ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ բուհերի ռեկտորների խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը նշել է, որ հանդիպման հիմնական առանցքը լինելու է բուհերում գալիք ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների քննարկումը` ելնելով պետական գերակայության քաղաքականությունից:
Արմեն Աշոտյանն անդրադարձել է այս տարվա նորամուծությանը՝ անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի 10 տոկոսի չափով վճարովի ուսուցման համակարգ ընդունված ուսանողների փոխհատուցմանը բուհի միջոցների հաշվին՝ ըստ նախարարության հաստատած մասնագիտությունների և տեղերի քանակի: «Հատկացված տեղերը պետք է նախատեսել մինչ ուսումնառության ավարտ՝ ըստ ռոտացիոն սկզբունքի»,-նշել է Արմեն Աշոտյանը:
«ՀՀ կառավարությունը հաջորդ տարի 2500 ուսանողի համար նախատեսել է բյուջետային միջոցներ, որպեսզի անապահով ընտանիքների համակարգում ընդգրկված և ՄՕԳ-ի համապատասխան նիշ ունեցող ընտանիքների ուսանողները ստանան 50-100 տոկոս զեղչ՝ որպես պետության կողմից փոխհատուցում»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով օրակարգի մյուս՝ օրենքից բխող ուսման վարձավճարների զեղչերի ամբողջական իրականացման խնդրին: «Ներկայումս նախարարությունը հետազոտություն է իրականացնում՝ պարզելու, թե ինչպես է այս նոր համակարգը աշխատում բուհերում և ինչպես է պահպանվում 7 տոկոս զեղչային ֆոնդի շեմը: Պատահական չէ, որ մեր հանդիպման օրակարգի առաջին հինգ հարցերը սոցիալական բնույթի են, քանի որ արվում է հնարավորը՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին ուղղված պետական քաղաքականությունն ավելի նպատակային դարձնելու, կրթության իրավունքի իրականացման նպատակով նրանց համար բոլոր նախադրյալները ստեղծելու համար: Կառավարությունը կփորձի անել հնարավորը՝ ամենավերջին լավ սովորող ուսանողին օգնելու համար»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով սահմանապահ համայնքների ուսանողների ուսման վարձի զեղչի և վերջիններիս անհատական մուծման գրաֆիկի հնարավորության հարցին:
Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ այս տարի ևս ՀՀ կառավարությունը սահմանամերձ համայնքներում կիրականացնի նպատակային քաղաքականություն: Մասնավորապես, նախորդ տարի սահմանված 14 սահմանամերձ համայնքների թիվը կընդլայնվի՝ հասնալով 31-ի: Բացի այդ, առաջին կուրսում վերոնշյալ սահմանամերձ համայնքների ուսանողների համար ուսման վարձավճարի զեղչը կկազմի 10 տոկոս, մնացած կուրսերում՝ 20 տոկոս, եթե ուսանողը հաղթահարում է ՄՕԳ-ի շեմը: Նախարարն անդրադարձել է նաև բուհերում ներքին աուդիտի իրականացմանը՝ ռեկտորներին հանձնարարելով բուհերի ներքին կանոնակարգման իրավական ակտերը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանը: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև հաջորդ տարվա բուհական ընդունելության կազմակերպմանը՝ ըստ նոր մասնագիտությունների ցանկի և կրթական ծրագրերի, ինչպես նաև հորդորել է, որպես ռեկտորների խորհրդի անդամներ և ՀՀ բուհերի ղեկավարներ, կարծիք ներկայացնել «Կրթության զարգացման պետական ծրագրի 2016-25թթ.» նախագծի վերաբերյալ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև ԵԲԿՏ 2020 հիմնական սկզբունքների ներդրման միջոցառումների ցանկի մշակման և հաստատման հարցը՝ հիմք ընդունելով ՀՀ Նախագահի և Կառավարության հաստատած ՀՀ-ԵՄ ընդլայնման ծրագիրը:
Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել նաև բուհերում ուսանողների կրթական իրավունքների և պարտականությունների վերաբերյալ տեղեկատվության բարձրացման, ուսանողների հետ համապատասխան մանկավարժական աշխատանք իրականացնելու և պատշաճ շփում ապահովելու հարցին: Այդ համատեքստում նախարարը ռեկտորներին առաջարկել է ամենօրյա հանդիպումներին զուգահեռ ամիսը մեկ անգամ ուսանողների համար սահմանել ռեկտորի ընդունելության օր: