Գաղտնիք չէ, որ համացանցային ծանոթություններն ու շփումները վերջին շրջանում հաճախ տհաճ միջադեպերի, անգամ դժբախտությունների առիթ են դառնում: Եվ, ահա համացանցի ծառայություններից օգտվելու հետևանքով տեղի ունեցած հերթական աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել մայաքաղաք Երևանում:
Այսպես, Armlur.am-ը տեղեկանում է, որ 5 տարի շարունակ` 2008-2013 թթ, 52-ամյա Լյովան «Օդնոկլասսնիկի.ռու» սոցցանցով տարածել է իր ընկերուհու` Լուիզայի (անունը փոխված է) կիսամերկ լուսանկարները: Ի դեպ, այս լուսանկարներն արվել են հենց Լուիզայի կամքով: Լյովան լուսանկարելուց հետո խոստացել էր ջնջել իր հեռախոսից, սակայն ոչ միայն խոստումը չի կատարել, այլև դրանք սպառնալիքի տեղ է գործածել:
Այն ժամանակ, երբ Լուիզան հայտնել է, որ այլևս չի ցանկանում շարունակել հարաբերությունները Լյովայի հետ, վերջինս արդեն նախկին սիրեցյալի եղբորորդուն ցույց է տվել իր հեռախոսում առկա կիսամերկ լուսանկարները: Լուսանկարները սոցցանցից Լյովան ջնջել է միայն այն ժամանակ, երբ դրանք տեսել է Լուիզայի եղբորորդին:
Տեղի ունեցածը քրեական գործի հարուցման առիթ է հանդիսացել, և Լյովայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Դատական տեղեկատվական համակարգից Armlur.am-ը տեղեկանում է, որ գործը մակագրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին: