Երեկ խորհրդարանական ուժերը՝ ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, հանդիպում ունեցան Սերժ Սարգսյանի հետ՝ քննարկելով Սահմանադրության նոր նախագծի բովանդակությունը: Արդեն հայտնի է, որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը հրաժարվել է հանդիպում ունենալ Սերժ Սարգսյանի հետ, իսկ ինչ վերաբերում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցությանը, ապա կուսակցությունը Ս. Սարգսյանի հետ հանդիպման հրավեր չէր էլ ստացել:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ կուսակցության անդամները «սգի» մեջ են, քանի որ իրենց համար եւս անհասկանալի է, թե այս անգամ ինչու Սերժ Սարգսյանը «մոռացավ» իրենց: Ըստ մեր տեղեկությունների՝ կուսակցությունում նույնիսկ լուրջ տարաձայնություններ կան այն հարցի հետ կապված, թե արդյոք ճիշտ է անգամ հրավեր լինելու դեպքում գնալ Բաղրամյան 26: «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր կուսակիցներին չի էլ ասում, թե ինչպես վարվեն, արդյո՞ք ճիշտ է ընդունել Ս. Սարգսյանի հրավերը, եթե անգամ այն լինի:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այսօր էլ Սերժ Սարգսյանը պլանավորել է հանդիպում ունենալ ոչ խորհրդարանական ուժերի հետ՝ մասնավորապես ՀՀՇ-ի, որի ղեկավարը Արարատ Զուրաբյանն է: Իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի ղեկավարը ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն է, երեկ հանդես եկավ հայտարարությամբ՝ հայտարարելով, թե իրենք դեմ են Սահմանադրության փոփոխությանը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարեց, որ Սահմանադրության փոփոխությունների այն նախագիծը, որն այսօր դրված է քննարկման, ամենեւին չի բխում ՀՀ քաղաքացիների կյանքի բարելավման եւ ՀՀ ինքնիշխանության, ժողովրդավարության ապահովման ու զարգացման, իշխանությունների տարանջատման, քաղաքացու իրավունքների պաշտպանության, քաղաքական եւ տնտեսական ազատ մրցակցության ապահովման սկզբունքների իրացման մեկնակետից:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է զրուցել «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար, թե ինչու այս անգամ Սերժ Սարգսյանը չցանկացավ հանդիպում ունենալ իրենց կուսակցության ներկայացուցիչների հետ:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
-Պարո՛ն Հակոբյան, արդյո՞ք Սերժ Սարգսյանից հանդիպման հրավեր ստացել եք՝ Սահմանադրության նոր նախագծի քննարկման համար: Ու եթե լինի, կընդունե՞ք:
-Ո՛չ, ո՛չ, հրավեր չի եղել կուսակցությանը: Պետք է լինի հրավերը, որպեսզի կուսակցությունում քննարկենք, թե արդյոք պետք է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, դեռեւս մենք հրավեր չենք ստացել, մենք ինչպես կարող ենք ասել, թե հանդիպման գնալու ենք, թե չէ: Պետք է սպասել, ամեն ինչ հերթով:
-Ըստ տեղեկությունների՝ «Ժառանգություն»-ում տարաձայնություններ կան այդ հարցի հետ կապված, որոշ հատվածը կարծում է, որ պետք է սեղանի շուրջ Սերժ Սարգսյանի հետ քննարկել սահմանադրական բարեփոխումների նախագիծը, իսկ որոշ հատվածն էլ կտրականապես դեմ է: Դուք ի՞նչ տեսակետ ունեք այդ հարցի հետ կապված:
-Որեւէ հարցի շուրջ կարելի է խոսել, եթե հրավեր լինի, եթե հրավեր եղավ, այդ ժամանակ էլ կլինի կուսակցության քննարկումը, այդ ժամանակ էլ պարզ կլինի տարաձայնություններ կա՞ն կուսակցությունում, թե՞ ոչ: Հիմա խոսել մի բանի մասին, որ իրական չէ, կարծում եմ՝ ճիշտ չէ: Մենք դեռեւս գնալ-չգնալու հարց չենք քննարկել, ինչպես կարող եմ խոսել ինչ-որ տարաձայնությունների մասին:
-Եթե Սերժ Սարգսյանը հրավեր չուղղարկի կուսակցությանը, դա արհամարհա՞նք կդիտվի Ձեր կողմից:
-Ես տեղյակ չեմ, ես միայն տեղյակ եմ, որ մենք հրավեր չենք ստացել: Այսքանը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
-Պարո՛ն Մարտիրոսյան, ինչո՞ւ այս անգամ Բաղրամյան 26 գնալու հրավեր չի ստացել «Ժառանգություն» կուսակցությունը, ինչո՞ւ են արհամարհել Ձեր կուսակցությանը:
-Բացարձակ նման բան չկա, այդտեղ բացարձակ վիրավորանքի խնդիր գոյություն չունի, կարծում եմ, որ այդտեղ նաեւ արտառոց բան չկա, թե ինչու մենք հանդիպում չենք ունենում: Սովորական նայեք այդ ամենին:
-Նշվում է, որ այս անգամ որ քաղաքական ուժերի հետ կհանդիպի Սերժ Սարգսյանը, նրանք էլ կլինեն 2017 թվականի խորհրդարանում: Դուք համամի՞տ եք այդ տեսակետի հետ:
-Հայաստանում եթե նույն ձեւով ընտրություններ անցկացնեն, ապա կանցկացնեն նրանց, ում ուզում են, ի՞նչ խնդիր կա, բայց դա դեռ չի նշանակում, որ ժողովուրդը քվեարկելու է միայն այդ ուժերին ու մնացածին չի քվեարկելու: Հետեւաբար, դա որեւէ խնդիր չի կարող լինել, դրանք ինչ-որ խոսակցություններ են, որոնք տարածում են իշխանական թեւի ներկայացուցիչները:
-Իսկ բացառո՞ւմ եք, որ եթե հրավեր լինի, «Ժառանգություն»-ը կգնա Բաղրամյան 26:
-Մենք այդ հարցը կքննարկենք վարչությունում, պետք է գնալ, թե ոչ, ես ինքս կարծում եմ, որ նման հանդիպման անհրաժեշտություն չկա, որովհետեւ անցած անգամ հանդիպեցինք, որեւէ արդյունք չտվեց, որեւէ առաջարկ չընդունվեց, հիմա այս անգամ հանդիպենք, ի՞նչ անենք:
ՕԵԿ-Ի, ՀՅԴ-Ի, ԲՀԿ-Ի ԵՐԱԶԱՆՔԸ ԿԱՏԱՐՎԵՑ. ՆՐԱՆՔ ՏԵՍԱՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Երեկ Բաղրամյան 26-ում տեղի ունեցավ հերթական ֆոտոսեսիան, որի մասին «Ժողովուրդ»-ը գրել էր դեռեւս օգոստոսի 12-ին: Այս անգամ Ս. Սարգսյանի հետ հանդիպեցին ԱԺ ԲՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ խմբակցությունների ներկայացուցիչները:
Երեկ Սերժ Սարգսյանն առաջինը հանդիպեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների հետ: ԲՀԿ-ն Սարգսյանի հետ գնացել էր «շատով»: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Աբրահամ Մանուկյանը, Վահան Բաբայանն ու Վարդան Վարդանյանը, հերթով մոտենալով Սերժ Սարգսյանին, «ձեռքով» բարեւել են, լուսանկարվել, որից հետո սեղանի շուրջ զրուցել Սահմանադրության նոր նախագծի մասին: ԲՀԿ-ն Ծառուկյանի կապիտուլացիայից հետո այլեւս Սերժ Սարգսյանի բոլոր քայլերը ճիշտ է համարում, ուստի Սահմանադրությունն էլ է իրենց սրտով այլեւս:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն, ու, որքան էլ տարօրինակ է, ՀՅԴ-ական Արսեն Համբարձումյանը նույն «ձեւաչափով» հանդիպում են ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՅԴ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել խորհրդարանում շարունակել ակտիվ եւ համակողմանի քննարկումները մասնագիտական հանձնաժողովի մշակած Սահմանադրության փոփոխությունների նախագծի շուրջ, որում, ըստ նրանց, տեղ են գտել երկրի զարգացումն ապահովող, իրենց համար կարեւոր հիմնական շեշտադրումներն ու ՀՅԴ մոտեցումները: Նկատենք, որ ՀՅԴ-ի սահմանադրագետ Արծվիկ Մինասյանը չկար:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Մհեր Շահգելդյանը, խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը, Իշխան Խաչատրյանն ու Արմեն Հարությունյանը, որը ՕԵԿ խմբակցությունից չէ, հանդիպում են ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Ու ինչպես բոլոր խմբակցության անդամները, նրանք եւս սեղմել են Սարգսյանի ձեռքն ու նույն հարցի շուրջ զրուցել: Նկատենք, որ ՕԵԿ-ը մինչ երեկ կոկորդ էր պատռում, թե դեմ է նախագծին, բայց Սարգսյանի հետ լայն ու գոհ ժպտում էին:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ ԱԺ խմբակցություններ «գործուղել» սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին, որը պետք է լսի խմբակցությունների առաջարկություններն ու այն ընդգրկի Սահմանադրության նոր նախագծում: Ըստ մեր տեղեկությունների՝ առաջիկա օրերին Վարդան Պողոսյանը հանդիպում է ունենալու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ, որից հետո մյուս խմբակցությունների հետ: Նշվում է, որ Վ. Պողոսյանի հանդիպումները լինելու են արդեն հաջորդ շաբաթ, որին կհետեւեն խորհրդարանական լսումները:
Իշխանությունները նպատակ ունեն արդեն մյուս շաբաթ ամբողջական ամփոփել նոր Սահմանադրության հետ կապված «հարցերը», որից հետո ԱԺ առաջին քառօրյայում կլինի նոր Սահմանադրության քննարկումն ու քվեարկությունը:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՀԷՑ-Ը ՀԱՍՏԱՏԵՑ
«Ժողովուրդ»-ը նախորդ համարում գրել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի»-ի աշխատակիցները մանր եւ միջին ձեռնարկություններին ինչ-որ փաստաթուղթ են տալիս ստորագրել: Ըստ այդմ, ձեռներեցներն այդպիսով ընդունում են, որ տեղեկացված են, որ էլէներգիայի սակագինը օգոստոսի 1-ից 7 դրամով թանկացել է, այսինքն՝ այլեւս պարտավորվում են բարձր սակագնով վճարել: Այս խնդրի առնչությամբ երեկ ՀԷՑ-ից «Ժողովուրդ»-ին պարզաբանեցին, որ նշված փաստաթուղթը կազմված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման հիման վրա: Իսկ ստորագրվող փաստաթուղթը հանդիսանում է սպառողի եւ ՀԷՑ-ի միջեւ կնքված հիմնական պայմանագրի հավելված, կազմվում է երկու օրինակից, մեկը տրվում է սպառողին, իսկ մյուսը ՀԷՑ-ի աշխատակիցները ստորագրված վերցնում են իրենց մոտ` ընկերության համապատասխան բաժնին ներկայացնելու համար: Ի դեպ, «Ժողովուրդ»-ի խմբագրությունը չի դադարում ահազանգեր ստանալ էլէներգիայի հուլիսի հաշիվների` սովորականից շեշտակի, երբեմն նույնիսկ կրկնակի ավել լինելու մասին: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ: Վերջինս ասաց. «Ես խորհուրդ եմ տալիս, որ նմանատիպ դեպքերում դիմեն մեր հանձնաժողով: Հավելագրումների մասով հանձնաժողովը տարվա ընթացքում ստանում է բողոքներ, բայց կոնկրետ հուլիս ամսվա մասով չենք ստացել: Խոստանում եմ, որ անպայման հետամուտ կլինենք եւ կփորձենք խնդիրը շտկել»:
ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ
Թալինի՝ արդեն նախկին զինկոմ Տիգրան Հայրապետյանի, Գորիսի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, մայոր Սպարտակ Բաղդասարյանի, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Սվետլանա Գրիգորյանի եւ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի բաժանմունքի վարիչ Ալլա Հովհաննիսյանի գործերն ուղարկվել են դատարան: Հիշեցնենք, որ վերջիններս 2014թ հուլիսին կալանավորվել էին եւ մեղադրվում են կեղծ ախտորոշումներով զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու, ապօրինի տարկետումներ տրամադրելու մեջ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախաքննության արդյունքներով վերը թվարկված պաշտոնյաները մեղադրվում են շուրջ 20-ից ավել զորակոչիկների կեղծ վկայականներ տրամադրելու եւ դիմացը կաշառք ստանալու մեջ:
ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման կեղծ վկայականներ տրամադրելու մեղադրանքով օրերս կալանավորված ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Էրեբունի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Սարգիս Կարապետյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Մեր տեղեկություններով՝ պատճառը սրտի անբավարարությունն է: