Մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծի գործով հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անունից նամակ է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:
Եվ այսպես՝ արդեն երկու ամիս է, ինչ ՀՀ քննչական կոմիտեում քննվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծի գործը: Նշենք, որ մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, մի խումբ անձանց հետ վերոնշյալ տարածքում վիճաբանել էր Գորիս քաղաքի բնակիչներ Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների հետ, ինչի արդյունքում Հարություն Զաքարյանը կանգնած է մեկ աչքի տեսողությունը կորցնելու վտանգի առաջ: Դեպքից որոշ ժամանակ անց երկու եղբայրներն այս գործով ճանաչվեցին տուժողներ, իսկ, ահա, մարզպետի մտերիմ շրջապատը հայտնվեց ՀՀ քննչական կոմիտեի «թրի» տակ: Արդյունքում, Սուրիկ Խաչատրյանի շրջապատից 6 հոգու` մարզպետի եղբորը` Սեյրան Խաչատրյանին, եւ նրա որդուն` Էյներ Խաչատրյանին, մեղադրանք առաջադրվեց 118-րդ հոդվածի հատկանիշներով` ծեծ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին: Մարզպետի մյուս եղբոր` Սերոբ Խաչատրյանի որդուն՝ Մայիս Խաչատրյանին, մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում (մինչ օրս հայտնաբերված չէ), իսկ, ահա, մարզպետի վարորդի` Արագածի որդուն` Դերենիկ Ղեւոնդյանին, եւ ոմն Յուրկային մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նրանք գտնվում են կալանքի տակ: Բացի այդ` մարզպետի մտերիմներից Շահում Դավթյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` նրա նկատմամբ էլ որպես խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը:
Այս ամենից հետո բոլորին մեկ հարց էր հուզում՝ ինչ է սպասվում տեղի ունեցածի հիմնական դերակատարին` Տիգրան Խաչատրյանին: Ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ Տիգրան Խաչատրյանի ճակատագիրը պարզ կլինի այն ժամանակ, երբ Մոսկվայից կվերադառնա այս գործով հիմնական տուժող Հարություն Զաքարյանը եւ պնդի, որ իրեն ծանր վնասվածք հասցնողը եղել է հենց Տիգրանը Խաչատրյանը: Եվ, ահա, հունիսի 30-ին Հարություն Զաքարյանը վերադարձավ Հայաստան: Առողջական խնդիրների պատճառով նա կարողացավ ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության ներկայանալ միայն հուլիսի 15-ին: Ըստ մեզ հասած տեղեկությունների` Հարությունը պատմել է ողջ եղելությունը եւ, ըստ ամենայնի, տվել է Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի անունը, քանի որ հարցաքննությունից հետո՝ հուլիսի 20-ին, ՀՀ քննչական կոմիտեն Հարություն Զաքարյանին եւ Տիգրան Խաչատրյանին հրավիրել է քննչական մարմին՝ առերեսման: Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Սյունիքի մարզպետի որդին, սակայն, չի ներկայացել քննչական մարմին: Իսկ, ահա, ավելի ուշ մեզ տեղեկություններ հասան, որ մարզպետի ընտանիքի անունից դիմում է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դիմումում մարզպետի ընտանիքը հայտնել է, թե ինչու Տիգրան Խաչատրյանը չի ներկայացել առերեսման: Բանն այն է, որ Տիգրանի փաստաբանը երկրում չէ, եւ նրանք խնդրել են քննչական կոմիտեին, որ իրենց 4 օր ժամանակ տան, մինչ իրենց փաստաբանը վերադառնա, որից հետո Տիգրան Խաչատրյանը կներկայանա ՀՀ քննչական կոմիտե եւ կառերեսվի Հարություն Զաքարյանի հետ: Մեր տեղեկություններով` հուլիսի 24-ին կլրանա մարզպետի ընտանիքի դիմում-խնդրանքի ժամկետը: Մնում է հուսալ, որ մարզպետի որդին կներկայանա քննչական մարմին եւ չի փորձի կրկնել իր նախորդ սխալն ու լքել երկիրը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՓԱՍՏԱԲԱՆԻՆ ՃՆՇՈ՞ՒՄ ԵՆ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի գործով (հիշեցնենք, որ նախարարի կինը պահանջում է հերքել թերթի՝ «Հանրությունն ուզում է իմանալ» եւ «Հանրությունն ուզում է իմանալ 2» վերտառությամբ հոդվածները) «Հրապարակ» օրաթերթի պաշտպան Տիգրան Ավետիսյանը երեկ հրաժարվել է մասնակցել դատական նիստերին եւ պաշտպանել օրաթերթի շահերը: Armlur.am-ի հետ զրույցում փաստաբանը չի ցանկացել որեւէ մեկնաբանություն տալ այդ առնչությամբ. «Ես համապատասխան իրավական ձեւակերպումներով ներկայացրել եմ դիմումը: Այլ մեկնաբանություններ չեմ ցանկանում տալ, կարիք չկա»: Հնարավոր սպառնալիքների կամ ճնշումների վերաբերյալ եւս փաստաբանը որեւէ բան չի ցանկացել ասել:
Իսկ խնդրո առարկա հանդիսացող հոդվածների հեղինակ Սյուզան Սիմոնյանը Armlur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ փաստաբանի` իրենց ծառայություններ մատուցելուց հրաժարվելու հանգամանքը կապված է մյուս կողմից եղած ճնշումների հետ:
Միաժամանակ Ս. Սիմոնյանը նշեց, որ այդ ճնշումները թաքնված են դրսեւորվում եւ ոչ ակնհայտ. «Որքանով է դա կապված Ռուզաննա Խաչատրյանի եւ Կարեն Մեժլումյանի հետ, այս պահին չեմ կարող ասել: Ես դատարանում հայտարարեցի, որ սա ընկալում ենք որպես ճնշում. Կարեն Մեժլումյանն ու օգնականը վրդովվեցին, բայց այլ կերպ ինչպե՞ս մեկնաբանենք, եթե փաստաբանը հայտարարում է, որ իր գործընկեր վստահորդների հետ վաղուց աշխատել են, պայման են դրել, որ Տիգրան Ավետիսյանը պետք է հրաժարվի պաշտպանությունից: Հակառակ դեպքում փաստաբանական ընկերության հետ կխզեն պայմանագիրը»: Սյուզան Սիմոնյանի գնահատմամբ, հայաստանյան իրականության մեջ ճնշումների ամենատարբեր դրսեւորումներ կան: Սա էլ ճնշման ձեւ է, պարզապես այս ճնշումը, մեր զրուցակցի խոսքով, թաքնված է:
Նշենք, որ այս դեպքում «Հրապարակ» օրաթերթը կարող է դիմել փաստաբանների պալատին` Տիգրան Ավետիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու պահանջով: Եթե պարզվի, որ փաստաբանի պատճառաբանությունները` կապված պաշտպանությունն իրականացնելուց հրաժարվելու հետ, անհիմն են, ապա կարգապահական տույժ կկիրառվի: Մեր հարցին` դիմելո՞ւ են արդյոք պալատին, Սյուզան Սիմոնյանը դժվարացավ պատասխանել` նշելով, այս պահին դեռեւս խմբագրությունը հստակ որոշում չի կայացրել:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԵՏԱՁԳՎԵՑ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի՝ ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի ներկայացրած հայցով նախնական դատական նիստը հետաձգվել է: Դատարանը, հաշվի առնելով «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի՝ երկրում չգտնվելու ու գործում ներգրավված փաստաբան Տիգրան Ավետիսյանի՝ գործից հրաժարվելու փաստը, հաջորդ դատական նիստը նշանակել է օգոստոսի 25-ին:
ՄԵՐԺԵԼ ԵՆ
Վերաքննիչ քրեական դատարանը երեկ մերժել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը` իր պաշտպանյալին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ: Ալումյանը պատրաստվում է այդ դատական ակտը բողոքարկել Վճռաբեկ, ապա՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
ՀԱՐԲԱԾ ՌՈՒՍ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած շղթայական ավտովթարի պատճառները: Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Ալեքսանդր Կալենտեւը, Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցով վարելով «Մերսեդես C» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս եւ բախվել Գյումրիի բնակիչ Խ.Գեւորգյանի վարած «ԳԱԶ 3110-101» մակնիշի ավտոմեքենայի ձախ կողմին, ապա կանգ չառնելով՝ շարունակել է ընթացքը դեպի Շիրակացի փողոցի 3-րդ շենքի դիմաց եւ բախվել մայթի մոտ կայանված քաղաքացի Լ.Գրիգորյանի «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային, որն էլ, իր հերթին առաջ ընթանալով, բախվել է իր առջեւ կայանված մեկ այլ ավտոմեքենայի: Ալեքսանդր Կալենտեւը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Ստուգվել են նշված ավտոմեքենաների վարորդների սթափության աստիճանը. ըստ համապատասխան ակտերի՝ Ա.Կալենտեւի շնչառության մեջ ալկոհոլի առկայությունը եղել է 0,85մ/լ, որը համապատասխանում է միջին աստիճանի հարբածությանը: Մյուս վարորդները եղել են սթափ: Նյութերի նախապատրաստման ընթացքում տված բացատրությամբ Ա. Կալենտեւը հայտնել է, որ վթարի մեղավորն ինքն է, քանի որ մեքենան վարել է ոչ սթափ. օգտագործել է գարեջուր եւ պատրաստ է վերականգնել վթարից տուժած անձանց բոլոր վնասները: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
ԿԱՇԱՌՔԻ ԳՈՐԾՈՎ
ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետի պետի տեղակալ Արտուշ Ղուլյանը, ի պաշտոնե հանդիսանալով իշխանության ներկայացուցիչ, ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք՝ տվողի օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություն կատարելու համար: Մասնավորապես Արտուշ Ղուլյանը Հովսեփ Ն.-ի եւ Տիգրան Ա.-ի կողմից «Ամալյա Ադամյան» ԱՁ-ի անվամբ Իտալիայից եւ Ֆրանսիայից Հայաստանի ներմուծվող օծանելիքը մաքսակետում Տիգրան Ա.-ի՝ որպես անհատի անվամբ վերաձեւակերպելու, անվանափոխելու եւ մաքսազերծելու համար 2007 թվականի հոկտեմբերի 14-ին ստացել է շուրջ 5 հազ. 300 ԱՄՆ դոլար կաշառք: Հանցանքը կատարելուց հետո 2007 թվականի հոկտեմբերի 22-ից Ղուլյանը գտնվել է հետախուզման մեջ: 2015 թ. ապրիլի 10-ին, սակայն, ի վերջո, ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանություն:
ՎԱՏ ՆԱԽԱԴԵՊ
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը վրդովված է, որ «Իլուր» պարբերականի խմբագիր Քրիստինե Խանումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս հրաժարվել է կատարել դատարանի որոշումը եւ բացահայտել տեղեկատվության աղբյուրը: «Սա առաջին անգամն է, որ Հայաստանում լրագրողին մեղադրանք է առաջադրվում տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու համար:Խանումյանի նկատմամբ այս հետապնդումը Հայաստանում լրատվամիջոցների ազատության առումով վտանգավոր նախադեպ է հանդիսանում», – ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Յոհան Բիրը: