ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ «ՏԱԿԻՑ ԳՈՐԾԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանի դեռ Սերժ Սարգսյանն իր ուղեղը քաղաքական իմաստով բացառապես ծանրաբեռնել է սահմանադրական բարեփոխումների վրա, դժվար է հստակ պնդում անել, թե ով է մեր երկրի նախագահի հավանական ժառանգորդը: Իհարկե, իշխանության մեջ կա մի խումբ, որն առավել հակված է, որ այդ կարգավիճակում լինի հենց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը:

Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանը կարեւորագույն որոշումները մշտապես կայացնում է վերջին պահին` մինչ վերջին վայրկյանը գաղտնիության մեջ պարուրելով հարցը, որպեսզի «ինֆորմացիոն ուտեչկա» չլինի: Սովորաբար, երբ Սերժ Սարգսյանը որեւէ մեկի հետ պայմանավորվում է որեւէ պաշտոնական նշանակում անելու շուրջ, ապագա պաշտոնյայից առաջին հերթին պահանջում է որեւէ մեկի հետ չկիսվել այդ թեմայով, չխոսել անգամ տանը կամ ընկերների հետ, մինչեւ այդ մասին պաշտոնական որոշում լինի: Թե ինչու է նա գործունեության այսպիսի ոճ ընտրել, դժվար է ասել, բայց որ նրա նախասիրություններն այդպիսին են, անհերքելի իրողություն է:
Թերեւս սա է պատճառը, որ եթե նույնիսկ Սերժ Սարգսյանն իր մտքում արդեն որոշել է գնալուց հետո գահը Սեյրան Օհանյանին հանձնել, ապա նա որեւէ մեկին չի ասի, կամ հազվագյուտ քչերը կիմանան այդ մասին: Բայց դատելով Սեյրան Օհանյանի պահվածքից, նրա գործունեությունից (պաշտպանության նախարարի գործառույթներից դուրս)՝ Սերժ Սարգսյանն առնվազն նման բովանդակության մի խոսակցություն ունեցել է Օհանյանի հետ: Պարզապես դեռ հստակեցումները վերջնականապես արված չեն` վերը բերված պատճառներից ելնելով:
Իսկ ինչո՞վ է զբաղված Սեյրան Օհանյանը. «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ նա ակտիվորեն զբաղված է իր համար ընտրապայքարի թիմ հավաքագրելով: Ամենատարբեր շրջանակների մարդկանց հետ է հանդիպում նախարարը, զրուցում երկրի վիճակի մասին, մտահոգություններ հայտնում անարդարության մթնոլորտի մասով, դժգոհում երկրի տնտեսական վիճակից եւ այդկերպ մարդկանց «բերանի համն է իմանում», որպեսզի հասկանա, թե մարդկային ինչ ռեսուրսների միջոցով է ի վիճակի թիմ ձեւավորել: Սեյրան Օհանյանի հետ մտահոգ հանդիպումների մեկնածներից շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Սեյրան Օհանյանն անձամբ խիստ դեմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ չի ցանկանում նախագահ դառնալու դեպքում ունենալ անգլիական թագուհու կարգավիճակ: Նա նպատակ ունի երկրի ղեկն իր ձեռքը վերցնել ՀՀ նախագահի այսօրվա ունեցած լիազորություններով: Իսկ թե ինչ հաջողության կհասնի, դժվար է ասել:
Ինչպես հայտնի է՝ սահմանադրական բարեփոխումները ձեռնտու են բացառապես Սերժ Սարգսյանին եւ նրա փեսայի` Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի երիտասարդ թիմին: Նրանք դեմ չեն փոփոխություններից հետո որեւէ երիտասարդի (կլինի օսլայած մազերով, թե առանց օսլայի) կարգել ՀՀ նախագահ, իսկ Սերժ Սարգսյանն էլ իրականում շարունակի լինել երկրի թիվ մեկ «շեֆը»:
Այս իմաստով ՀՀ սահմանադրական փոփոխությունները լրջագույն փորձություն են իշխանական շատ գործիչների համար, քանի որ նրանցից յուրաքանչյուրն այդտեղ իր հետաքրքրություններն ունի՝ ոմանք դրական, ոմանց դեպքում էլ բացասական իմաստով:
Դառնալով Սեյրան Օհանյանի հավակնություններին՝ նշենք, որ մեր երկրում այսօր իսկապես կա պատկերացում, որ Սեյրան Օհանյանն ամենահարմար թեկնածուն է, քանի որ բարեկիրթ է, պատերազմի բովով անցած, համեստ, թիմի մարդ եւ այլն: Բայց նա այս դրական վերապահումներին զուգահեռ արդեն սկսել է հայ դասական պաշտոնյային վայել կյանքով ապրել, ինչը օր օրի կարող է նվազեցնել նրա հնարավորությունները եւ փոխել վերը թվարկված առավելությունների հավասարակշռությունը` ընդդեմ Օհանյանի:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին նախարար Օհանյանը հասցրել է Սեւանում շքեղ առանձնատուն կառուցել, Վահագնի թաղամասում եւ Մոնումենտում դղյակների տիրանալ, էլ չենք խոսում Փարիզում հիվանդանոցի եւ այլ եկամտաբեր բիզնեսների մասին, որոնց առնչությամբ նախարարի տիկինը` Ռուզաննա Խաչատրյանը, դատական գործընթացների մեջ է ներգրավվել մամուլի ներկայացուցիչների հետ:
Թե այս պայմաններում ինչ արդյունքի կհասնի նախարար Օհանյանը թիմի հավաքագրման առումով, դժվար է ասել, բայց նրա ձգտումներն անթաքույց են, հնարավորությունները` դեռ երեւացող:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

 
ՉԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ
Տեւական ժամանակ է` քննարկվում է ՀՀ արդարադատության նախարարի հնարավոր թեկնածուների հարցը: Ի թիվս այլոց նշվում է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանի անունը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է հենց Կորյուն Նահապետյանից ճշտել՝ արդյոք նախարարի պորտֆելն իրեն առաջարկվել է: ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ ինքը Հայաստանում չէ եւ իր՝ նախարար նշանակելու հնարավորության մասին լուրերին ծանոթացել է մամուլից: Մեր ճշտող հարցին, թե արդյոք առաջարկություն ստացել է, Նահապետյանը պատասխանեց. «Որեւէ առաջկություն չի եղել»: Նշենք, որ Կորյուն Նահապետյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի փեսան է ու պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքից: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ, ով հայտարարեց, թե շատ զբաղված է եւ չցանկացավ մեր հարցերին պատասխանել: Նկատենք, որ մինչ օրս նա իր հրաժարականը որեւէ կերպ չի մեկնաբանել:

 

ՓՈՂՈՑՆԵՐԸ ԿՓԱԿԵ՞Ն
Ինչպես հայտնի է՝ հուլիսի 17-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոտքի՛, Հայաստան» նոր նախաձեռնության հանրահավաքը: Նախաձեռնող խմբի անդամները Ազատության հրապարակում թռուցիկներ էին բաժանել, որոնցով կոչ էին անում մարդկանց միանալ հուլիսի 27-31-ը Երեւանի գլխավոր փողոցները փակելու ակցիաներին: «Ժողովուրդ»-ը փորձեց նախաձեռնության անդամ, Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանից պարզել, թե առաջիկա երկուշաբթի իրենք որ փողոցներն են նախատեսում փակել: «Այս պահի դրությամբ չենք ասելու մանրամասները, ոչ թե նրա համար, որ գաղտնի ենք պահում, այլ նրա համար, որ քննարկումներ են գնում տարբեր քաղաքական ու հասարակական ուժերի հետ, դրա համար չենք ցանկանում ասել, թե կոնկրետ ինչ ենք անելու: Երբ որ քննարկումները կվերջանան, շաբաթվա վերջ արդեն կկարողանանք հստակ ասել, թե ինչ ենք անելու»,- պատասխանեց Սանասարյանը:

 

ՈՐ ՉԲԱՄՓԻ
ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված Նոր Հաճնի եկեղեցու օծման արարողությանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այդպես էլ չմասնակցեց: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ՀՀԿ-ական պատգամավորներից պարզել, թե ինչու Հ. Աբրահամյանը չմասնակցեց իր խնամու կազմակերպած «տոնակատարությանը»: ՀՀԿ-ականները, սակայն, կտրականապես հրաժարվում էին որեւէ մեկնաբանություն տալ, իսկ մասնավոր զրույցներում ասում էին, թե Աբրահամյանը խուսափում է հանրային վայրերում Ծառուկյանի հետ շփվել, քանի որ վերջինիս «բամփելու» մասին հայտնի հայտարարությունը շատ է շահարկվում: ՀՀ Կառավարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ չհաջողվեց այս հարցի հետ կապված մեկնաբանություն ստանալ:

 

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԼԱՐՎԱԾ ՎԻՃԱԿ Է
Հուլիսի 22-ին եւ լույս 23-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետերից ու նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:

 

ԻԼՀԱՄԻ ՄՈՏ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ներկայիս վիճակը եւ հեռանկարները:

 

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՏՎԵԼ
Կառավարության երեկվա նիստում քննարկելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ««Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ Կառավարությունը գտել է, որ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված չեն օբյեկտիվ անհրաժեշտությամբ: Փոխարենը հավանության է արժանացել ««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

 

ՀԱՏԿԱՑՐԵԼ ԵՆ
Տավուշի մարզի ճանապարհային ցանցի բարելավման, զբոսաշրջությանը նպաստող ենթակառուցվածքների ստեղծման նպատակով Կառավարությունը երեկ որոշել է Տավուշի մարզպետարանին հատկացնել 973,208.0 հազար դրամ: Մեկ այլ որոշումով Արմավիրի մարզպետարանին հատկացվել է 35,000.0 հազ. դրամ Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրի հիմնանորոգման եւ բարեկարգման նպատակով, ինչը թույլ կտա նաեւ պատշաճ անցկացնել Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի միջոցառումները:

 

ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ ԵՆ
Հայաստանի Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ավիատոմսերի սակագների նվազեցման, չվերթները գիշերային ժամերից ցերեկվա ժամերին տեղափոխելու վերաբերյալ հնարավորությունները: «Առաջին հարցի վերաբերյալ ավիաընկերությունների հայաստանյան ներակայացուցիչները նշեցին, որ դրա իրագործումը խնդրահարույց է, սակայն կներկայացնեն իրենց գլխամասային գրասենյակներ առաջարկություն՝ ուսումնասիրել գիշերային ժամերի չվերթները ցերեկային ժամերի տեղափոխելու հնարավորությունները: Բացի դա, ավիաընկերությունների ներկայացուցիչներին առաջարկվեց ներկայացնել իրենց կողմից սահմանված տոմսերի գները մինչեւ այս օգոստոսի վերջ», – ասված է ՔԱԳՎ հաղորդագրությունում:

 

ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Միացյալ Նահանգները շարունակում է հավատալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին: Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի գլխավոր օգնական Ռիչարդ Հոգլանդը:

 

ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպմանն անդրադարձ է եղել աշնանը Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի օրակարգին եւ ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահությանն առնչվող հարցերին: Նույն օրը Բորդյուժային ընդունել է նաեւ ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը:




Լրահոս