“Շիրակ կենտրոնը” ժամանակ առ ժամանակ անդրադառնում է Գյումրու վագոն-տնակներում բնակվող, իրենց երեխաների հոգսը միայնակ կրող միայնակ մայրերին, որոնց թիվը, ցավոք, օրեցօր մեծանում է՝ արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանց պատճառով, ովքեր, մեծավմասամբ, չեն վերադառնում…
Ստորև ներկայացնում ենք “Շիրակ կենտրոնի” լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունն ու տեսանյութը։
“Շիրակ կենտրոնը” իր նախորդ մի շարք հրապարակներում բազմիցս է անդրադարձել աղետի գոտում, հատկապես՝ վագոն-տնակներում բնակվող անօթևանների շրջանում միայնակ մայրերի ընտանիքների զգալի թվի առկայության և նրանց սոցիալական դժվար ապրելակերպի խնդիրներին:
Մեր դիտարկումներով, բազմաթիվ ընտանիքներից տղամարդկանց բացակայության հիմնական պատճառը արտագնա աշխատանքն է, որը, կարելի է ասել, կրում է զանգվածային բնույթ: Ավելին, վերջին շրջանում նկատվում է մի ցավալի երևույթ ևս` ավելանում է արտագնա աշխատանքի մեկնող կանանց ու աղջիկների թիվը։
Անցած ամիս լոսանջելեսյան բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված դրամական միջոցներով գնված վառելափայտի տրամադրման և տեսանյութ պատրաստելու նպատակով “Շիրակ կենտրոնի” աշխատակիցները հերթական բարեգործական այցելությունը կատարեցին Գյումրու անմիջական հարևանությամբ գտնվող Շիրակ գյուղ: Ներկայացվող տեսանյութը 88-ի երկրաշարժից անմիջապես հետո Բաքվի ջարդերից մազապուրծ եղած և Շիրակի մարզի Շիրակ գյուղում ապաստանած, իր երկու զավակների հետ տնակում բնակվող միայնակ մայր Յանա Համբարձումյանի դժվար ապրելակերպի մասին է: