Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հարցերին է պատասխանել Աժ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նախքան հարցերին անդրադառնալը, նա որոշեց հստակություն մտցնել որոշ հարցերում: Հայտարարեց, որ ինքը անձամբ դեմ է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի որոշմանը՝ հացադուլին, ինչը ոչ միանշանակ ընդունվեց հասարակության շրջանում:
“Իշխանությունը ավելի է սրացնում պայքարը, դրա վկայությունը Գեղարքունիքի և Սևանի միջադեպերն էին: Իշխանության կողմից մոբիլիզացվել էր կրիմինալ աշխարհը՝ հատուկ հրահանգով, որ բախումներ հրահրեն: Այդ միջադեպերն ունեն մեղավոր կողմ: Թող ոստիկանությունը պարզի՝ ով է եղել մեղավոր այդ միջադեպերում, քանի որ նրանց մոտ կան տեսագրություններ”,- հայտարարեց Ռուբեն Հակոբյանը:
Նա նշեց, որ իշխանությունը կեղծելով ընտրությունները՝ փակել է օրենքի բոլոր դռները, և պատահական չէր, որ Սերժ Թանգյանին ուղղված նամակում Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքն է կազմակերպել ընտրությունները: Նրա խոսքով՝ անհիմն են Սահմանադրական դատարանի այն դիտարկումները, թե իրենք բավարար չափով փաստարկներ չունեն: “Ժառանգության” թիմն ունի բավարար փաստարկներ, իսկ ՍԴ-ն ունի լիազորություններ՝ պարզելու այս ընտրությունների խայտառակությունները:
“Իշխանությունը դրդում է ընդդեմի պայքարի, դրդում է բախումների, բայց մենք ասել ենք, որ սա ընդդեմի պայքար չէ, այլ ժողովրդի պայքարն է: Իշխանությունը շատ է խոսում բանակցությունների ու երկխոսության մասին: Նրանք շարունակում են ապատեղեկատվությամբ շեղել հասարակության ուշադրությունը, կամ հասարակական կարծիք ձևավորել Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ”,- ասաց Ռուբեն Հակոբյանը՝ օրինակ բերելով Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ Բաղրամյան 26-ում, երբ իշխանությունը հրաժարվել է լրագրողների ներկայությունից, սակայն հետո այդ հարցը լուսաբանվել է ապատեղեկատվությամբ:
Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ երկրորդ խոշոր ապատեղեկատվությունը կապված էր մեկ օր առաջ Սերժ Սարգսյանի մամլո ծառայությունից տարածած տեղեկատվության հետ, իբրև թե Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է հանդիպման առաջարկը:
Նա հավելեց, որ այն քաղաքական ուժերը, որոնք ցանկանում են այս շարժման կողքին լինել, այլևս գործը կարևորելու ժամանակն է, ու նրանք կարող են հայտարարել իրենց դիրքորոշումների մասին:
galatv .am