Քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, իսկ Ադրբեջանը կարգավորման գործընթացին նման անադեկվատ վերաբերմունք է ցուցաբերում, լարվածությունը միշտ էլ կլինի: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը:
«Եթե նկատել եք, տարվա ընթացքում, տարբեր իրադարձություններով պայմանավորված, Ադրբեջանի զինուժը կտրուկ ակտիվանում կամ պասիվանում է: Սա մարտավարական քայլ է, որի առանցքային նպատակն առաջին գծում մշտապես լարվածության պահպանումն է»,- նշեց նա:
Հարցին` հնարավո՞ր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի կամ այս տարվա հունվար-փետրվար ամիսների իրավիճակի կրկնություն լինի, Աբրահամյանն ասաց. «Մասշտաբային առումով այս ակտիվացումը նախորդ վերջին 2 խոշոր օպերացիաներին զիջում է, սակայն կիրառվող զինատեսակների առումով՝ ոչ: Անհնար է բացառել, որ այս ակտիվացումը ևս կարող է առավել մասշտաբային բնույթ կրել, այնպես, ինչպես նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում»:
Ըստ քաղաքագետի` մտահոգիչ է, որ հակառակորդը առավել հաճախակի սկսել է կիրառել հրետանային միջոցներ, որոնք էականորեն մեծացնում են վնասներ պատճառելու ռիսկերը:
Տիգրան Աբրահամյանի խոսքով` այն, որ վերջին 1-2 շաբաթների ընթացքում հակառակորդի ակտիվությունը դեռևս մասշտաբային բնույթ չի կրում, խոսում է այն մասին, որ հայկական կողմը ոչ միայն համապատասխան ձևով արձագանքում է հակառակորդի քայլերին, այլև սահմանագծի տարբեր հատվածներում կանխարգելիչ քայլեր է իրականացնում, ինչը թույլ չի տալիս Ադրբեջանին հասնելու իր գլխավոր նպատակին. այն է՝ սահմանագծի բոլոր հնարավոր ուղղություններով լոկալ օպերացիաներ իրականացնել: