Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստին այսօր ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից մասնակցում էր միայն «Բարգավաճ Հայաստան»-ը` կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանի մակարդակով: Վերջինս նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք պատրաստ են մասնակցել բոլոր այն աշխատանքներին, որոնցով կարող են պետությանը օգուտ տալ:
Բաբայանի խոսքով, կարևոր է, որ խորհրդի աշխատանքները դեկորատիվ բնույթի չկրեն, այլ իսկապես միտված լինեն խնդրի լուծմանը: Լրագրողի այն դիտարկմանը, թե ձեզ համար վստահելի՞ է մի խորհրդի կազմ, որի անդամ են այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանը, Բաբայանը պատասխանեց. «Մարդկանց հարստությունը կամ սոցիալական կարգավիճակը դեռ չի կարող մատնանշել այն հարցերը, որոնց շուրջ դուք եք այս պահին խոսում, և դա որևէ նշանակություն չունի, թե մարդն ինչքան ֆինանսական հնարավորություններ ունի խորհուրդներում կամ Կառավարությունում աշխատելու համար»: