ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԵԹՖ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայտնի օլիգարխ, իրավաբանական անձանց «X գրուպ» միության նախագահ Խաչիկ Խաչատրյանի հիմնադրած, մասամբ կամ ամբողջությամբ նրա սեփականությունը հանդիսացող եւ նույն «X գրուպ»-ի կազմում գտնվող «Վալենսիա» եւ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերություններում հարկային մարմնի կատարած աշխատանքի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից օրերս ստացավ հետեւյալ պատասխանը.
««Վալենսիա» եւ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերություններում հարկային մարմնի կողմից իրականացվել են բազմաթիվ ստուգողական եւ հսկողական աշխատանքներ, որոնց արդյունքում կազմվել են ինչպես վարչական պատասխանատվության մասին ակտեր, այնպես էլ լրացուցիչ հարկային պարտավորություններ են առաջադրվել՝ ստուգման ակտերի հիման վրա, եւ պետական բյուջե է վերականգնվել լրացուցիչ գումար: Այսօր էլ նշված կազմակերպություններում իրականացվում են ինչպես հսկողական, այնպես էլ օպերատիվ-հետախուզական եւ քրեադատավարական գործողություններ»:
Անշուշտ, պատասխանն ամբողջությամբ հետաքրքիր է ու, բնականաբար, նոր հարցերի տեղիք տվող, սակայն թերեւս առավել հետաքրքրական է պատասխանի մեջբերված հատվածի վերջին տողը, այսինքն` այն, որ այժմ էլ հիշյալ ընկերություններում իրականացվում են քրեադատավարական գործողություններ:
Որպեսզի շարքային ընթերցողին հասկանալի լինի, նշենք, որ քրեադատավարական գործողություններից են, օրինակ, խուզարկությունը, հարցաքննությունը, առերեսումը, փորձաքննության նշանակումն ու փորձագետին կամ փորձագետներին համապատասխան հարցերի առաջադրումը եւ այլն: Շատ հետաքրքիր է, թե հարկային մարմնի կողմից «Վալենսիա» եւ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերություններում հատկապես ինչ քրեադատավարական գործողություններ են իրականացվում եւ ինչու… ՊԵԿ-ից առաջիկայում կփորձենք ստանալ այս եւ այլ հարցերի պատասխանը նույնպես, սակայն մինչ այդ ընթերցողներին ներկայացնենք «Վալենսիա» ընկերության թույլ տված խախտումների առնչությամբ մեզ հայտնի դարձած նաեւ մյուս տեղեկությունները:
Պարզվում է՝ այս ընկերության նկատմամբ վարչական պատասխանատվության մասին ակտ կազմել է ոչ միայն հարկային մարմինը, այլեւ բոլորովին այլ խախտումների համար` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ): Ինչպես տեղեկացանք հիշյալ ծառայությունից, 2012թ. «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ-ում կատարած ստուգումների արդյունքում ծառայությունը հանրային սննդի մասով արձանագրել է նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջների խախտում, ինչի համար ընկերությանը ներկայացվել է կարգադրագիր` արտադրանքի իրացումը կասեցնելու մասին, բացի այդ, նշանակվել է վարչական տուգանք, որի չափը կազմել է 600.000 դրամ:
2012թ. ՀՀ ֆինանսների նախարարությունը տարեկան պետական տուրքը չվճարելու համար կասեցրել է «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ-ին Երեւանի Դավիթաշեն, Ձոր 3, թիվ 1 հասցեում (Հրազդանի կիրճին հարող տարածքում) գարեջրի արտադրության համար անժամկետ տրված 07.04.2010թ. թիվ ՊԼ-5373 լիցենզիան:
Վերահսկողություն իրականացնելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Դավիթաշեն» տարածքային ստորաբաժանման կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացի նկատմամբ՝ ՀՀ վերահսկիչ պալատը (ՎՊ) պարզել է, որ իրավունքի պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում թույլ են տրվել մի շարք խախտումներ: Օրինակ, ըստ ՎՊ-ի, Երեւանի նույն` Դավիթաշեն, Ձոր 3, թիվ 1 հասցեում «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ անվամբ սեփականության իրավունքով 25.11.2002թ. գրանցվել է 10 300 քմ հողամաս` հասարակական կառուցապատման համար: Հողամասում ՎՊ-ի իրականացրած վերահսկողության ընթացքում գրանցված են եղել 217,9 քմ մակերեսով շենք եւ 156,9 քմ մակերեսով շինություններ, սակայն 2005-2007թթ. կառուցվել են ինքնակամ շինություններ, որոնց նկատմամբ իրավունքի պետական գրանցում չի կատարվել, եւ դրանք երկար ժամանակ չեն հաշվառվել գույքահարկի բազայում:
Բնականաբար, եթե չեն հաշվառվել գույքահարկի բազայում, այդ ընթացքում գույքահարկ էլ չի վճարվել: Վերոնշյալ երկու դեպքում էլ ընկերության ձեռքը երեւի, ինչպես ասում են, քարի տակ է եղել: Բայց սա դեռ մի կողմ թողնենք, որովհետեւ այս դեպքում խոսքը չնչին գումարի մասին է` համեմատած այն հարկերի հետ, որոնք չվճարելու համար ՀՀ ՊԵԿ-ի խորհրդայինի հարկային տեսչությունը 2008թ. հունվարի 25-ին կազմել է թիվ 1106930 ակտը, իսկ դրանից հետո պահանջվող գումարը չվճարելու համար դատի տվել «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ-ին: ՀՀ վարչական դատարանն իր 2009թ. ապրիլի 14-ի վճռով բավարարել է տեսչության հայցը՝ ընկերությունից 298.379.400 դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին, իսկ թիվ 1106930 ակտն առոչինչ ճանաչելու պահանջով ընկերության հակընդդեմ հայցը մերժել: 
Չափազանց հետաքրքիր է դրանից հետո հարկային մարմնի կատարած քայլը: Չնայած այն հանգամանքին, որ տեսչության հայցը ՀՀ վարչական դատարանը բավարարել էր արդեն, մինչ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատում ՀՀ վարչական դատարանի հիշյալ վճռի դեմ «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքի եւ թիվ 1106930 ակտն առոչինչ ճանաչելու պահանջի մասին ընկերության հակընդդեմ հայցի քննությունը, ՊԵԿ-ի իրավաբանական վարչության պետը «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ-ի տնօրենի հետ Վարչական դատարանի նշված վճռից շուրջ 3 ամիս հետո` 2009թ. հուլիսի 7-ին, հաշտության համաձայնություն է կնքել:
Վճռաբեկ դատարանը, համարելով, որ հաշտության համաձայնություն կնքելու միջոցով հայցվորի կողմից հայցից հրաժարումը, ինչպես նաեւ հակընդդեմ հայցվորի կողմից հակընդդեմ հայցից հրաժարումը հիմք են սույն վարչական գործի վարույթը կարճելու համար, 2009թ. հուլիսի 24-ի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 14.04.2009թ. վճիռը բեկանել է եւ գործի վարույթը կարճել: Թե «հաշտության համաձայնություն» կոչված այս «բազարի» արդյունքում «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ-ն ավելի քան 298 մլն դրամի որ մասն է վճարել, պետությունը հիշյալ գործարքից շահել է, թե տուժել, կփորձենք պարզել առաջիկայում: Բացառված չէ, որ այս խնդիրը հետաքրքրի նաեւ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությանը: Առավել եւս, որ «Դատալեքս» կայքում չեն տեղադրվել կամ տեղադրումից հետո հանվել են ինչպես ՀՀ վարչական դատարանի հիշյալ վճիռը, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի 24.07.2009թ. որոշումը:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս