«ԶՈՀԱԲԵՐԵՑԻՆ» ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲԱՐԵՀԱՃՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ղեկավարության սիրտը շահելու համար «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը ստիպված է եղել իր խմբակցության անդամին, իսկ ավելի կոնկրետ՝ Արծվիկ Մինասյանին լռեցնել: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Մինասյանը հարցազրույցներից մեկում քննադատել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Կառավարությանը: ՀՀԿ-ի ղեկավարությունն էլ՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ՀՅԴ-ից հաշիվ է պահանջել մոտավորապես այսպիսի բովանդակությամբ՝ եթե դուք մեզ հավերժ սեր եք խոստանում, ինչո՞ւ է ձեր կուսակիցը մեր Կառավարությանը քննադատում: Ի վերջո, ամեն ինչ ավարտվել է նրանով, որ արդեն երկու ամսից ավել է՝ Արծվիկ Մինասյանը հրաժարվում է լրագրողների հետ շփվել եւ որեւէ հարցի պատասխանել: Իսկ ՀՀԿ-ականներն էլ ցնծում են իրենց հաղթանակից, որովհետեւ եւս մեկ անգամ համոզվել են, որ 125-ամյա կուսակցության համար իշխանական տաքուկ անկյունն ավելի կարեւոր է, քան բարձր վարկանիշ ունեցող կուսակցականի հեղինակությունը: Պատմական այդ կուսակցությունում պատրաստ են անգամ իրենց կուսակիցների բերանը «կարել»: Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Երկիր մեդիայի» եթերում հայտարարեց, թե Արծվիկ Մինասյանի հետ կապված որեւէ խնդիր չկա, «նա մեր գործընկերն է»:

 
Ինչպես հայտնի է՝ նախօրեին Բելառուսի Գրոդնո քաղաքում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր ԵՏՄ շրջանակներում ապրանքաշրջանառության փոխադրաձ հաշվարկներն իրականացնել ռուբլով: Երեկ ողջ օրը ՀՀԿ-ականները փորձում էին արդարացնել Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը: Ըստ նրանց՝ նա նկատի է ունեցել ռազմավարական նշանակության ապրանքները, իսկ ավելի կոնկրետ՝ էներգակիրները՝ գազ, բենզին եւ դիզելային վառելիք: «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը եւս ասել էր, որ հայտարարությունը նախեւառաջ վերաբերում է էներգակիրներին: Ստացվում է, որ ՀՀ Կառավարությունում կարծում են, թե ռուսները կհամաձայնեն ՀՀ արտահանվող ապրանքը ռուբլով հաշվարկել, իսկ Հայաստանից ՌԴ արտահանվող ապրանքները՝ դոլարով: Բայց դժվար թե ռուսներն այդքան «հարիֆ» լինեն: Ամեն դեպքում, սպասենք հնչեցված հայտարարության արձագանքներին:

 

 
Երբ որեւէ հիվանդանոցում մահվան կասկածելի դեպք է արձանագրվում, անպայման նշանակվում է դատաբժշկական փորձաքննություն, որն անցկացնում է ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնը: Որպես կանոն՝ բժիշկների մեղքը հերքվում է: Սակայն, միեւնույն է, հիվանդների հարազատները մնում են իրենց համոզմանը, որ մահը բժիշկների մեղքով է եղել, իսկ կենտրոնի մասնագետներն էլ եզրակացությունը գրել են իրենց գործընկերներին բանտարկությունից ազատելու համար: Այս կասկածները պատահական չեն եւ բավական խոր արմատներ ունեն: Մարդիկ դեռ հիշում են, որ հենց այս կենտրոնն էր Մարտի 1-ի գործերով կեղծ եզրակացություններ տալիս: Այս կենտրոնի թոշակի գնացած նախկին ղեկավար Շոթա Վարդանյանն էր բոլորին համոզում, որ տեսագրությունում արյան «լճի» մեջ երեւացող մարմնի կտորը ոչ թե մարդու, այլ խոզի ծնոտի մաս է: Իսկ այսօր այդ կենտրոնը ղեկավարում է ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի փեսան՝ Մհեր Բիշարյանը:

 

 

 
Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով «Երեւան ջուր» ընկերությունը սպառողներին է առաքել 5 միլիարդ 485 մլն դրամի ջուր, որի դիմաց վճարումները կազմել են 95,9 տոկոս: Ուշագրավն այս թվերի մեջ այն է, որ խմելու ջրի համար բնակչության վճարումները կազմել են 100 տոկոս: Թերվճարողները եղել են մայրաքաղաքի տարածքում գործող բյուջետային հիմնարկները, որոնք իրենց օգտագործած ջրի միայն 85,7 տոկոսի դիմաց են վճարել: Ի դեպ, ողջ հանրապետության կտրվածքով եւս պատկերը գրեթե նույնն է. սպառված ջրի դիմաց վճարումներն ընդհանուր կազմել են 95,9 տոկոս, սակայն հիմնական չվճարողները ոչ թե Հայաստանի բնակչությունն է, այլ բյուջետային հիմնարկները: Ընդհանուր հանրապետության կտրվածքով այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով բյուջետային հիմնարկները թերի են վճարել ջրի վարձի 10,4 տոկոսը: Թվային արտահայտությամբ՝ պետական կազմակերպությունները խմելու ջուր մատակարարող կազմակերպություններին չեն վճարել 111 մլն 600 հազ. դրամ:

 

 

 
ՍԱ ԷՐ ՊԱԿԱՍ

Հայաստանի իշխանություններն իրենց վասալային մտածողությամբ կարծես թե առաջիկայում մեր երկիրը ներքաշելու են հերթական միջազգային սկանդալի մեջ: Երեկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ առաջիկայում Հայաստան է ժամանելու Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը: Ինչպես հայտնի է` Աքսյոնովի անունը ներառված է միջազգային պատժամիջոցների ցուցակում, եւ նրա մուտքն արգելված է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ԵՄ երկրներում: Ընդ որում, ուշագրավ է, որ խոսքը գնում է Աքսյոնովի` Հայաստան կատարելիք պաշտոնական այցելության մասին` «Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովի» շրջանակներում:
Ու թեեւ երեկ ողջ օրվա ընթացքում Հայաստանի պետական կառույցները` սկսած ԱԳՆ-ից, ավարտած նշված համաժողովը կազմակերպող տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությամբ, այդպես էլ խուսափեցին հստակ պատասխան տալուց՝ արդյոք Հայաստանից եղել է պաշտոնական հրավեր` ուղղված Ղրիմի ղեկավարին, այդուհանդերձ այս լուրն արդեն իսկ լայն տարածում է գտել միջազգային մամուլում, այդ թվում եւ ուկրաինական, որտեղ, բնականաբար, դա ցավոտ է ընդունվել:
Եվ եթե իրապես Հայաստանից չի եղել Ղրիմի ղեկավարին ուղղված հրավեր, ապա առնվազն անհասկանալի է, թե ինչու են ՀՀ պատկան մարմինները հապաղում այդ մասին հստակ եւ միանշանակ ասել: Օրինակ` նույն ՏԿԱԻՆ փոխնախարար Նիկոլայ Գրիգորյանը այս կապակցությամբ «Ազատությանն» ընդամենն ասել է.«Դեռ ճշտված չէ՝ ովքեր են գալու, դեռ ճշտված չէ՝ դա լինելու է, թե չի լինելու, ո՞նց կարող ենք ասել, որ այդ մարդու այցը կա կամ չկա»: Ասել է թե` ծուխն այս դեպքում էլ, կարծես թե, առանց կրակի չէ:
Իսկ Հայաստանի ինչին է պետք այս իրավիճակում նման ավանտյուրայի մեջ մտնել. այս հարցը չունի որեւէ ողջամիտ պատասխան, բացի այն, որ ՀՀ իշխանություններին նման քայլի դիմելու հրահանգ է իջեցվել Կրեմլից: Ճիշտ այնպես, ինչպես որ հայկական պատվիրակությանը հրահանգվեց ՄԱԿ-ում Ուկրաինայի հետ կապված բանաձեւին դեմ քվեարկել` համալրելով Ռուսաստանից կախված հետամնաց տասը այլ երկրների շարքը: Եվ եթե այդ քվեարկության դառը պտուղները Հայաստանի Հանրապետությունը մինչ օրս քաղում է` տարբեր միջազգային կառույցներում իր նկատմամբ քամահրական վերաբերմունքի դրսեւորումների տեսքով, ապա Աքսյոնովի այցելությունից հետո արդեն այդ դրսեւորումները կստանան նոր եւ մեզ համար շատ ավելի անցանկալի, առարկայական տեսք: Իսկ, որ ամենացավալին է, այդպես էլ պարզ չի դառնում, թե մենք Ռուսաստանի այդ որ դրական քայլի համար ենք այդպես փոխհատուցում:




Լրահոս