Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակվեց քրեական հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի (Քանաքեռցի Տույ) գործով դատական վճիռը:
Դատարանն Արթուր Ղազարյանին դատապարտեց ազատազրկման` 1 տարի ժամկետով: Խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ:
Հիշեցնենք, որ Ա. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող «Վիկինգ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ/9X19/ տրամաչափի թվով 17 փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ժամանակ:
Արթուր Ղազարյանն ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը և միջնորդել դատարանին քննությունն անցկացնել արագացված ընթացակարգով: Միջնորդությունը բավարարվել էր: Արթուր Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: