Սեպտեմբերի 21-ին` անկախության 24-ամյակի օրը, դաժան ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ով միջադեպից րոպեներ առաջ մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների հետ մասնակցում էր Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ ինքնիշխանության երթին։ Ազատամարտիկը բազմաթիվ սալջարդերով և կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու գործով արդեն 3 անձի՝ Երևանի բնակիչներ Հ.Պետրոսյանին, Ա.Սարգսյանին և Ա.Գրիգորյանին, մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորվել են: Նշված անձանց շարքում, սակայն, այս պահի դրությամբ չկա դեպքի օրվանից անընդհատ շրջանառվող Տիգրան անունը: Վերջինիս, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Սմբատ Հակոբյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է հիշել:
Այս հայտարարությունից անմիջապես հետո կատարվածում, սպասվածի համաձայն, սկսվեց շոշափվել Ռ. Հայրապետյանի անունը: Հանրությունը ցանկանում էր իմանալ՝ «այս անգամ ի՞նչ է արել Ռուբեն Հայրապետյանը», սակայն՝ ապարդյուն: Սմբատ Հակոբյանը անսպասելիորեն հայտարարեց, թե առայժմ պետք չէ Ռուբեն Հայրապետյանի անունը շոշափել, «սենսացիաների, սկանդալի հետևից ընկնել»:
Եվ, բնականաբար, հարցեր առաջացան, թե ի՞նչն է կապում ազատամարտիկին և ՀՖՖ նախագահին, ի՞նչ ունեն նրանք իրար հետ կիսելու, և ի՞նչ սև կատու է անցել նրանց միջով:
Այսպես, լավատեղյակները դեպքից հետո լուսավորեցին, որ տարիներ առաջ Ռուբեն Հայրապետյանն ու Սմբատ Հակոբյանը բավականին մտերիմ հարաբերություններ են ունեցել: Դեռևս չճշտված տեղեկությունների համաձայն՝ բարեկամական այդ տարիներին Սմբատ Հակոբյանն, անգամ, «իր կամքից» անկախ իրեն պատկանող խոշոր բաժնետոմսեր է վաճառել ՀՖՖ նախագահին: Սակայն ընկերության թելը կտրվել է այն ժամանակ, երբ, արդեն Ռուբեն Հայրապետյանի խոսքով, Սմբատ Հակոբյանը փորձել է բռնաբարել իր հորեղբոր հարսին: Այս ամենը Ս. Հակոբյանը բացարձակ հերյուրանք է համարում՝ հայտարարելով, որ իրականությանը չեն համապատասխանում:
Ինչևէ, Սմբատ Հակոբյանը փաստացի ծեծի է ենթարկվել կամ, ինչպես ինքն է ասում, կատարվածը մահափորձ է՝ ուղղված իր քաղաքական գործունեության դեմ: Իսկ այդ մահափորձի հովանավորն ու նախաձեռնողը Ռուբեն Հայրապետյանն է: Ավելին, Սմբատ Հակոբյանը վստահ է, որ Հայաստանում ստեղծվել է մի կլան, որի պարագլուխները իշխանական վերնախավի ներկայացուցիչներն են: Ազատամարտիկն այսպիսով հորդորում է համախմբվել, ոչնչացնել կլանը, քանի որ մենք ենք տերը մեր երկրի:
Տաթև Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան