Արամ Ա-­ն Եթովպիայի եկեղեցու հոգևոր պետի հետ քննարկել է երկու եկեղեցիներին առնչվող ծրագրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անթիլիասի մայրավանքում խորհրդակցական հանդիպում է տեղի ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի և Եթովպիայի եկեղեցու հոգևոր պետ Նորին Սրբություն Աբունա Մատթեաս պատրիարքի միջև: Այս մասին «Արմենպրես»­-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:

Հանդիպմանը ներկա էին Կիպրոսի հայոց առաջնորդ Գերշ. Տ. Նարեկ արք. Ալեմեզյանը, կաթողիկոսարանի միջեկեղեցական բաժանմունքի վարիչ Գերպ. Տ. Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը, կաթողիկոսարանի դիվանապետ Խաչիկ Տետեյանը և կալվածքների հանձնախմբի անդամ Վահե Գալինջյանը:

Եթովպիայի եկեղեցու կողմից պատրիարքի կողքին ներկա էին պատրիարքի օգնական երկու եպիսկոպոսներ, Միջին Արևելքի եթովպական համայնքների առաջնորդը և Լիբանանում Եթովպիայի դեսպանը: Շուրջ մեկ ժամ տևող խորհրդակցություններն ընդգրկել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Եթովպիայի ուղղափառ քույր եկեղեցու հարաբերություններին առնչվող ծրագրեր: Շեշտվել է եկեղեցիների գործակցությունն ավելի ամրապնդելու հրամայականը:

Հանդիպման ընթացքում նաև քննարկվել է Լիբանանում հաստատված եթովպական համայնքի հետ օրինական, վարչական, տնտեսական ու հովվական մի շարք հարցեր: Նկատի ունենալով որ Լիբանանում հաստատված եթովպական համայնքը մինչև այժմ իրավական ճանաչում չունի, որպես քույր եկեղեցի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը հովանավորում է համայնքը՝ իրավական ու հովվական տեսանկյունից։




Լրահոս