Մարտի 6-ին Տավուշի մարզ կատարած այցելության շրջանակներում Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց նաեւ Նոյեմբերյան քաղաք, որտեղ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով հաղթել էր Սերժ Սարգսյանին: Սահմանամերձ Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգին բազմամարդ էր, այստեղ էին ոչ միայն քաղաքի, այլեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները: Ր. Հովհաննիսյանը ձեռքով բարեւում էր ներկաներին, մարդիկ գրկախառնվում էին նրա հետ: Լրատվամիջոցների ներկայացուցիչներից զատ, հավաքը նկարահանում էին ոստիկանական 4 օպերատոր, որոնցից 2-ը՝ ոստիկանության լրատվական ծառայության մակագրությամբ արտահագուստով: Սակայն դա չէր վախեցնում ներկաներին: Ր. Հովհաննիսյանը հայտարարեց. «Նոյեմբերյանը վախ չունի»: Ելույթի ժամանակ նրա հետեւում կանգնած էին նոյեմբերյանցի փոքրիկ տղաներ, որոնց նա կատակով իր թիկնապահներն անվանեց:
Ելույթ ունեցան ԱԺ նախկին պատգամավոր, ծագումով նոյեմբերյանցի Ստյոպա Սաֆարյանը, ծագումով իջեւանցի, Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը, քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ր. Հովհաննիսյանն իր ելույթում ասաց. «Սա ոչ՛ Րաֆֆիի հաղթանակն է, ո՛չ էլ Սերժի պարտությունը: Հայ ժողովուրդն ասաց, որ սա իմ քաղաքն է, սա իմ հայրենիքն է»: Ընդդիմադիր առաջնորդը նաեւ անդրադարձավ արտագաղթի թեմային՝ շեշտելով. «Ով ասում է, թե հայը խոպանչի է, հենց ինքն է խոպանչի», եւ ամոթանք տվեց նման պնդումներ անողներին: Նաեւ խոստացավ, որ ընտրական խախտումներ կատարած պաշտոնյաները պատասխան են տալու` հավելելով. «Ես ինձ կզսպեմ, ես չեմ ասելու՝ ռա՛դ եղեք, ասելու եմ, որ սա նաեւ ձեր հայրենիքն է, բայց դուք ձեզ կարգի՛ հրավիրեք, թե ոչ՝ նախագահականից մինչեւ մարզպետեր, իրավախախտ քաղաքապետեր, դուք պատասխան եք տալու»:
Ր. Հովհաննիսյանը իր ամենամեծ ուժը, վաստակը, նվաճումը համարեց ոչ թե հաղթանակը, այլ այն, որ մարդիկ հավատացին, եւ իր հետ միասին նրանք թույլ չեն տալու, որ որեւէ մեկն այդ հաղթանակն իրենցից տանի: Ր. Հովհաննիսյանը հիշեց, որ առաջին անգամ սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջանում եղել է Վազգեն Սարգսյանի հետ: Նա հայտարարեց, որ հայ ժողովուրդն այլեւս վախ չունի ո՛չ թշնամիներից, ո՛չ էլ հարեւաններից կամ արտասահմանից. «Ամերիկա՛, Ֆրանսիա՛, Ռուսաստա՛ն, պիտի հարգե՛ք հայ ժողովրդի շահը, մեր հաղթանակը, էլի ձեր շահերը մի՛ փնտրեք՝ խեղելով մեր ժողովրդական շարժումը: Օբամա՛, պարո՛ն Պուտին, մսյո՛ Օլանդ, վերանայե՛ք ձեր որոշումները, ժողովրդավարության դաս չտաք Նոյեմբերյանին, Տավուշին, Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ մենք ասում ենք՝ մենք ենք ժողովրդավար, մենք ենք քաղաքացիներ»: Նոյեմբերյանից Ր. Հովհաննիսյանը եւ նրան ուղեկցող անձինք մեկնեցին Բերդ քաղաք՝ հանդիպման:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ