2013թ. փետրվարի 26-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռաֆիկ Մելքոնյան) Իջեւան քաղաքի բնակիչ, 1988թ. ծնվ. Գեւորգ Խաչատուրի Օթարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվ. 2-րդ մասի 3-րդ կետով (ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը) եւ դատապարտել տուգանքի՝ 600.000 դրամի չափով: Օթարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով հատել է թվով 23 հաճարենի եւ 1 թխկենի՝ պետությանը պատճառելով 2 մլն 568 հազար դրամի նյութական վնաս:
Գեւորգ Օթարյանի հայրը՝ Խաչատուր Օթարյանը, «Ժողովուրդ»-ին ասաց, որ իրենց ընտանիքը տուգանք վճարելու համար հնարավորություններ չունի: 51-ամյա Խ. Օթարյանը 16 տարի առաջ ինսուլտ է ստացել եւ այժմ երկրորդ խմբի հաշմանդամ է: 2004թ. օգոստոսի 29-ին Իջեւանի Սպանդարյան փողոցի 4-րդ շենքի 9-րդ հարկի բնակարանի խոհանոցի պատուհանից ցած էր ընկել 2 տարեկան Թաթուլ Օթարյանը: Երեխայի մայրն այդ ժամանակ տանը չէր եղել, նա ջուր էր կրում 6-րդ հարկի հարեւանի տնից: Ճակատագիրը բարեհաճ էր այդ ընտանիքի հանդեպ, Թաթուլն ընկնելիս դիպել էր ներքեւի հարեւանի պատշգամբի թիթեղյա ծածկին, ինչը փոքր-ինչ նվազեցրել էր անկման արագությունը: Այդ ժամանակ շենքի առաջ խաղացող 12-ամյա Գոհարիկը՝ Թաթուլի քույրը, օդում տեսնելով նրան, վազել էր, վերեւից ընկնող եղբորն ամուր գրկել ու միասին գետնին էին գլորվել: Բախումից երկուսի գլուխն էլ ուռել-սեւացել էր, ուռել էր նաեւ Գոհարիկի ոտքը: Նրանց տեղափոխել էին Երեւան, որտեղ Թաթուլը 15 օր հիվանդանոցային ռեժիմով բուժվել էր:
Սոցիալապես անապահով Օթարյանների 10-հոգանոց ընտանիքը բնակվում է 2-սենյականոց բնակարանում, ննջասենյակում 8 հոգով են քնում: Օթարյաններն իրենց բնակարանային պայմանների բարելավման խնդրանքով դիմել են Տավուշի մարզպետարան, Իջեւանի քաղաքապետարան, ՀՀ նախագահին: Խաչատուր Օթարյանը 3 տարի առաջ լրագրողիս ասում էր, որ երկրի ղեկավարին ուղարկված նամակին Տավուշի մարզպետարանում պատասխան է ստացվել: Այնտեղ գրված էր, որ բնակարանաշինության ինչ-որ հիմնադրամ է ստեղծվելու, որի միջոցով էլ նրանց տան խնդիրը կլուծվի: Սակայն 3 տարի է անցել, եւ ոչինչ չի փոխվել: Խ. Օթարյանն ասում է, որ վերջին տարիներին Իջեւանում մի քանի բազմաբնակարան շենք է գործարկվել, որտեղ տուն ստացածներն իրենց համեմատ պակաս կարիքավոր են: Բազմազավակ, կարիքի մեջ գտնվող, մի կերպ գոյատեւող այս ընտանիքն ինչպե՞ս է վճարելու ապօրինի անտառահատման համար դատարանի կողմից սահմանված 600 հազար դրամ տուգանքը:
Տավուշ