Հայաստանում գրիպի եվ սուր շնչառական վարակների աճ է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ` գրեթե 2,5 անգամ (փետրվարի 18-24-ը` 5033, փետրվարի 25-ից մարտի 3-ը` 10688), այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության կայքը:  Ըստ նախարարության՝ այն պայմանավորված է ինչպես առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ, այնպես էլ հիվանդանոցներ բնակչության ակտիվ դիմելիությամբ և գրիպի ու սուր շնչառական վարակների սեզոնայնության այժմյան օրինաչափությամբ: 
Չնայած բժշկական օգնության և սպասարկման կազմակերպություններ բարձր դիմելիությանը, նշված հիվանդություններով նվազում են շտապօգնության կանչերը` ինչպես սուր շնչառական վարակների, այնպես էլ թոքաբորբերի դեպքերում: Իրականացվող մշտադիտարկման և համաճարակաբանական վերլուծության արդյունքներով` ներկայումս հանրապետության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպություններում բուժում են ստանում.
Մարզերում գրանցվել է սուր շնչառական վարակներով 214 հիվանդ, թոքաբորբերի թեթև ձևերով 98 հիվանդ, Երևանում` սուր շնչառական վարակներով 353 հիվանդ, թոքաբորբի թեթև ձևերով 106 հիվանդ: Երևանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 20 հիվանդ, որոնց վիճակը հիմնականում գնահատվում է միջին ծանրության։ Միայն մեկ հիվանդի վիճակն է գնահատվում ծանր` պայմանավորված ուղեկցող հիվանդություններով և ուշ դիմելիությամբ:
Կազմակերպված և իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում արձանագրված դեպքերի գրեթե 70%-ը պայմանավորված է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակով, 20%-ը` գրիպի Բ տեսակով: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում շրջանառում են նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ` ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ: 
Համաճարակաբանական վերլուծության արդյունքները վկայում են այն մասին, որ հիվանդացության աճը պայմանավորված է բնակչության կողմից գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների ոչ հետևողական իրականացմամբ (հիվանդների աշխատանքի, ուսումնական հաստատություններ հաճախումը, միջոցառումներին մասնակցությունը և այլն)` չնայած ՀՀ առողջապահության նախարարության բազմաթիվ հորդորներին:
Կարևորելով վերը նշվածը և հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը, ինչպես նաև ներկայումս սուր շնչառական վարակներով հիվանդացության աճը` ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում և հիշեցնում է.
.գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, բարձրագույն ուսումնական հաստատություններ
.չմասնակցել զանգվածային միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդի վիճակի վատացման և նոր դեպքերի առաջացման ու տարածման
.չշփվել գրիպանման երևույթներով անձանց հետ 
.եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ` պահպանել 2մ հեռավորություն
.չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, կազմակերպել բժշկի այցը տուն
.պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը
.խստորեն հետևել անձնական հիգիենային
.հագնվել եղանակին համահունչ
.հաճախակի օդափոխել փակ տարածքները:




Լրահոս