀ իշխանություններն արագ զբաղվեն այդ հարցով, քանի դեռ ուկրաինական ավիաշուկայի բարեփոխմամբ զբաղվող Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հերթական անգամ ցույց չի տվել, որ որեւէ ոլորտ բարեփոխելու համար բավարար է ընդամենը մեկ չկոռումպացված պաշտոնյայի քաղաքական կամքը:




Լրահոս