ԼՍԵԼ ԵՄ, ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դերասան ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ այն կարծիքին է, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի ու իր տեղում լինի, օրինակ՝ ինքն իր ներկայացումների միջոցով է որեւէ բան փոխում. “Իմ տեղը պառլամենտում չէ, ես չեմ կարող այնտեղ որեւէ բան անել: Որովհետեւ այնտեղ հավաքված է մի մասսա, որի հետ ես անգամ հաց ուտելու չեմ նստի, ոչ էլ որեւէ տեղ կգնամ, տեսնելուց էլ ալիքը կփոխեմ”: 
-Հետաքրքրվո՞ւմ եք ներքաղաքական կյանքով, հանրահավաքներին մասնակցո՞ւմ եք:
-Հետեւում եմ: Հարթակից ելույթ չեմ ունենում, բայց կողքով անցնում եմ:
-Մինչ ընտրությունները կարո՞ղ էիք կանխատեսել, որ նման շարունակություն կլինի:
-Չէ՛, հաճելի անակնկալ էր ինձ համար:
-Ինչպիսի՞ Հայաստան ունենալու հույսով եք գնացել ընտրություններին: 
-Բացարձակ ոչ մի հույս, առանձնապես չէի մտածում, որ ինչ-որ բան կփոխվի, իմ պարտականությունն էր, կատարեցի: Ամեն ընտրությունից վատ բան ես սպասում:
Հիմա էսպես թե էնպես ընդդիմություն է ստեղծվել: Աստված տա, քանի գնա՝ ամրանա այդ օպոզիցիան, մեր կյանքը հետաքրքրանա, ու վերջապես մի բան փոխվի այս երկրում:
-Հավատո՞ւմ եք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմակիցները որեւէ բան կփոխեն մեր երկրում:
-Հավատալս ո՞րն է, իսկ Դուք այլ ճանապարհ գիտե՞ք փոխելու, ես չգիտեմ: Ամեն իրավիճակ էլ հնարավոր է լինի ընթացքում, բայց լավ է էսպես, քան ոչինչ: 
-Ձեր ֆեյսբուքյան էջում կարդացի, որ ինքներդ ինչ-որ կուսակցություն եք ստեղծել` Քաղաքացիական ազատ քայլ (ՔԱՔ), ինչքան հասկացա, հումոր էիք անում:
-Իսկ Դուք ի՞նչ եք կարծում, ո՞նց եք մեկնաբանում, հենց էդպես էլ գրե՛ք:
-Պարո՛ն Դանիելյան, Դուք եք ,հիմնադիրըե, Ձեզանից լավ էլ ո՞վ կարող է պատասխանել:
-Գրե՛ք այնպես, ինչպես Դուք եք վերաբերում, ես այդ հարցին չեմ պատասխանի: Ես ստեղծել եմ, որովհետեւ ստեղծել եմ: 
-Լավ, իսկ Ձեր արվեստագետ գործընկերների` դերասան Վարդան Պետրոսյանի, երգահան Ռուբեն Հախվերդյանի հանրահավաքային ելույթներին հետեւե՞լ եք:
-Լսել եմ, համաձայն եմ:
Ռուբեն Հախվերդյանի որոշ արտահայտություններից հետո շատերը նրան ազգի դավաճան հանեցին:
-Գիտեք, էսպիսի մի բան կա, հասարակությունը հիմա շատ լարված է եւ շատ սուր է ընկալում ամեն ինչ: Օրեր առաջ հարցազրույցներիցս մեկում ասացի, թե լավ կլիներ` Սերժ Սարգսյանը միանար ընդդիմությանը՝ նկատի ունենալով, որ վերջապես հասկանար` պետք է ինչ-որ բան փոխել: Ինձ էլ հանեցին ազգի դավաճան, ինչ հնարավոր էր, ասացին: Հասկանում ես, որ մարդիկ ուղղակի լարված են:
-Թեժացած այս մթնոլորտը Ձեզ չի՞ վախեցնում:
-Չի վախեցնում, ինձ թվում է՝ աշխարհում ամեն ինչ փոխվում է հենց այսպես: Աստված տա, կորուստներ չտանք, նույնիսկ հոգեբանական: Կարծում եմ՝ Րաֆֆին այդ մարդը չէ, որ ժողովրդին այդ ճանապարհով տանի: Ինքն ամբիցիոզ մարդ չէ, ինչքան որ իրեն ճանաչում եմ: Չեմ ասում, թե հետ է քաշվելու իր պայքարից, ո՛չ, բայց իրականում պայքարի հազար ու մի ձեւեր կան: 
-Իսկ պարոն Հովհաննիսյանը Ձեզ չի՞ առաջարկել իր թիմին միանալ:
-Պարոն Հովհաննիսյանին վերջին անգամ ներկայացմանս եմ տեսել, չէի էլ սպասում, որ կգա, բայց եկավ: Մենք ուղղակի իրար բարեւել ենք ու վերջ, ոչ մի այլ բանի մասին չենք խոսել: Շատերն ընտրել են Րաֆֆիին` ցույց տալով իրենց անհամաձայնությունն իշխանության հետ: 
-Դուք բավականաչափ ընդդիմադիր հայացքներ ունեք, որոնք ժամանակ առ ժամանակ դրսեւորվում են նաեւ Ձեր գրառումներում եւ հարցազրույցներում: Կտրուկ արտահայտությունների համար Ձեզ  երբեւէ նախազգուշացումներ չե՞ն արել:
-Չէ՛, ես առանձնապես ինձնից բան չեմ ներկայացնում, որ ինձնով զբաղվեն: Չեմ կարծում, որ ես այն մարդն եմ, ում կարելի է ինչ-որ բան ասել, շատերը նույնիսկ վերաբերվում են որպես խեղկատակի, դա նորմալ է: Ես հո Պարույր Հայրիկյա՞նը չեմ, որ ինչ-որ բան անեն հետս: 
Ինչպիսի՞ Հայաստան եք ուզում ունենալ:
-Այնպիսի երկիր, որտեղ ազատ ընտրություններ կլինեն, որ ամեն ընտրությունից հետո հասարակությունը շոկի մեջ չընկնի: Փաստը մնում է փաստ` այսօրվա իշխանությունն իրեն սպառել է: Եթե կարողանան այս 5 տարվա ընթացքում այնպես անել, որ ասենք՝ դե լավ, ջայնամ, գոնե մի բան փոխվեց, հնարավոր է՝ ամեն ինչ այլ կերպ կլինի, այ դա չգիտեմ:
-Ի՞նչ եք կարծում, իշխանափոխություն կլինի՞:
-Իշխանափոխությունը տարբեր ձեւ կարող է լինել: Կարող են նշանակել պառլամենտական ընտրություններ, եւ պառլամենտի էդ ահագին աղբը մաքրվի: Ինքս պատմության ֆակուլտետն եմ ավարտել ու գիտեմ՝ գրեթե ոչ մի հեղափոխություն արմատապես ոչինչ չի փոխել, քայլ առ քայլ է ամեն ինչ փոխվում: Դրա համար էլ պայքարել է պետք: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
Ժողովուրդ” օրաթերթի 493 համար




Լրահոս