«Ժողովուրդ»-ը գրել էր, որ այս տարվա փետրվարի 16-ին իր առանձնատանը ինքնասպան եղած գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի որդին՝ Լեւոն Ամիրխանյանը, լքել է նաեւ Արաբկիր վարչական շրջանում՝ Բլուր կոչվող թաղամասում, իր առանձնատունը, քանի որ հայաստանյան բանկերից մեկն այն աճուրդի է հանել:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ բանկերից մեկի եւ ինքնասպան եղած գործարարի միջեւ կնքվել է պայմանագիր, ինչի արդյունքում «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ին տրամադրվել է վարկ, իսկ որպես այդ վարկային պայմանագրով սահմանված վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց բանկում գրավադրվել է գործարարի որդուն պատկանող ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճն, Պարգեւաշեն թաղամաս, 1-ին փողոց, թիվ 7/1 հասցեում գտնվող բնակելի տունը եւ հողամասը:
Արդյունքում, գործարարի որդուն «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի կողմից վարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում բանկը բռնագանձման ծանուցագրեր է ուղարկել՝ խնդրելով բռնագանձման ծանուցագրերը ստանալուց երկու ամսվա ընթացքում ներկայանալ բանկ եւ մարել վարկային պարտավորությունները, սակայն բանկի խնդրանքը չի կատարվել: Եվ, ահա, բանկը դիմելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջել է գործարարի որդուն վտարել նշված տարածքից, ինչ դատարանը քննելով՝ բավարարել է:
Ի դեպ, նշենք, որ գործարարի որդին տեղյակ է եղել դատական նիստերի մասին, սակայն այդպես էլ չի ներկայացել: Հիշեցնենք, որ գործարար Աբրամ Ամիրխանյանը ինքնասպանությունից առաջ նամակ էր գրել եւ այն տվել էր իր տան աշխատակիցներին, որ փոխանցեն փաստաբանին կամ բարեկամներից որեւէ մեկին:
Ըստ շրջանառվող լուրերի՝ գործարարն այդ նամակում նշել էր այն բարձրաստիճան պաշտոնյաների անունները, որոնք դարձել էին իր սնանկացման պատճառը: Եվ, ահա, այդ բարձրաստիճան պաշտոնյաների գործոնն էլ պատճառ դարձավ, որ գործարարին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխվի ազգային անվտանգության ծառայություն:
Հավելենք, որ գործարարի ինքնասպանությունից անցել է 7 ամիս: «Ժողովուրդ»-ը ազգային անվտանգության ծառայությունից փորձեց հասկանալ, թե ինչ փուլում է գտնվում գործը, այնտեղից մեզ հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է:
Քնար Մանուկյան