168 ժամ. Վրաստանի կառավարությունը մերոնք են. Գագիկ Ծառուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես հայտնի է, օրեր առաջ տեղի էր ունեցել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության (ԲՀԿ) քաղխորհրդի նիստ: Մամուլում այդ նիստի օրակարգի, քննարկումների կապակցությամբ տարբեր տեղեկություններ էին տարածվել:  Երեկ “Կենտրոն” հեռուստաընկերության “Էպիկենտրոն” ծրագրի շրջանակներում ռեպորտաժ էր պատրաստվել նիստի վերաբերյալ: Այդ մասին գրում է “168 ժամ” թերթը:
“ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում նշել է, որ ժողովրդի վիճակը շատ ծանր է. ,Մարդիկ իրենց աշխատանքով չեն կարողանում իրենց ընտանիքը նորմալ, բարեկեցիկ պահել, ոմանք հիասթափված, կոտրված, ընկճված եւ հուսախաբ, մարդիկ երկրից հեռանում են: Այսօր, ասենք թե, տարբեր սոցիալական ոլորտներ, ամեն օր՝ մի ակցիա, բողոքի ակցիա կատարելով, մի օր՝ վարսավիրները, մի օր՝ տաքսիստները, մի օր՝ փոքր կրպակների տերերը, ատամնաբույժները կամ ուսանողներն ինչ-որ բողոքի ակցիա են անում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով: Հիմնական մեր աշխատանքն է, որ հանդիպելով, լսելով, տեղեկանալով՝ կարողանանք քայլ կատարել, օգնել, խնդիրները կարգավորել, մատից փուշ հանել, որ մարդիկ իմանալով, մեզ վստահելով՝ ձայն են տվել, ու լիարժեք իմանալով, որ այդ ձայնը տեղ է հասնում, մարդիկ մտածում են, այդ հարցը քննարկում են եւ ներկայացնում են…”:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր հերթին՝ նշել է, որ երկրի առջեւ կանգնած մարտահրավերները ձեւակերպվել են օրենսդրական նախաձեռնությունների տեսքով եւ ներկայացվել կառավարությանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը կարեւորել է արտաքին կապերի ամրապնդումը, միջկուսակցական հարաբերությունների ընդլայնումը: Գագիկ Ծառուկյանն, ի պատասխան՝ նշել է, որ կառույցը  հիմնականում կապված է Ջավախքի հետ. “Ավելի ակտիվացնում ես, քանի որ այնտեղ կառավարությունն էլ արդեն մերոնք են եկել, ասեմ այդպես, ավելի կապերն ամրապնդի՛ր, կապեր, աշխատանք”:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը նիստի ընթացքում ասել է, որ ստեղծված իրավիճակում, իր կարծիքով, կուսակցությունը պետք է քաղաքական պայքարի մեջ մտնի՝ մրցելով եւ փորձելով հաղթել ՏԻՄ ընտրություններում՝ սկսած Երեւանի ավագանու ընտրություններից: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ այդ հարցերն առաջիկայում կքննարկվեն: Պատգամավոր Վահե Հովհաննիսյանն առաջարկել է կուսակցության նախագահին կից խորհուրդ ստեղծել, որն արագ կարձագանքի քաղաքական իրադարձություններին եւ դրանց վերաբերյալ հրատապ որոշումներ կկայացնի:
Գագիկ Ծառուկյանը կարեւորել է աջակցությունն այն երիտասարդներին, ովքեր ինքնադրսեւորվելու հնարավորություն չունեն. “Մեր ապագան մեր երիտասարդներն են: Այսօր ամբողջ երկրում գիտեն, որ երիտասարդները մեր կողքին են: Ծառուկյանին փուչիկ բռնող երիտասարդներ պետք չեն: Երիտասարդներ, ովքեր նպատակ ունեն, ծրագիր ունեն, ուզում են իրականացնել, կյանքի կոչել: Մենք դրա կողմնակիցն ենք, որի համար մենք այդ բյուջեն ներկայացրել ենք: Ինչ որ մենք ասել ենք, մեր խոսքին տեր ենք, ոչ մի քայլ ետ չենք գնալու, այլ հիմնականում այդ ստեղծածը, այդ վստահությունը, հավատքը պահելու ենք-պահպանենք: Ինչ պահանջվում է մեզնից, ինչ մեզ ժողովուրդը մեզ վստահել, հավատացել, ձայն է տվել՝ մենք լիարժեք այդ վստահությունը պետք է իրականացնենք, կարողանանք ժողովրդի աչքերի մեջ նայենք, կողքը կանգնենք, եւ նրանք էլ հպարտանան, որ չեն սխալվել, որ ձայնը մեզ են տվել”,- եզրափակել է Գագիկ Ծառուկյանը”,- մեջբերում է “168 ժամը”:




Լրահոս