«Որոշել են Հանրապետականներով քննարկում անել». «Նաիրիտ»-ի հարցով քննարկմանը «Ժառանգություն»-ը չի հրավիրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, վաղը` հուլիսի 28-ին ԱԺ-ում տեղի կունենա «Նաիրիտ» գործարանի վերագործարկման, հետագա շահագործման վերաբերյալ քննարկում: Սակայն, ուշագրավն այն է, որ քննարկումը կազմակերպվել է այն ժամանակ, երբ պատգամավորների մեծ մասը երկրում չէ և մեկնել է հանգստի: Թե ում մտահղացումն է այս քննարկման կազմակերպումը, հայտնի չէ:

Armlur.am-ը Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից փորձեց հետաքրքրվել` արդյոք վերջինս հրավիրված է այդ քննարկմանը, սակայն ինչպես հայտնի դարձավ, նախարարը որևէ հրավեր չի ստացել: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ընդհանրապես տեղյակ չէր, թե խոսքն ինչ քննարկման մասին է: Վերջինս երկրում չէ, ինչպես Հանրապետականների մեծ մասը: Իսկ ահա ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը քննարկմանը մանակցելու որևէ հրավեր չի ստացել: Խմբակցության անդամ Թևան Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց` իրենք որևէ տեղեկություն չունեն հրավիրված քննարկման վերաբերյալ:

«Ես զանգեցի խմբակցություն: Խմբակցությունը հրավեր չի ստացել, որ վաղը ինչ-որ ժողով է լինելու, նիստ է լինելու: Փորձում եմ` հանձնաժողովից ճշտեմ ՝ արդյոք դա ինչ է, որի մասին ես տեղյակ չեմ եղել, որովհետև նույնպես հրավեր չեմ ստացել մասնակցելու: Միակ նախնական տեղեկությունը, որը հարյուր տոկոսանոց չի, այն է, որ այդ քննարկումը լինելու է Հանրապետական կուսակցության կամ խմբակցության կողմից նախաձեռնած: Այլ բան դեռ չունեմ: Չկա հրավեր, չեմ էլ մասնակցելու: Հանրապետական կուսակցությունը իր համար ներքին քննարկումներ է արել, ոնց որ օրինակ հոսանքի դեպքում համար արեց առանձին, Բիբինն էլ մասնակցեց, բայց դրանից հետո երբ եկավ ընդհանուր լսումների ժամանակը, Բիբինը նորից չեկավ ԱԺ: Հիմա չգիտեմ, «Նաիրիտ»-ի դեպքում էլ են որոշել իրենց կուսակցությունով քննարկում անել»,- մանրամասնեց պատգամավորը:

Քիչ առաջ ԱԺ-ի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հաղորդագրություն տարածեցին, թե «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ ուսումնասիրություններ են իրականացրել «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետները և ամփոփվել են Համաշխարհային բանկի կողմից կատարված աշխատանքները: Պատգամավորի համար սա ևս անհասկանալի էր. «Ի՞նչ փորձագետներ, ի՞նչ համաշխարհային բանկ: Ինձ համար անհասկանալի է: Բայց եթե ճիշտն ասեմ, չեմ համարում, որ այս ձևի կազմակերպվածությունը նորմալ չէ»: Թևան Պողոսյանը նշեց, որ կփորձի մասնակցել, եթե ստացվի: «Քանի որ վաղն արդեն այլ ծրագրեր ունեմ: Եթե ինչ-որ բան ծրագրավորում են, ապա ժամն ու օրը նախօրոք ասում են, ոչ թե բերան-բերան են փոխանցում»,- ասաց Թևան Պողոսյանը: Նշենք, որ փորձեցինք նաև կապ հաստատել խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հետ` պարզելու` միգուցե անձամբ իրեն են տեղյակ պահել քննարկման մասին, սակայն վերջինս որևէ հարցի չպատասխանեց. «Ոչ մի հարց: Ես հանրապետությունում չեմ»:

Ավելորդ չենք համարում նշել, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությանը հրավեր ուղարկվել է մասնակցելու այս քննարկմանը: Խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մեզ ավելի վաղ փոխանցեց, որ իրենց խմբակցությունը ստացել է հրավեր և երկրում գտնվող պատգամավորներն անպայման կմասնակցեն:




Լրահոս