ԲՀԿ-Ն ՊԱՇՏՈՆ ՉԻ ՈՒԶՈՒՄ, ՉԻ ՔԾՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԲՀԿ քաղխորհրդի եւ խմբակցության համատեղ նիստի բացման խոսքում Գագիկ Ծառուկյանը, ըստ “Ժամ” էլեկտրոնային պարբերականի, ասել է. “Ես ուզում եմ` բոլորդ հստակ իմանաք. ժողովրդին տրված մեր խոստումներից ու մեր ծրագրերից մեկ քայլ անգամ մենք հետ չենք կանգնելու: Ինձ եւ իմ թիմին ո՛չ պաշտոններ են պետք, ո՛չ էլ ինչ-որ արտոնություններ: Ժողովրդի վիճակը ծանր է: Մենք բոլորս դա տեսնում ենք` ամեն օր, ամեն քայլի: Մարդիկ չունեն հնարավորություն նորմալ աշխատելու, իրենց ընտանիքները արժանապատիվ պահելու, երեխային մեծացնելու, կրթելու, ծնողներին արժանապատիվ ծերություն ապահովելու: Մարդիկ հուսալքությունից գնում են մեր երկրից: Մենք Հայաստանի իրականության մասին գիտենք ոչ թե կառավարության հայտարարություններից ու որոշումներից, այլ մարդկանց հետ ամեն օր շփվելով, հանդիպելով, նրանցից լսելով, թե որ ոլորտում ինչ է կատարվում: Ամեն օր մի նոր սոցիալական խավ բողոքի է դուրս գալիս: Մի օր տաքսիստները, մի օր ատամնաբույժները, մի օր կրպակատերերը, մի օր փոքր բիզնեսի ներկայացուցիչները, մի օր երիտասարդները: Բոլոր ոլորտներում կան լուրջ պրոբլեմներ: Հիշեք, մենք` ես ու դուք, ԲՀԿ-ն` միշտ այս մարդկանց կողքին պետք է լինենք”:
Ելույթ են ունեցել Ն. Զոհրաբյանը, Վ. Օսկանյանը, Վ. Հովհաննիսյանը, Գ. Արսենյանը, Ս. Մարգարյանը, Վ. Բաբայանը եւ այլք:
Վ. Օսկանյանին Ծառուկյանն առաջարկել է գլխավորել ԲՀԿ արտաքին կապերը եւ հարուստ փորձը ներդնել կուսակցության եւ երկրի միջազգային վարկի բարձրացման վրա: Ընդունել է Վ. Հովհաննիսյանի առաջարկը` կուսակցության ներսում նոր կառույց ստեղծելու վերաբերյալ: Օպերատիվ կառավարման մարմինը գործելու է ԲՀԿ նախագահին կից եւ կայացնելու է ընթացիկ եւ հրատապ հարցերի վերաբերյալ խորհրդատվություններ եւ որոշումներ: Ս. Մարգարյանին Ծառուկյանը առաջարկել է կենտրոնանալ հայ-վրացական հարաբերությունների եւ Ջավախքի խնդիրների վրա:
Վերջում ԲՀԿ ղեկավարը ամփոփել է . “”Բարգավաճ Հայաստան”-ը դրա համար է ստեղծված, եւ մենք ժողովրդից ձայն ենք ստացել դրա համար: Ու ոչ թե իրար կամ կողքիններին քծնելու, պաշտոններ ուզելու ու սեփական շահի համար: Սա է այս կուսակցության օրենքը, խաղի կանոնը: Ով համաձայն չէ, խնդրեմ, դուռը բաց է: Հանգիստ կարող են գնալ”:
Չնայած   ԲՀԿ նիստում Երեւանի ավագանու ընտրությունների հարցը չի քննարկվել, սակայն այս պահի դրությամբ ԲՀԿ-ում տիրող տրամադրությունների եւ նախնական քննարկումների արդյունքում շրջանառվում է երկու անուն, որոնք կարող են գլխավորել ԲՀԿ ցուցակը` Վարդան Օսկանյան եւ Գուրգեն Արսենյան:

Այս կապակցությամբ  “Ժողովուրդ”-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԻ հետ:
-Պարո՛ն Արսենյան, ըստ մեր տեղեկությունների` ԲՀԿ խորհրդի նիստից առաջ Դուք եւ Գագիկ Ծառուկյանն առանձնազրույց եք ունեցել, որի ընթացքում ԲՀԿ առաջնորդը Ձեզ առաջարկել է գլխավորել Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը, սակայն Դուք չեք համաձայնել:
-Դուք գիտեք, որ ես մարդկանց երբեք չեմ խաբում, ուրեմն ո՛չ նիստից առաջ եւ ո՛չ էլ նիստից հետո ես պարոն Ծառուկյանի հետ անձնական շփում չեմ ունեցել: Որպեսզի պատկերացնեք իրավիճակը, ասեմ, որ ես գնացել եմ նիստին, 14:50-ին մտել եմ դահլիճ, եկել է պարոն Ծառուկյանը, նիստի ավարտից հետո ես դուրս եմ եկել ու գնացել հիվանդանոց մեր ընկերոջը` Ռուբեն Գեւորգյանին այցելության: Ընդամենը այսքանը, իսկ մնացած մեկնաբանությունները հորինվածք են:
-Ըստ մեր ունեցած տեղեկատվության` Գ. Ծառուկյանը նաեւ ասել է, որ ԲՀԿ ցուցակը գլխավորելու համար Դուք պետք է ԲՀԿ անդամ դառնաք…
-Ես Ձեզ արդեն ամեն ինչ ասացի, ես անձամբ ասում եմ, որ ես նիստից առաջ պարոն Ծառուկյանին չեմ հանդիպել, նիստի ավարտից հետո պարոն Ծառուկյանի հետ չեմ խոսել:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 493 համար




Լրահոս