80-ամյա մորը սպանելու մեջ մեղադրվող տղամարդը տեղափոխվել է հոգեբուժարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում օգոստոսի 29-ին, տներից մեկի ավտոտնակում հայտնաբերել են 80-ամյա կնոջ դի:

Այսօր ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինից Armlur.am-ին հաղորդեցին, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում  80-ամյա կնոջ սպանության  դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել վերջինիս որդուն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, քաղաքացի Ա.Նազարյանը հաղորդում էր տվել, որ «Շիզոֆրենիա» հոգեկան հիվանդությամբ տառապող իր եղբայրը շուրջ մեկ ամիս թույլ չի տալիս մտնել իր հայրական տուն և տեսակցել  80-ամյա մորը:

2015թ. օգոստոսի 28-ին Ա.Նազարյանը ոստիկանության աշխատակիցների օգնությամբ այցելել էր հայրական՝ Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի 154-րդ տուն, որտեղ տանը կից ավտոտնակի հորի միջից հայտնաբերվել էր 80-ամյա Արաքսյա Անուշավանի Հարությունյանի դիակը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի  Կոտայքի մարզային քննչական վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):

Նշանակվել է դատահողագիտական և դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արաքսյա Հարությունյանի որդուն՝ Հ.Նազարյանին, մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):

2015թ. օգոստոսի 31-ին 80-ամյա կնոջ որդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն  չհեռանալու մասին:

Հ.Նազարյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական ստացիոնար, ինչպես նաև՝ նրա մարմնի վրա վնասվածքների առկայությունը պարզելու համար՝ դատաբժշկական փորձաքննություններ: Նա տեղափոխվել է «Նորք հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:





Լրահոս