Նվազագույնը 10 մարդ է զոհվել Հնդկաստանի արևելքում Ջարկհանդ նահանգի Շիվա հնդկական տաճարի մուտքի մոտ տեղի ունեցած հրմշտոցի արդյունքում:
Ֆրանս Փրեսս գործակալության տվյալներով՝ միջադեպը գրանցվել է վաղ առավոտյան Դեոգարխ ծայրամասում, երբ ավելի քան 150 հազար մարդ հավաքվել է Բայդյանատխ տաճարի մոտ:
Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ մի քանի հազար մարդուց բաղկացած ամբոխը փորձել է ներխուժել առավոտյան բացված տաճարի դռներից ներս: Տեղի ոստիկանության տվյալներով՝ մարդիկ սկսել են տրորել նրանց, ովքեր քնած են եղել բազմահազարանոց հերթում: