Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ներկայացրել է Դատախազության և Հատուկ քննչական ծառայության ոլորտում 2012–ին մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վերաբերյալ ՄԻՊ զեկույցը, որն անդրադառնում է ինչպես ոլորտում գրանցված դրական զարգացումներին, այնպես էլ թերացումներին։
Դատախազության և Հատուկ քննչական ծառայության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
Դատախազություն
Խիստ մտահոգիչ են դատախազական հսկողության թերացման հետևանքով բազմաթիվ քաղաքացիների իրավունքների սահմանափակումները և խախտումները, ինչպես նաև լիազորությունների չարաշահումները:
Խիստ մտահոգիչ է, որ դեռևս լիարժեք և օբյեկտիվ բացահայտված չեն կամ չավարտված են մնում խաղաղ պայմաններում բանակում մահացած անձանց գրեթե տասնամյա հնության քրեական գործերը:
Շարունակում է չլուծված մնալ հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման համար սահմանված տասնօրյա ժամկետի չպահպանելու խնդիրը:
Չեն ձեռնարկվել բավարար միջոցներ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու դեպքերը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրման համար:
Մտահոգիչ է այն, որ Դատախազությունը խափանման միջոց ընտրելու հարցը լուծելիս, նախապատվությունը մշտապես տալիս է կալանավորման միջնորդություն դատարան ներկայացնելուն:
Գրանցվել են ՀՀ ոստիկանության ձեր¬բա¬կալ¬ված¬ների պահման վայրերում գտնվող ձերբակալված, ինչպես նաև կալանավորված անձանց իրավունքների մի շարք խախտումներ` դատախազական ոչ բավարար վերահսկողության հետևանքով:
Հատուկ քննչական ծառայություն
Ծառայությունը հետամուտ չի եղել ուսումնասիրել կամ խորությամբ չի ուսումնասիրել ինչպես իրեն ուղղված գրություններում, այնպես էլ մամուլում առկա պաշտոնատար անձանց կողմից դաժան վերաբերմունքի դեպքերի մասին տեղեկությունը:
Ծառայությունը բավարար արդյունավետությամբ չի կատարել իր գործառույթները` կապված մարտի 1-ի 10 զոհերի մահվան փաստով կատարված նախաքննության հետ:
Բազմաթիվ դեպքերում տեղի են ունեցել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ, մասնավորապես` չեն պահպանվել քրեական գործերի նախաքննության օրենքով սահմանված ժամկետները: Ավելին, մի շարք դեպքերում վարույթ ընդունվել են արդեն իսկ ժամկետանց գործեր, սակայն որևէ պատասխանատվության միջոց իրավախախտների նկատմամբ չի կիրառվել:
Արձանագրված մի քանի տասնյակ դեպքերում Ծառայությունը քննության առած գործերը հետագայում ուղարկել է այլ մարմիններ:
Արձանագրված դրական զարգացումները
Հաճախակի է դարձել դատախազության կողմից հարուցված քրեական գործերի փոխանցումը Ծառայությանը` ինչը նպաստել է այդ գործերի առավել արդյունավետ ուսումնասիրմանը:
Դատախազության կողմից պատրաստվել են ոլորտում առկա օրենսդրական բացերը լրացնող մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր:
Նախորդ տարվա համեմատ 2012 թվականի ընթացքում աճել է Ծառայության կողմից վարույթում քննված գործերի քանակը:
Դատախազությունը և Ծառայությունը հիմնականում ապահովել են իրենց գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
Հաջորդիվ կներկայացվի Օմբուդսմենի տարեկան զեկույցի Պետական եկամուտների կոմիտեի բաժինը։