ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից
Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել «Ամերիկայի հայկական համագումար» կազմակերպության ղեկավար անդամների, «Հայ դատի» գրասենյակի եւ ԱՄՆ արեւելյան ափի ՀՅԴ ղեկավարության հետ: Ս. Սարգսյանը ներկայացրել է ԱՄՆ իր աշխատանքային այցի ընթացքում ունեցած հանդիպումներն ու ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ունեցած ելույթի հիմնական շեշտադրումները, Ադրբեջանի կողմից հատկապես վերջին օրերին հրադադարի խախտման հետեւանքով հայ-ադրբեջանական սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում առաջացած լարված իրավիճակը:
ՀԱՐՑ. Եթե անձն ազատվել է աշխատանքից, ապա ե՞րբ են դադարեցվում սոցիալական փաթեթի գործառույթները:
Սուսաննա Ղուկասյան (52 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատանքից ազատվելու դեպքում սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարման ամիս է համարվում աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող ամիսը, եթե աշխատողը չի օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից: Սոցիալական փաթեթի գումարը դադարում է փոխանցվել աշխատողի սոցփաթեթի հաշվին աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող երկրորդ ամսվանից: Իսկ այն դեպքում, երբ աշխատողն օգտվել է սոցիալական փաթեթի ծառայությունից եւ աշխատանքից ազատվելու օրվա դրությամբ ունի փոխանցման ենթակա պարտավորություններ, ապա անկախ աշխատանքից ազատվելու հանգամանքից՝ սոցփաթեթի գումարները շարունակվում են փոխանցվել աշխատողի սոցփաթեթի հաշվին պարտավորությունների մարման նպատակով, բայց ոչ ավելի, քան ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցման ամսվանից հաշված մեկ օրացուցային տարին լրանալը (օրինակ՝ եթե աշխատողի սոցփաթեթի առաջին գումարը փոխանցվել է սոցփաթեթի հաշվին ապրիլ ամսին, եւ աշխատողն աշխատանքից ազատվում է սեպտեմբեր ամսին, ապա այդ ընթացքում նրա հաշվին փոխանցվել է վեց ամսվա գումար, որից, օրինակ, 4 ամսվա գումարը նա արդեն փոխանցել է հանգստի ապահովման ծառայությանը, իսկ մնացած գումարը փոխանցել է առողջության ապահովագրության ծառայության համար եւ ունի վճարման ենթակա պարտավորություն այդ ծառայության համար: Այս դեպքում նա շարունակելու է ստանալ սոցիալական փաթեթի գումարների փոխանցում իր սոցփաթեթի հաշվին առավելագույնը մինչեւ հաջորդ տարվա մարտ ամիսը ներառյալ՝ այդ ծառայության պարտավորությունը կամ դրա մի մասը մարելու նպատակով): Աշխատողի աշխատանքից ազատվելու դեպքում սոցփաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է դրա մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել տվյալ անձի սոցիալական փաթեթի հաշիվն սպասարկող բանկին:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2014թ-ին սոցփաթեթի շահառուների թիվը կազմել է 96 հազար, իսկ տարվա 2-րդ կեսին գրանցվել է հիվանդանոցային բուժօգնության 5500 դեպք:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, եթե երեխայի ծնողները ձեռք են բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, այդ դեպքում արդյո՞ք երեխան համարվում է ՀՀ քաղաքացիություն ձեռքբերած անձ:
Գրետա Մանուկյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մանուկյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած ծնողների երեխան օրենքի ուժով ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն (եթե ծնողները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու պահին այլ պետության քաղաքացիություն չունեն):
14-18 տարեկան երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար տալիս է գրավոր համաձայնություն:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2011թ. մարդահամարից հետո մինչեւ 2013 թվականի սկիզբը Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակել է աճել, իսկ արդեն 2014-ի սկզբին այդ ցուցանիշը կտրուկ անկում է ապրել: 2012-ից 2014 թվականը ներառյալ Հայաստանի բնակչության բնական աճը կազմել է 44 հազար 735 մարդ: Ստացվում է, որ 2001 թվականից մինչեւ 2015 թվականի սկիզբը Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 403 հազար 583 մարդով: Վերջում ավելացնենք, որ 2001թ. անցկացված մարդահամարի արդյունքներով Հայաստանի «մշտական բնակչության» թիվը եղել է 3 միլիոն 213 հազար 11 մարդ: