Հայաստանի նկարիչների միությունում այսօր տեղի է ունեցել “Գարնանային մեղեդի” խորագրով ստեղծագործական ցուցահանդեսի բացումը, որին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Արդեն վեցերորդ տարին անընդմեջ, Մարտի 8-ին ընդառաջ կազմակերպվող ցուցահանդեսի շրջանակում ներկայացվում են կին նկարիչների ստեղծագործություններ:
Այս անգամ ցուցահանդեսին մասնակցել են 120 նկարչուհիներ՝ 140 ստեղծագործություններով: Քաղաքապետը շրջել, ծանոթացել է աշխատանքներին և զրուցել ու շնորհավորել է հեղինակներին: Այնուհետ, պատասխանելով լրագրողների հարցերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ նկատել է, որ Կանանց միջազգային օրվան ընդառաջ արվեստասեր հասարակությանը կին ստեղծագործողների աշխատանքների ներկայացման նման հնարավորության ընձեռումը, ըստ էության, յուրովի գնահատանք է նրանց հանդեպ:
“Այս միջոցառումը արդեն ավանդական է դարձել, ինչն իր հերթին վկայում է, որ այն իսկապես հաջողված նախաձեռնություն է: Օգտվելով առիթից, շնորհավորում եմ թե ստեղծագործող և թե, ընդհանրապես բոլոր հայ կանանց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ ու մաղթում նրանց երջանկություն և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում”, – նշել է քաղաքապետը:
Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի աջակցությամբ կազմակերպված ,Գարնանային մեղեդիե խորագրով ստեղծագործական ցուցահանդեսը բաց կլինի մեկ շաբաթ: