«Լեզվի մասին» օրենքը հերթական համաժողովում խախտվեց. ի՞նչ է անում ԼՊՏ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 21-ին հերթական անգամ գերատեսչություններից մեկում կազմակերպված համաժողովն անցկացվել է օտար լեզվով` ռուսերենով, առանց համընթաց թարգմանության: Խոսքն այս անգամ Էկոնոմիկայի նախարարության կազմակերպած արդյունաբերական համաժողովի մասին է:

Ու թեեւ փոխնախարար Էմիլ Տարասյանը համաժողովի սկզբում ներողություն է հայցել ներկաներից, սակայն դրանից «Լեզվի մասին» օրենքի խախտման փաստը չի փոխվել:
Հիշեցնենք, որ ըստ «Լեզվի մասին» օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների եւ պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը:

«Ժողովուրդ»-ը լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանից հետաքրքրվեց` արդյոք տեսչությունը վերահսկում է այս եւ նմանատիպ այլ խախտումները, քանի որ ՀՀ օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն՝ վերոնշյալ օրենքի պահանջները խախտելու համար:

Սերգո Երիցյանի խոսքով` եթե այս կարգի միջոցառումները հրապարակային են, պետք է անցկացվեն հայերենով. «Պետք է առնվազն ունենալ հայերեն սինքրոն թարգմանություն, հակառակ դեպքում տեղի է ունենում օրենքի խախտում, ուստի խախտողները պետք է տուգանվեն: Իսկ եթե խոսքը նեղ քննարկման մասին է, որը հրապարակային բնույթ չի կրում, կարող է եւ ընտրվել աշխատանքային լեզու, երբեմն նաեւ` լեզուներ»,-ասաց նա:

Մենք հարցրինք` ինչ է պատրաստվում անել կոնկրետ վերոնշյալ համաժողովի առնչությամբ լեզվի պետական տեսչությունը, քանի որ փաստացի արձանագրվել է օրենքի խախտում: Սերգո Երիցյանը պատասխանեց. «Մենք կզգուշացնենք կազմակերպիչներին, Դուք կարող եք մեզ ահազանգել, մենք անպայման կզգուշացնենք, իսկ իրողության կրկնվելու դեպքում արդեն գործի կդնենք մեր մեխանիզմները»:

Մենք նաեւ նշեցինք, որ «Լեզվի մասին» օրենքի նմանատիպ խախտումներ նախկինում էլի են եղել, եւ հարցրինք` արդյոք ԼՊՏ-ն խնդիրը տեղափոխել է օրենսդրական դաշտ, ինչին Սերգո Երիցյանը պատասխանեց, որ լեզվի տեսչությունը զգուշացումներ է արել, օրինակ, Ազգային ժողովում տարվող քննարկումներից մի քանիսի առնչությամբ, եւ խնդիրը լուծվել է. «Զգուշացումներ ենք արել, օրինակ, նաեւ առողջապահական մի ֆորումի առնչությամբ, եթե դրանք արդյունք չտան, կկիրառենք օրենսդրական հնարավորությունները»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս