ԻՐԱՎԱՊԱՀ ԴԱՇՏԻ ԱՆԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ՀՀ գլխավոր դատախազ նշանակվեց Գեւորգ Կոստանյանը, տարածված կարծիք կար, թե նա անկաշառ, սկզբունքային, անարդարության դեմ պայքար տվող մի կերպար է, ով գլխիվայր շուռ է տալու դատախազական համակարգը, որը Աղվան Հովսեփյանի օրոք դարձել էր կոռումպացված, պատվեր կատարողների մի միավոր, որոնց համար գլխավոր արժեքը ազդեցիկ հեռախոսազանգն էր կամ արտարժույթը:

Բայց կարճ ժամանակ անց Գեւորգ Կոստանյանն իր գործունեությամբ ապացուցեց, որ սկզբունքայնությունը դրսեւորում է միայն այն դեպքերում, երբ գործ ունի անպաշտպան քաղաքացու հետ: Նրա ինքնադրսեւորումը հաջող չստացվեց, քանի որ իշխանության որեւէ օղակի հովանավորությունը վայելող ցանկացած մեկի կողմից կատարված հանցանքի վրա Կոստանյանը հանգիստ կարող է աչք փակել: Օրինակներն, իհարկե, բազմաթիվ են՝ սկսած Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի դեպքից, վերջացրած ԱԺ նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանի, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի բանդայի գործելաոճի ու մյուս պատգամավորների, գործարարների ու հեղինակությունների հարազատների արարքների կոծկումով: Կոստանյանը չոր ու կոպիտ բնավորությամբ, երբեմն անմարդկային աստիճանի դաժանությամբ կարողացել է իր ոխերիմ թշնամի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հետ հարաբերությունների այնպիսի լարում առաջացնել, որ իրավական համակարգը ուղղակի քաոսի է վերածվել: Մի մեծ քաոսի:
Այսօր հայտնի է արդեն, որ Հայաստանում ծանր հանցագործության՝ սպանության փորձի դեպքերն աճել են: Եւ նման իրավիճակներում թերեւս բնական է, որ կասկածյալներին հայտնաբերելուց հետո պետք է անմիջապես կալանավորել, որպեսզի այլ ծանր հանցանքների հնարավոր դեպքերը կանխվեն:
Անշուշտ, կալանավորման անհրաժեշտություն կա նաեւ այն դեպքերում, երբ մարդը մի քանի անգամ ընկել է քրեական պատմությունների մեջ, եւ հերթական անգամ նման արարքից հետո նրան ստորագրությամբ ազատ արձակելն ամենեւին էլ ճիշտ լուծում չի լինի, քանի որ ունակ է, ազատության մեջ լինելով, էլի վնասել որեւէ մեկի: Բայց երբ կալանավորում են քաղաքացուն իր տան մոտ բարձր խոսելու, միմյանց քաշքշելու, մարմնական լուրջ վնասված չունենալու եւ այլ թեթեւ հանցանքի գործերով, դա արդեն անտրամաբանական է: Եւ այս անտրամաբանական իրավիճակն առաջացել է իրավական դաշտի գիգանտների կռվի հետեւանքով. նրանցից յուրաքանչյուրը փորձում է սպիտակ ձեռնոցներով կերպարի մեջ մտնել՝ որպես անկաշառի, արդարության մարտիկի եւ այլն:
Արդյունքում ունենք մի պատկեր, երբ բոլորին իրավապահները նայում են նույն դիտակետից՝ առանց հաշվի առնելու, թե ով ինչ համբավ ունի, ինչի է ընդունակ, կամ արդյո՞ք այդ մարդը կարող է նախաքննության ընթացքում փախուստի դիմել: Կալանավորում են բոլորին՝ այդպես ի ցույց դնելով իրենց ազնվությունն ու թվացյալ պրոֆեսիոնալիզմը:
Իսկ ինչպես է տեղի ունենում կալանավորումը. կասկածյալն ինքն է գնում ոստիկանություն՝ հանձնվում, ոստիկանները ձերբակալում են կասկածյալին, հանձնում քննիչներին, վերջիննես որոշում են կալանքի միջնորդությամբ դիմել դատարան, գործը վերահսկող դատախազը «դաբրո է տալիս», եւ կասկածյալի գործը մտնում է դատարան: Եւ վայ այն դատավորին, ով կփորձի մերժել կալանքի միջնորդությունը. նրանց սկսում են մահացու մեղադրանքներ՝ ընդհուպ մինչեւ նախագահի նստավայր բողոքի ձայն բարձրացնելով: Ուստի գործին առնչվող բոլոր կողմերը, իրենց կյանքի հարմարավետությունն ապահովելու համար, ում բռնում, կալանավորում են: Եթե նշված օղակից որեւէ մեկը փորձի հակադրել, նրան մեղադրում են «փող վերցնելու», հովանավորչության եւ այլնի մեջ:
Դե, իսկ կալանավորման որոշումը կայացնելուց հետո արդեն անիվը հետ պտտելն ուղղակի անհնար է դառնում: Դատավորը վախենում է դատախազից ու քննիչից, դատախազը վախենում է, որ քննիչն իր քայլն ուրիշ կերպ կընկալի, ստիպված է լինում դատարանում պաշտպանել կալանքի պահանջը, իսկ քննիչն էլ դատախազից է վախենում՝ նույն դրդապատճառներով: Արդյունքում ունենք քաոսային մի իրավիճակ, երբ մարդը հայտնվեց Կոստանյան-Հովսեփյան «մսաղացի» մեջ, դուրս գալու շանսերը զրոյական են (եթե, իհարկե, ՀՀ նախագահի նստավայրում կամ ՀՀԿ վերնախավի ազդեցիկ դեմքերից որեւէ հովանավոր չունեն):
Բազմիցս ենք հրապարակել, որ Գեւորգ Կոստանյանը սպասում է՝ քննիչները սխալվեն, որ գործ հարուցի, ուղարկի քննության, Աղվանը Հովսեփյանը սպասում է՝ դատախազի լիազորություններն անցնեն, որ բողոքի, դատարան դիմի, նախագահին զեկուցի, լրատվամիջոցներով «արտահոսք» ապահովի եւ այլն: Արդյունքում, այս կամ այն առիթով հարուցված քրեական գործերի նախաքննության ժամկետներն անընդատ երկարացվում են: Իհարկե, դա իրավապահների իրավունքն է, բայց վերջին շրջանում այդ իրավունքը պարզապես քմահաճույք է դարձել: Ժամկետներն անընդհատ երկարացվում են, ապացույցներն այդպես էլ չեն գտնվում, թերի ապացույցներով գործերը մտնում են դատարան, ու մեծ մասը ավարտվում է ոչ կալանքի ելքով, քանի որ ի սկզբանե հիմնազուրկ է եղել կալանքի որոշումը: Ահա թե ինչ անառողջ մթնոլորտ է տիրում երկու անձի զզվելի դարձած հակամարտությունից:
Իսկ թե ինչու է Սերժ Սարգսյանը դեռ «թամաշա» անում այս իրավիճակին, այդպես էլ անհասկանալի է մնում:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դատի է տվել «Հայ-ռուսական միավորում» իրավապաշտպան ՀԿ-ին եւ դատարանի միջոցով պահանջում է ՀԿ-ի ղեկավար Ռոբերտ Ահարոնյանին հրապարակայնորեն արտահայտած վիրավորանքի եւ զրպարտության համար պատասխանատվության ենթարկել:
Ինչպես հայտնի է՝ 2015 օգոստոսի 10-ին ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը հանդես էր եկել հայտարարությամբ, թե իր կարծիքով Հայաստանը պետք է ընդգրկվի ՌԴ կազմում: Այս հայտարարությունից հետո քաղաքական էլիտան խառնվեց իրար, եւ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւ Տիգրան Ուրիխանյանը ստանձնեցին վերջինիս պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Արդյունքում, Անդրանիկ Նիկողոսյանի թիմակիցները ձեռքները ծալած չեն նստել եւ Տիգրան Ուրիխանյանի դեմ արշավ են սկսել՝ նրա մասին տեղեկություններ տարածելով:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանի մամլո խոսնակ Վարդան Քոչարյանը պատմեց, որ narod.am կայքը պատգամավորին զրպարտող հայտարարություններ է արել, ինչի կապակցությամբ իրենք դիմել են Կենտրոն դատարան. «narod.am կայքը Տիգրան Ուրիխանյանի մասին զրպարտող հոդվածներ էր հրապարակել, որտեղ պաշտպանել էր Անդրանիկ Նիկողոսյանին: Զրպարտության մասով մենք դիմեցինք դատարան, իսկ, ահա, ՀՀ գլխավոր դատախազություն դիմել ենք Ռոբերտ Ահարոնյանի սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկելու համար»
Իսկ ի՞նչ է ասել Ռոբերտ Ահարոնյանը: Պարզեցինք, որ վերջինս բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին` հայտնելով, թե Ուրիխանյանն իր կուսակից ընկերների միջոցով փորձել է վարկաբեկել եւ հայհոյախառն մեկնաբանություններ գրել սոցիալական ցանցում իր հավանած նյութի տակ. «Դա է պատճառը, որ դիմում եմ Ձեզ եւ տեղեկացնում եմ, որ իմ շարժման անդամների կյանքը վտանգի տակ է: Սույն նամակով ցանկանում եմ, որ իրավապահ մարմինները զբաղվեն այս գործով եւ ապահովեն իմ թիմակիցների եւ իմ անվտանգությունը»:
Ահա, այս բաց նամակի համար էլ ԲՀԿ խմբակցության պատգամավորը, դատախազություն դիմելով, պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել Ահարոնյանին: Նշենք, որ Ռոբերտ Ահարոնյանի բաց նամակը հրապարակվել էր նաեւ Անդրանիկ Նիկողոսյանին պատկանող neonews.am, gazeta.am կայքերում, ուստի պատգամավորը պահանջելու է, որ դատարանում այս կայքերի հրապարակումները եւս քննության առնեն:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ռոբերտ Ահարոնյանը հայտնեց, որ դեռ սպասում են դատախազին ուղղված իր բաց նամակի արձագանքին. «Նախ ասեմ՝ պատգամավոր Տիգրան Ուրիխանյան չեմ ճանաչում, չգիտեմ՝ ով է, անհայտ մարդ է ինձ համար, դա պարտադիր նշեք: Ահաբեկումները մինչ օրս շարունակվում են: Դատական պրոցեսի մասին տեղյակ չեմ, համբերատար սպասում եմ՝ դատախազին գրած իմ դիմումը ինչ կարգավիճակ է ստանալու»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
«ՄՈԼՈՏՈՎԻ ԿՈԿՏԵՅԼ»
California Courier-ի փոխանցմամբ՝ Գլենդելում ՀՀ հյուպատոսության շենքի վրա անհայտ անձը երեկ «Մոլոտովի կոկտեյլ» է շպրտել: Հյուպատոսության անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մի մեքենա կանգնում շենքի դիմաց, իսկ ուղեւորներից մեկը դուրս է գալիս մեքենայից ու հրկիզվող նյութով շիշը նետում շենքի ուղղությամբ: Արդյունքում այրման հետքեր են մնացել շենքի արտաքին պատի մի փոքր հատվածի վրա, ինչպես նաեւ խանձվել են մոտակա ծառի ճյուղերը: Գլենդելի ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, երբ արդեն հանցագործները դիմել էին փախուստի:

 

ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Երեկ լրագրողական 9 կազմակերպություններ անհանգստություն են հայտնել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի առթիվ եւ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ծավալուն քրեական գործը, որը ներառում է նաեւ տուժած ցուցարարների հետ կապված դեպքերը, վարում է ընդամենը մեկ քննիչ։ Սա վկայում է իրավապահների կողմից գործի նկատմամբ ոչ համարժեք վերաբերմունքի մասին։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք պահանջում ենք ՀՔԾ-ից անհապաղ վերանայել մոտեցումները եւ կազմավորել ներկայացուցչական քննչական խումբ, որն ի զորու կլինի խորությամբ եւ օբյեկտիվորեն քննելու այս քրեական գործը»:

 

ԿԱՆՑԿԱՑՆԵՆ
Սեպտեմբերի 12-ին, ժամը 12:00-ին տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների դեմ քաղաքական ուժերի եւ քաղաքացիական նախաձեռնությունների համաժողովը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Չեք անցկացնի» նախաձեռնությունը մինչեւ երեկ չէր կարողանում տարածք վարձակալել` համաժողովն անցկացնելու համար: Սակայն երեկ հայտնի է դարձել, որ համաժողովը կանցկացվի Ստեփան Դեմիրճյանի` «Հայաստանի ժողովրդական կուսակցության» (ՀԺԿ) գրասենյակում:

 

ՍԱ ԷԼ ՎԱՃԱՌԵՑԻՆ
Մաշտոցի պողոտայում ԵՊՀ-ի հյուրատունը` Մատենադարանի հարեւանությամբ գտնվող համալսարանի 5 հարկանի շենքը, որոշվել է վաճառել «Էս Էռ Հոթել» ընկերությանը, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի հորը՝ Ստանիսլավ Համբարձումյանին: «Ազատության» փոխանցմամբ` Երեւանի կենտրոնում գտնվող 5 հարկանի շենքը իր հարակից տարածքով վաճառվել է 2 միլիարդ 160 միլիոն դրամով, այսինքն՝ մոտ 4 միլիոն դոլարով: Այս գումարով ԵՊՀ ռեկտորը խոստացել է վերակառուցել մարզադահլիճները, վոլեյբոլի եւ բասկետբոլի մարզադաշտերը, ինչպես նաեւ՝ Դիլիջանի ուսանողական ճամբարը:




Լրահոս