ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես հայտնի է` ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ հունվարի 31-ին իրականացված մահափորձի մեղադրանքով կալանավորվել է նախագահի մեկ այլ նախկին թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Դեռեւս փետրվար ամսին այս քրեական գործի շրջանակներում, մահափորձը կատարելու մեղադրանքով կալանավորվել էին Սեդրակյանի հարեւաններ Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը: Այն ժամանակ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, թե Պողոսյանն ու Հարությունյանը թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախկինում դատապարտված են եղել: Ասել է թե` Հայրիկյանի մահափորձն իրականացրել էին թմրամոլները:
Հավասարում` բազմաթիվ անհայտներով
Տեղի ունեցած միջադեպն ու դրա առթիվ հարուցված քրեական գործն ի սկզբանե բավական շատ հարցեր առաջացրին, որոնց առ այսօր չի տրվել տրամաբանական պատասխան: Օրինակ` ինչո՞ւ այս պատմության մեջ շրջանառվեց նախագահի հենց այդ երկու թեկնածուների անունները. ինչո՞ւ մահափորձ իրականացվեց հենց Պարույր Հայրիկյանի դեմ, եւ ինչո՞ւ որպես կազմակերպիչ կալանավորվեց հենց Վարդան Սեդրակյանը: Նկատենք, որ նախագահի այս երկու թեկնածուներից ոչ մեկը չէր համարվում ընտրությունների ֆավորիտ. եւ դա ակնհայտ էր ի սկզբանե: Ավելին՝ ընտրությունների արդյունքում Հայրիկյանը ստացել է 18 հազար 96 ձայն, Սեդրակյանը` 6 հազար 210:
Ուստի անհասկանալի է, թե ինչու պետք է Սեդրակյանը մահափորձ պատվիրեր Հայրիկյանի դեմ: Իսկ եթե անգամ ընդունենք, որ Սեդրակյանն է եղել պատվիրատուն, առնվազն տարօրինակ է, որ այդ գործը վստահել է իր հարեւաններին, ընդ որում` իմանալով, որ նրանք ժամանակին դատապարտվել են թմրամոլության համար: Հազիվ թե որեւէ լուրջ մարդ նման «կարեւոր» գործը վստահեր թմրամոլի համբավ ունեցողներին: Նաեւ անհասկանալի է` ինչու մահափորձ իրականացնելուց հետո այդ անձինք զենքը ոչ թե թաքցրել էին, այլ Խաչատուր Պողոսյանն այն պահելու համար տվել էր կնոջը: Համենայնդեպս, հազիվ թե որեւէ լուրջ «քիլլեր» այդպես վարվեր: Սրանք անպատասխան մնացած հարցերն են, որոնց պատասխանը կարելի է ակնկալել լավագույն դեպքում դատարանի դահլիճում:
Ո՞վ է իրականում էպոսագետը
Իսկ մինչ այդ նկատենք, որ էպոսագետ Վարդան Սեդրակյանի անունը շրջանառվել է տարբեր պատմությունների համատեքստում. ժամանակին նրան որպես վկա հարցաքննել են հոկտեմբերի 27-ի գործով: Ինչպես պատմում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Սեդրակյանին ու իր «Սասնա ծռեր» կազմակերպության եւս մի քանի անդամի հարցաքննել էին այն բանից հետո, երբ նրանք հոկտեմբերի 27-ից հետո հանդես էին եկել հայտարարություններով, որոնցում համեմատականներ էին անցկացրել «Սասնա Ծռեր» էպոսի ու կատարված ոճրագործության մեջ, ընդհանրացումներ արել, ինչ-որ եզրակացությունների հանգել` շեշտելով, որ իրենք վաղուց էին կանխատեսել դա: Սեդրակյանի անունը շրջանառվել է նաեւ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով: Սեդրակյանն իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ ժամանակին ինքն է հեղինակել Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի «Միասնություն» դաշինքի նախընտրական ծրագրի որոշ հատվածներ: Ասել է թե՝ նա ժամանակին բավական լայն կապեր է ունեցել իշխանական վերնախավի շատ ներկայացուցիչների հետ: Սեդրակյանը, այնուամենայնիվ, պատահական մարդ չէ: 
Եվ որքան էլ շատերը նրան համարեն անլուրջ, խոստովանենք` այս անձնավորությունը հետաքրքիր անցյալ ունի: Ընդ որում, նաեւ լուրջ կարողությունների տեր է: Առաջիններից «Ժողովուրդ»-ը բացահայտեց, որ Սեդրակյանը բավական մեծ կարողությունների տեր է` ունի շքեղ առանձնատուն ու թանկարժեք մեքենաներ. այդ հանգամանքը չի թաքցրել անձամբ ինքը` էպոսագետը: Ու տեսակետ կա, որ Սեդրակյանն այսօր ԱԱԾ տեսադաշտում է հայտնվել հենց իր հարստության պատճառով, քանի որ չունենալով կոնկրետ աշխատանք, չունենալով բիզնես՝ հարստացել է միանգամից: Իսկ դա Հայաստանում առնվազն տարօրինակ երեւույթ է:
Իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրները երեկ կարծիք էին հայտնում, որ եթե անգամ չապացուցվի Սեդրակյանի մասնակցությունը Հայրիկյանի մահափորձին, այնուամենայնիվ, նա ԱԱԾ-ից հեշտությամբ չի պրծնի. միգուցե առաջիկայում էպոսագետին մեղադրանք ներկայացվի նաեւ փողերի լվացման համար. համենայնդեպս, լուրեր կան, որ ԱԱԾ-ն նաեւ նրա դրամական կարողությունների վերաբերյալ է փորձում ուսումնասիրություններ անել:
Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել է, որ ինքը բողոքարկելու է էպոսագետին կալանավորելու վերաբերյալ որոշումը: Մինչ այդ, Սեդրակյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց եւ չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
Նման մարդ կա՞
Երեկ զրուցեցինք նաեւ Պարույր Հայրիկյանի հետ, ում դեմ էլ իրականացվել էր մահափորձը: Հայրիկյանը չպատասխանեց հարցին` արդյոք իր կարծիքով Սեդրակյանն է մահափորձի պատվիրատուն. «Այդ գործով քննություն է գնում, ես ինձ չեմ ծանրաբեռնում նման մտքերով»,-ասաց նա: Փոխարենը Հայրիկյանը նշեց, որ երբեւէ չի ճանաչել Սեդրակյանին, նրա հետ որեւէ հարաբերություն չի ունեցել: «Ո՛չ, նրան երբեք չեմ ճանաչել: Ես չեմ էլ իմացել, որ նման մարդ կա»,-վստահեցրեց նա, ինչը նշանակում է, որ թշնամություն կամ բարեկամություն մինչ ընտրությունները չեն ունեցել:
Հ. Գ. Սեդրակյանի փաստաբանը երեկ երեկոյան հայտարարություն տարածեց, ըստ որի՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 87 հոդվածի համաձայն՝ ՀՀ նախագահի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում գրանցումից հետո: Նույն օրենսգրքով սահմանված իրավունքները եւ պարտականությունները թեկնածուի վրա տարածվում են մինչեւ ՀՀ նախագահ ընտրվելու մասին ԿԸՀ որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչեւ Սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:
Մինչ այդ նա կարող է ձերբակալվել կամ կալանավորվել միայն ԿԸՀ-ի համաձայնությամբ: ԿԸՀ-ն էլ նշված հարցի վերաբերյալ որոշում պետք է ընդունի հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Սա նշանակում է, որ քանի դեռ ՍԴ-ն քննում է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումները, Վարդան Սեդրակյանին ԱԱԾ-ն իրավունք չուներ կալանավորել: 
Ի դեպ, Վ. Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի աջակից, բլոգեր Իզաբելլա Աբգարյանի ամուսինն է:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս