«Այբ»-ը պատասխանում է Գևորգ Սաֆարյանի ազատման վերաբերյալ ՀԽ-ի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այբ» կրթական հիմնադրամը և «Այբ» դպրոցն արձագանքել են «Հիմնադիր խորհրդարան»-ի (ՀԽ) քարտուղարության հայտարարությանը, թե ՀԽ անդամ Գևորգ Սաֆարյանին հեռացրել են աշխատանքից իր քաղաքական գործունեության համար։

«Խոր ափսոսանք ենք հայտնում, որ Սաֆարյանը, միջոցների մեջ խտրականություն չդնելով, այս անգամ «ինքնահերոսացման ներշնչանք» է դարձրել իր գործատուին: «Այբ»-ը պաշտոնապես փաստում է. նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ չի եղել «Այբ» հիմնադրամի, «Այբ» դպրոցի հոգաբարձուների կամ որևէ գործադիր կամ ղեկավար մարմնի կազմում: «Այբ» հիմնադրամը և «Այբ» դպրոցը երբևէ որևէ մեկին աշխատանքի չեն ընդունել կամ աշխատանքից ազատել՝ ելնելով նրա քաղաքական դիրքորոշումից, ազգային կամ կրոնական պատկանելությունից: «Այբ»-ը հարգում է յուրաքանչյուրի ընտրության իրավունքը և որևէ միջամտություն չի ունենում այդ ընտրության գործում», – ասված է հայտարարությունում։

«Այբ»-ը նշում է, որ Սաֆարյանն աշխատանքի է անցել հունվարի 12-ից «երբ գործազուրկ էր և արդեն իսկ հասցրել էր հանրությանն ի ցույց դնել իր քաղաքական հայացքները»:

«Այս պահին Սաֆարյանը շարունակում է պաշտոնապես մնալ «Այբ» դպրոցի աշխատակից: Ի թիվս այլ աշխատակիցների՝ նրա հետ տեղի է ունեցել զրույց, որի ընթացքում նրան ներկայացվել է «Այբ» դպրոցում սպասվելիք էական կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունը: Այդ փոփոխություններն անմիջականորեն ազդելու են 16 հաստիքի վրա: Ակնհայտ է, որ Սաֆարյանը միտումնավոր կերպով հրահրում է աշխատանքային պայմանագրի աղմկահարույց խզում՝ նպատակ ունենալով հերթական անգամ ուշադրություն գրավել սեփական անձի վրա: Գևորգ Սաֆարյանի և «Այբ» դպրոցի փոխհարաբերությունները կրում են բացառապես աշխատանքային բնույթ, և մեզ համար անընդունելի է դրանց տեղափոխումն այլ հարթություն», – ասված է հայտարարությունում:




Լրահոս